«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

«Հայաստան» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի «Այսքանը իմ կյանքից» հուշագրությունը: Երկու տարի առաջ կյանքից հեռացած բանաստեղծը երազում էր կենդանության օրոք տեսնել իր գիրքը, որ լի է դառնությամբ ու թախիծով, գիրք, որն ամփոփում է Դուրյանի անցած ոչ միայն դառը կյանքը, այլեւ` բուռն ստեղծագործական ուղին:

Թեեւ Դուրյանը ծնվել է Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղում, բայց նախնիները անեցիներ էին: Ամեն անգամ նրա հետ զրուցելիս հաճախ էր հուզմունքով պատմում քաղաքամայր Անիի ու համբավավոր անեցիների` Ռափայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի ու էլի շատերի մասին, հպարտության զգացում էր ապրում իր արմատների համար: Գուցե այդ հպարտությունն էր մղել նրան գրելու «Անի» պոեմը, որ ասես հարգանքի տուրք ու հավերժ հուշարձան լինի իր հեռավոր անեցի նախնիների հիշատակին:

Գիրքը, ըստ էութայն, կարելի է երկու մասի բաժանել: Առաջին բաժնում բանաստեղծի դառն ու որբացած մանկությունն է, կյանքի անուրախ օրերն են հառնում ամեն մի տողից, անմայր ապրելու ցավագին ճակատագիրը, որ ավելի ուշ հրաշալի արտահայտվել է Դուրյանի պոեզիայում: Տասնամյակներ գրի առած հուշերում հառնում են Դուրյանի ծնողների կերպարները, որոնք առաջնորդել են նրան ամբողջ կյանքում, լույսի ու հույսի շող սփռել նրա ստեղծագործական ուղուն:

Հուշագրության երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված է նրա գրական-ստեղծագործական գործունեությանը: Հիշում է բանաստեղծը, թե ինչպես Երեւանի Միչուրինի անվան գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց եւ աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո, նրան հնարավորություն ընձեռվեց մեկնելու Մոսկվա` սովորելու Գորկու անվան գրականության ինստիտուտում: Իր հուշերում մտաբերում է մոսկովյան հանդիպումները Սեւակի հետ, այնքան գեղեցիկ է նկարագրում Դուրյանն այդ հանդիպումները, որ կարծես դրանք կենդանի ֆիլմից վերցված հատվածներ լինեն: Դուրյանը, սակայն, առավել արժեւորել է իր հանդիպումները հատկապես Վարպետի` Իսահակյանի ու Շիրազի հետ: Հուշագրություններում բանաստեղծը նկարագրում է, թե ինչպես է Վարպետը կարդացել իր տպագրած առաջին բանաստեղծությունները` ասելով. «Էս տղին բերեք մոտս տեսնեմ, հոգում աստվածային կայծ ունի, ազնիվ խմորից է շաղախված»: Այդ մասին Դուրյանին ասել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, որն առաջարկել է անպայման այցելել Վարպետին: Ու թեեւ սկզբում Դուրյանը երկմտել է, բայց հետո համաձայնել այցելել` վստահելով ու հավատալով ազնվամիտ Աղաբաբյանին:

Ահա մի հատված Լյուդվիգ Դուրյանի «Այսքանը իմ կյանքից» գրքից. «Կատարվել էր աներեւակայելին, պատկերացնում եք, ես Իսահակյանի հարկի ներքո էի... Նախ մտանք մի ընդարձակ ճաշասենյակ, որի հատակին փռված էր լայնչի գորգը: Գորգը արեւելյան զարդավառք էր արտաշնչում, քիչ պատուհանին մոտ, ձվաձեւ հսկա սեղան էր դրված, մեջտեղում սկուտեղ` ծիրաններով լեցուն: Մենք կանգնած էինք, շատ չանցած հայտնվեց Աստվածը` Վարպետը, տնային զոլավոր արտահագուստով, շարժումն արագ, բայց մեջքը` քիչ կոր: Բարեւեց Աղաբաբյանին, բայց ինձ կարծես չտեսավ...

- Այս էլ Լյուդվիգը,- խոսեց Աղաբաբյանը:

- Լավ է, լավ է, - ասելով աթոռին նստեց Վարպետը:

Նստեց նաեւ Աղաբաբյանը, ես դեռ կանգնած էի, Վարպետը ձեռքը երկարացրեց ծիրանին, վերցնելու պահին թույլ կակազով դիմեց.

- Նստիր երիտասարդ, ծիրան կեր:

Ես նստեցի, նորից խոսեց, արդեն նայելով ինձ.

- Քնյուտ Համսունի «Պանը» կարդացե՞լ ես...- զարմացա, որ ուրիշների պես չասաց` ինձ կարդացե՞լ ես... Բախտս բերեց, կարդացել էի, հենց իր թարգմանությամբ...

- Քո տարիքում քչերն են կարդացել,- ուրախացավ, հետո մատը երկարացրեց ինձ. «Է՜ն, է՜ն Հովիկի մասինը կարդա, լավն էր, ժողովրդականին մոտեցող շունչ կար մեջը, այդ շունչը մեծացրու, ճամփադ չթեքես, ականջդ միշտ ժողովրդի կողմն արա, ամեն ինչ կանցնի, ժողովրդականն է ճիշտը»:

Այդ բախտավոր օրվա առիթով ես շնորհակալությունս հայտնեցի պաշտելի Սուրեն Աղաբաբյանին, հետո բախտավոր երանությամբ թափառեցի փողոցներում... Բայց, այո, ձմեռ էր, ու հիմա, պառկել էի Ղալաչա գյուղի խաղաղիկ տանը, մեջքիս, ձեռնափերս գլխիս տակ ու արդեն հեկեկում էի, երջանիկ հեկեկում, որ գոնե իմ դժբախտ օրերի մեջ ապրել եմ երկու երջանիկ օր, ունեցել եմ Իսահակյանի եւ Շիրազի հետ ծանոթանալու, նրանց լսելու անընդգրկելի բախտը»:

Հուշագրություններում Լյուդվիգ Դուրյանը մանրամասն նկարագրում է հրատարակչությունում իր աշխատանքային գործունեությունը, վերհիշում գրչակից ընկերներին, ում հետ ստեղծագործական մի ամբողջ ճանապարհ է անցել: Մտաբերում է հայ այն կոմպոզիտորներին, ովքեր իր խոսքերով տասնյակ երգեր են ստեղծել, երգեր, որոնք սիրելի դարձան ժողովրդի կողմից ու մինչ օրս հնչում են բազում բեմերից: Այդ հուշերն ավելի ամբողջական ու հյութեղ են դարձնում նրա անցած ստեղծագործական ուղին:

Հրաշալի մի հուշապատում է վավերացրել Լյուդվիգ Դուրյանը: Այն անվանի բանաստեղծի կյանքն ու գործը հավերժացնող հրաշալի հուշարձան է, որն անկասկած մարդասիրության ու բարության, արժանապատվության ու պատվախնդրության խորհրդանիշ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր դժվարություններով լի ցավախառն կյանք են ունեցել: Եվ, հիրավի, Լյուդվիգ Դուրյանին, նրա ապրած կյանքն ու անցած ստեղծագործական ուղին լավ ճանաչելու համար այս գիրքը թերեւս ամենալավ ուղեցույցն է, որի համար ըստ արժանին պիտի մատուցել բանաստեղծի դստերը` Սիրանուշին, ով տպագրության է պատրաստել այդ ինքնատիպ գիրքը` դրանով հավերժացնելով հոր` անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի հիշատակը:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4