«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԹՎԵՐՆ ԻՐՈՔ ՀԱՄԱՌ ԵՆ ԿԱՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՖՈՒԱԴ ԱԽՈՒՆԴՈՎԻ «ԽՆԴՐԱՆՔՈՎ»

Միջազգային մամուլում «բալթաջի» բառն այլեւս չի թարգմանվում. բոլորը հասկանում են, որ խոսքը «կացնավոր մարդուն»` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին է վերաբերում: Կացինը, մինչդեռ, սույն տականքի ձեռքում հայտնվելուց առաջ հետեւողականորեն «հեսանվել է» եւ շարունակում է ամենօրյա նրբասրման ենթարկվել Իլհամ Ալիեւի աշխատակազմում: Դա հայատյացության եւ պատմության ու իրականության խեղաթյուրման «կացինն» է, որ ճշգրտված պարբերականությամբ հայտնվում է այս կամ այն պաշտոնյայի ձեռքում, որպեսզի նա կրկնի Ռամիլ Սաֆարովի «սխրանքը»: Զոհի դերում Հայաստանն է, հայ ժողովուրդը` իր պատմությամբ, մշակույթով: Ամեն ինչով:

Այս անգամ «բալթաջիի» դերակատարություն վստահվել է իլհամալիեւյան աշխատակազմի ենթաբաժնի վարիչ Ֆուադ Ախունդովին: Առիթը Երեւանի ազատագրման 185-ամյակին նվիրված տոնակատարությունն է: Ախունդովին հայ ժողովրդի պատմությունը հերթական անգամ կեղծելու հարցում բացահայտելու պատիվը մենք թողնում ենք մասնագետներին: Փակագծերում ասենք, որ դա անում ենք` հարգելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հարգարժան տնօրենի` միջնորդավորված մեզ փոխանցած խորհուրդը` «ոչ կոմպետենտ բանավեճի մեջ չմտնել ադրբեջանցի պատմաբանների հետ», եւ սպասում նրա գլխավորած հաստատության մասնագիտական հերքմանը:

Կանդրադառնանք միայն ադրբեջանցի պաշտոնյայի այս դիտարկմանը. «Դատելով անվանումից (Երեւանի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառման- Վ. Ա.), հայերը երդվել են Ռուսաստանի հետ բարեկամության մեջ: Երեւի այդ հավատարմությունը կայանում է նրանում, որ Հայաստանին է պատկանում ողջ հետխորհրդային տարածքում միկրոսկոպիկ չափերով ամենաքիչ ռուսների այնտեղ ապրելու ռեկորդը` հազիվ 2-3 հազ., այն էլ` հիմնականում ռազմական բազաների տարածքում... Ադրբեջանում, օրինակ, ռուսներ 100 անգամ ավելի շատ են ապրում, քան Հայաստանում»:

Նման դեպքերում օգնության է գալիս չոր վիճակագրությունը: 1989թ. խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ-ում բնակվել է շուրջ 53.000 ռուս: 2001-ին այդ թիվը կազմել է 15.000: Նույն տվյալներով, Ադր. ԽՍՀ ռուս բնակչությունը գրեթե 500.000 էր, իսկ 2001-ին`100.000: Հայաստանից եւ Ադրբեջանից ռուս բնակչության միգրացիայի ցուցանիշներն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի օգտին չեն. եթե Հայաստանում ռուսների թվաքանակը նվազել է 3, 5 անգամ, ապա Ադրբեջանում այդ գործակիցը 5 է:

Իսկ առհասարակ երկու երկրներում ազգային փոքրամասնությունների ժողովրդագրական պատկերը բնութագրելու համար մենք դիմում ենք խորհրդային 1926թ. մարդահամարի տվյալներին: Ըստ այդմ, Ադր. ԽՍՀ ողջ բնակչությունը կազմել է 2.314 571, որից թուրքերը` 1.437 977: Այսպիսով, այդ հանրապետության ոչ թուրք բնակչությունը 1926թ. 876.594 էր, որից ռուսները` 220.545 կամ բնակչության շուրջ 10 տոկոսը: Հայ բնակչության մասին, ցավոք, տեղեկություններ չկան: Նույն տարում ՀԽՍՀ ամբողջ բնակչությունը եղել է 880.464, որից հայերը` 743.571: Այսինքն, ՀԽՍՀ ոչ հայ բնակչության ընդհանուր թիվը 1926-ին 136.893 էր, որից ռուսները` 19.548 կամ ավելի քան 10 անգամ պակաս, քան` Ադր. ԽՍՀ-ում:

Նույն տարում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը եղել է 125.300, որից հայերը` 111.694: Պարզ թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ ԼՂ ոչ հայ բնակչությունը 1926 թ. ընդամենը 13.606 էր: Նույն թվականին Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում բնակվել է ընդամենը 104 909 մարդ, որից թուրքերը` 88.700: Նախիջեւանի ոչ թուրք բնակչությունն, այսպիսով, 1926 թ. 16.209 էր: Այսինքն, 2.603-ով ավելի շատ, քան ոչ հայ բնակչություն էր ապրում Լեռնային Ղարաբաղում: Իսկ եթե ընտրենք համեմատության տոկոսային հարաբերակցությունը, ապա պատկերն ավելի ցայտուն կլինի:

Այսպես, 1926 թ. ոչ թուրքերը Ադր. ԽՍՀ ընդհանուր բնակչության ընդհանուր կառուցվածքում կազմում էին շուրջ 33 տոկոս, այսօր` ոչ ավելի, քան` 2: Նախիջեւանի ԻԽՍՀ-ում ոչ թուրքերը 1926 կազմում էին բնակչության ընդհանուր թվի շուրջ 16, այսօր` 0,02 տոկոսը: Այսինքն, 1926- 2012թթ. ժամանակահատվածում այդ հանրապետության բնակչության կառուցվածքում ոչ թուրքերի տեսակարար կշիռը նվազել է շուրջ 20 անգամ:

Սա է իրականությունը: Ընդ որում, ոչ մի վստահություն չունենք, թե անկախ Ադրբեջանի վիճակագրական տեղեկությունները, մանավանդ բնակչության ընդհանուր թվի մեջ էթնիկ փոքրամասնությունների տեսակարար կշռի մասով, գոնե ճշմարտանման են: Իշխող վարչախումբը կեղծում է ամեն ինչ: Այդուհանդերձ, ինչպես գրում է վերլուծաբան Արիֆ Յունուսովը, «ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում Ադրբեջանը կդառնա գրեթե մոնոէթնիկ: Նախիջեւանում եւ շրջաններում դա արդեն փաստ է»: Այս իրողությունը կեղծելու նպատակով է, որ իլհամալիեւյան վարչախումբը Բաքվում կազմակերպում է զանազան «բազմամշակութային» միջոցառումներ, որոնց, դժբախտաբար, ներկա են գտնվում վարձահրավիրված օտարերկրացիներ: Այդ թվում` Ռուսաստանից:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4