«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԱԴՐԲԵՋԱՆ. ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԻ ԱՆՏՐԱԿՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Անցյալ տարի Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ Գյոլար Ահմեդովայի դիմում-բողոքի հիման վրա ձերբակալվել, ապա կալանքի էր ենթարկվել ընդդիմադիր «Խուրալ» թերթի խմբագիր Էյվազ Զեյնալովը (լրագրողական ազգանունը` Զեյնալլի): Պատգամավորը բողոքել էր, որ Զեյնալովը իրենից «խոշոր չափերի հասնող գումարի կաշառք է պահանջել»: Ըստ քրգործի նյութերի, Զեյնալովը պատգամավորից գումարներ է պահանջել «կապված իր մասնագիտական գործունեությունը չարաշահելու կանխամտածված գործողություններ իրականացնելուց հրաժարվելու շահագրգռվածության հետ»:

Անիմաստություն հուշող այս ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ Զեյնալովը Ահմեդովային «գործարք է առաջարկել` առանձնապես խոշոր չափի գումարներ ստանալու դիմաց նրա մասին հրապարակումներ չանելու համար»: Սույն հարցով դատաքննություն է ընթանում: Վերջերս, սակայն, Զեյնալովի գործում ստեղծվել է բավական հետաքրքրական իրավիճակ: Համացանցում հայտնվել են Գյուլար Ահմեդովային դրամաշորթության մեջ բացահայտող տեսահոլովակներ, եւ դատախազությունը ստիպված է եղել քրգործ հարուցել:

Օգտվելով իր համար բարենպաստ դրությունից, անցյալ երեքշաբթի ընդդիմադիր խմբագիրը դատական հերթական նիստում միջնորդություն է ներկայացրել, որպեսզի քրգործը կարճվի եւ իրեն դատարանի դահլիճից ազատ արձակեն: Միջնորդությունը Զեյնալովը հիմնավորել է նրանով, որ դատական նիստին չէին ներկայացել մեղադրող կողմի գլխավոր վկաները` Գյուլար Ահմեդովայի որդի Թողրուլ Ահմեդովը եւ «Ազերի-թուրք կանանց միավորում» ՀԿ-ի նախագահ Թանզիլյա Ռուստամխանլին: Վերջիններիս բացակայությունը դատավորը բացատրել է, թե «նրանք գտնվում են արտասահմանում»: Եւս մեկ դատավկա, ինչպես պարզվել է դատաքննության ընթացքում, դեռեւս ս.թ. փետրվարի 2-ին Բաքու-Դուբայ չվերթի ինքնաթիռով հեռացել է եւ այլեւս Ադրբեջան չի վերադարձել:

Մեղադրյալ Զեյնալովը բացատրություն է պահանջել, թե ինչո՞ւ դատարանը չի արգելել վկաների մեկնումն Ադրբեջանից դատաքննության ընթացքում: Այնուհետեւ նա հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունքներ տալուց, քանի որ գլխավոր հայցվոր Գյուլար Ահմեդովան եւ նրա որդին, ինչպես նաեւ մեղադրող կողմից ներգրավված վկաները չեն մասնակցում դատաքննությանը: Հիշեցնելով Գյուլար Ահմեդովային դրամաշորթության մեջ բացահայտող տեսահոլովակների եւ այդ կապակցությամբ հարուցված քրգործի փաստերը, Զեյնալովը միջնորդել է, որ իր հանդեպ գործը կարճվի: Պետական մեղադրող Ռամազան Խադիեւը, սակայն, բողոքարկել է մեղադրյալի միջնորդությունները, իսկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը: Հերթական դատական նիստը նշանակվել է ս.թ. հոկտեմբերի 18-ին:

Ահա եւ` կատարյալ աբսուրդ. առանց վկաների մասնակցության եւ, բնականաբար, նրանց դատական ցուցմունքների, դատում են ընդդիմադիր թերթի խմբագրին, որի հանդեպ քրգործ հարուցվել է դրամաշորթության մեջ բացահայտված` Միլլի մեջլիսի արդեն նախկին պատգամավորի հայցով, որն իր հերթին տեսահոլովակների նյութերով հարուցված քրգործով առայժմ ներգրավված է որպես... վկա: Ըստ երեւույթին, վարչախմբի վրա մեծ ազդեցություն է գործել facebook-ի անանուն պրոֆայլից Իլհամ Ալիեւի հասցեին Գյուլար Ահմեդովայի հնչեցրած սպառնալիքը. «Եթե ստիպեն, որ ես բերանս բացեմ, ապա ձեր շրջապատում շատերը կխայտառակվեն»:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4