«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒԺԵԼ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Շուրջ 10 տարի կլինի, որ «Գյուղական բժշկական օգնություն» ծրագիրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում: Ալիս Մարաշլյանը ծրագրի կամավորներից է: Թեեւ նա բնակվում է Միացյալ Նահանգներում, սակայն դա չի խանգարում նրան ակտիվ մասնակցելու ծրագրին: Ալիսի հետ ծանոթացա ԹՄՄիության «Օգնություն ուսուցչին» ծրագրի միջոցով, սեպտեմբերի 26-ի համարում «Ազգը» անդրադարձել է «Օգնություն ուսուցչին» ծրագրին, որն աջակցում է Թեքեյանի անվան դպրոցների մանկավարժներին: Ալիսն այստեղ էլ մասնակցում է որպես կամավոր, այս մասին արդեն գրել ենք: Իսկ բժշկական ծրագրին անդրադառնանք ստորեւ:

«Գյուղական բժշկական օգնություն» ծրագրի միջոցով Լեռնային Ղարաբաղի շրջանների կենտրոնական հիվանդանոցները կապվում են շրջակա գյուղերի հիվանդանոցներին: Բնակիչներին բժշկական օգնությունը ցուցաբերվում է անվճար: Ծրագրով հատկացված ամբուլատոր մեքենաները, որոնք արդեն հինգն են, գնում են շրջակա գյուղերը, տեղափոխելով նաեւ բժիշկների խմբերին, հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար:

Ալիսը, որն օրերս Հայաստանում էր, նաեւ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, պատմում է` ծրագիրն արդեն ներդրվել է Ասկերանում, Շուշիում, Մարտունիում, Հադրութում ու Մարտակերտում, աջակցությունը կատարում է Վաշինգտոնի Հայկական առողջապահության միությունը, որը ստորագրելով համաձայնագիր Արցախի առողջապահության նախարարության հետ` ձեռնամուխ է եղել ծրագրի կատարմանը:

Ալիսը պատմում է, որ ի սկզբանե սա եղել է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) պիլոտային ծրագիրը, որը երբ մոտեցել է ավարտին, Հայկական առողջապահության միության բժիշկներից մեկն առաջարկել է, որ միությունը շարունակի ծրագիրը:

Ալիսը նույնպես ընդգրկված է Հայկական առողջապահության միությունում եւ ասում է, որ մարդասիրական ծրագիրը շարունակելու համար առանց շարունակական դրամահավաքների միայն միության ֆինանսական միջոցները չեն բավականացնի:

«Իսկ տրամադրված ֆինանսական բոլոր միջոցներն ուղղվում են միայն մարդասիրական նպատակներին», ավելացնում է զրուցակիցս, որը հանրային առողջապահության մասնագետ է եւ Միացյալ Նահանգներում դասավանդում է միգրանտների հիվանդանոցում: Միայն Մարտակերտի շրջանում ծրագրին նաեւ միացել է Հայ-գերմանական բժիշկների միությունը:

Ալիսն ասում է, որ իրենք դեղորայքը հիվանդներին տալիս են անվճար, Հայկական առողջապահության միությունը դեղորայքը ձեռք է բերում Հոլանդիայից:

Բժիշկների ու կամավորների աշխատանքը տարիների ընթացքում կարողացել է ոչ միայն բուժել բազմաթիվ հիվանդների, այլեւ բնակչությանը ներշնչել վստահություն բուժաշխատողների հանդեպ: Արցախի բնակիչների հետ հանդիպելուց հետո Ալիսն ընդգծում է, որ մարդիկ վստահում են ծրագրին ու իրենց բժիշկների նշանակած բուժումներին: Գյուղերի բնակիչներին բժիշկների այցելությունները լինում են խմբերով, որոնց մեջ ընդգրկվում են տարբեր մասնագիտացումներով բժիշկներ` թերապեւտ, գինեկոլոգ, մանկաբույժ ու բժշկական մի ասիստենտ: Իսկ ծրագրում ներգրավված բժիշկները Հայաստանից ու Արցախից են:

Հայկական առողջապահության միությունը Վաշինգտոնում պարբերաբար ստանում է հաշվետվություն կատարված աշխատանքի ու բնակչության առողջական վիճակի վերաբերյալ: «Ըստ այդմ էլ կազմակերպում ենք մեր հետագա աշխատանքներն ու հանգանակությունը», նշում է զրուցակիցս:

Ծրագրի փորձը նաեւ ցույց է տվել, թե որ հիվանդություններն են Լեռնային Ղարաբաղում ամենատարածվածը: Դրանք են արյան գերճնշումը, շնչառական հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ, ինչպես զրուցակիցս է նշում, ամեն մարդ մեջքի ցավ ունի:

Հաշվի առնելով բնակչության առողջական կարիքներն ու անհրաժեշտությունը նրանց օգնելու` «Գյուղական բժշկական օգնություն» ծրագիրը լինելու է շարունակական: «Ավելին` ժամանակի ընթացքում զարգանալու է, մտադիր ենք կիրառել նաեւ հեռուստաբժշկություն», ավելացնում է Ալիս Մարաշլյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նկար 1. Ձախից Ալիս Մարաշլյանն է Ասկերանի շրջանի բուժաշխատողների հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4