Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում շարունակվել են երկկողմ հանդիպումները:
ՌԴ կառավարությունում տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Քննարկվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը մտքեր փոխանակեցին անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջը, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Այնուհետեւ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Նշված հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի վերջին պաշտոնական հանդիպումը ՌԴ պետական սահմանի կահավորման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի հետ էր: Արթուր Բաղդասարյանը եւ Դմիտրի Բեզդելովը քննարկեցին Հայաստանում ՌԴ գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որի լուծումը մեծապես կնպաստի ՀՀ պետական սահմանի հայ-թուրքական եւ հայ-իրանական հատվածների պահպանման համակարգերի վերազինման եւ արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը: