1 տարվա ազատազրկում փուչիկները վաճառողին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հրապարակվեց «Փուչիկների գործով» դատավճիռը: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման: Պաշտպանական ճառում Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանն ասաց, որ ամբաստանյալը քաղցկեղով հիվանդ է, քիմիոթերապիայի կուրս է անցել, վիրահատվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել բարելավմամբ, նրա անչափահաս 9-ամյա որդին վատառողջ է:
Պաշտպանական կողմը մի քանի անգամ դատարանին տեղեկացրել է, որ Սերոբ Բոզոյանը նախընտրական միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է մեթան գազով փուչիկների լիցքավորման դեպքում ծագող վտանգի մասին, խորհուրդ տալով փուչիկները լիցքավորել հելիումով. վճարը կլինի մի քանի անգամ թանկ, սակայն անվտանգ: Թեպետ պաշտպանը միջնորդել էր, որ դատարանը վճիռ կայացնելուց նշանակի ազատազրկման հետ չկապված պատիժ, սակայն Գագիկ Պողոսյանը դա հաշվի չառավ:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ինՙ խորհրդարանական ընտրությունների վերջին օրվա հանրահավաք-միջոցառման ժամանակ գազալիցքավորված փուչիկները պայթել էին, ինչի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձ: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովՙ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ հատկանիշներով: Փուչիկները լիցքավորած անձինՙ Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի երկրորդ մասովՙ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը հատկանիշներով:
Ինչպես դատարանում, այնպես էլ առանձին լրագրողներին, Կարեն Մանուչարյանն ասաց, որ Բոզոյանը տեղեկացրել է, որ փուչիկների պատվիրատուն իմացել էՙ ի՞նչ է պատվիրում եւ ինչպիսի՞ վտանգ կարող է ծագել: Պատվիրատուին նախապես զգուշացվել է, որ փուչիկներն իրարից առանձին ավելի բարձր եւ կրակից հեռու պետք է պահել, մինչդեռ կազմակերպիչնեը հակառակն են արել: Հիշեցնենք, որ Բոզոյանին փուչիկներ պատվիրել է Հանրապետական կուսակցությունը, թե կոնկրետ ո՞վՙ ոչ հանրապետականներն են ասում, ոչ էլ Բոզոյանը:
«Բոզոյանը ոչ մեկի անունը չի նշում, բայց պաշտպանյալս կազմակերպիչներին հայտնել է, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ըստ երեւույթին, նա պարզապես պետք է հրաժարվեր կատարել այդ գործողությունը եւ զղջում է, որ համաձայնել է լիցքավորել», ասում է փաստաբանը: Գործով պարզվել է, որ Բոզոյանին պատվիրատունՙ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, Հանրապետության մետրոյի մոտ վճարել է 770000 դրամ 7000 փուչիկի համար: Պարզ թվաբանական հաշվարկի պարագայում պարզ է դառնում, որ մեկ փուչիկի համար վճարվել է 110 դրամ, երբ հելիումով փուչիկները լիցքավորվում են 1000 դրամով: Այսինքն, գրեթե տասը անգամ թանկ, եւ ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ շատ քանակի դեպքում, անգամ եթե պատվիրատուն հարուստ է, հաստատ զեղչը 90 տոկոս չի լինի եւ նույն գումարը չի կազմի: Ստացվում է, որ պատվիրատուն որոշել է փող խնայելՙ այդ կերպ վտանգելով տարբեր դպրոցներից բերված բազմաթիվ երիտասարդների կյանքը:
Ըստ որոշ լուրերի, փուչիկների գործարքը կատարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Հենց նա էր միջոցառման կազմակերպիչներից մեկն, ու այդ օրվա տեսագրություններում պարզ երեւում է, որ նա է փուչիկները բաժանում երիտասարդներին, նրանց հետ քայլելով գալիս դեպի հրապարակ եւ արդեն պայթյունից հետո ոմանց վրա գոռում, թե ծափ տվեք կամ շարժվեք, կամ փուչիկները վերեւ պահեք: Ինչեւէ, եթե անգամ Ավագյանը չէ այն անձը, որ վճարել է փուչիկների համար, նրան, բնականաբար, պետք է տեղյակ պահեին գործարքի մանրամասների մասին: Եթե, ինչպես Ավագյանն է ասում, կատարվածի հետ կապ չունի, նշանակում է ինքն ավելի վատ կազմակերպիչ է, որ իրեն տեղյակ չեն պահում, թե փուչիկներն ինչով են լցվում:
Երեկ համացանցը ողողված էր հանրապետական ջահելների ամենատարբեր մեկնաբանություններով, որ իրենք մեղավոր չեն, որ իրենք սատարում են ուրիշներին, որ իրենք կապ չունեն եւ այլն, եւ այլն: Ավելին, Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում պայթյունից մի քանի օր անց գրել էր, որ կատարավածի համար բարոյական պատասխանատվություն կրում են բոլորը:
Զարմանալի մտածելակերպ է, իսկ հասարակությունն ի՞նչ մեղք ունի, որ գումար խնայելու համար վտանգվել է այլոց առողջությունն ու քաղցկեղով հիվանդ մարդն էլ դարձել է քավության նոխազ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ