2012 թվական: Աշուն: Հոկտեմբեր: Սոչիի «Էվելինա» ռեստորանը, որտեղ այդ երեկո որոշեցինք ընթրել, այդ շաբաթ օրը նույնպես մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել, զվարճանում էին: Սովորականից տարբերվողը երեւի աղջիկների առատությունն էր, որն ընդգծվում էր գրեթե բոլոր սեղաններին: Ռուսերեն բացականչություններ, զվարճանք, ծխախոտի անխնա գործածում, ռիթմիկ երաժշտության տակ սեփական բարեմասնությունների ցուցադրում, մի խոսքովՙ այն սովորականը, ինչը մեր օրերում կարելի է անվանել զվարճանք: Զվարճանք, որի մեջ ամբողջովին արտացոլված էր Ռուսաստաննՙ իր թեթեւ, իսկ շատ դեպքերումՙ թեթեւաբարո ապրելակերպով, այդ ապրելաձեւի բոլոր արտահայտչամիջոցներով: Որոշ նշաններից կարելի էր եզրակացնել, որ զվարճացողների մեջ քիչ չեն նաեւ հայերը. դա հիմնավորվում էր նաեւ «ռաբիս» տեսակին պատկանող որոշ հայկական երգերի պատվիրման փաստով:
Քրքիջների անվերջ այս շղթան մի պահ ընդհատվեց եւ ամեն ինչ կերպարանափոխվեց, երբ բոլորիս համար անսպասելիորեն, չգիտես ում պատվերով, հնչեց Կոմիտասի հռչակավոր զուգերգըՙ «Ալ այլուղը»: Ասես մի գերբնական ձգողությամբ, բոլոր սեղաններից մեկտեղվեցին գրեթե բոլոր աղջիկները: Պարզվեց, որ ներկաների մեծագույն մասը հայուհիներ էին: Մնացյալ հատուկենտ ռուսները եւ հայազգի երիտասարդները մնացին տեղերում: Հավաքվելով պարահրապարակումՙ աղջիկները կազմեցին մի մեծ շրջան, եւ սկսվեց պարը: Մի կախարդական, մի ապշեցուցիչ տեսարան. Կոմիտասի անմահ հնչյունների տակ քարացել էր ողջ ռեստորանը, անգամ ռուս մատուցողներն էին մի պահ թողել ամեն ինչ, շարվել եւ դեմքերը զարմանքախառն բավականություն դարձրածՙ նայում էին: Իսկ աղջիկների պարն ուղղակի ցնցող էր. մի քանի քայլ առաջ, որոշ քայլ հետ, այնուհետեւՙ կենտրոնում կիպ մոտենալ իրարՙ վեր պարզած ձեռքերով: Հուզմունքի, հպարտության, ափսոսանքի զգացումն էր համակել ինձ ու ընկերոջս: Ավելի ստույգՙ կորցրածի ահռելիության գիտակցումն էր, որ կատաղության չափ ազդեց մեր վրա. Հայաստա՞նն էր բոլորին նետել այս օտար ափը, հավերժորեն բաժանել իրենից ու իրարից, թե՞ այս աղջիկների նախնիներն էին Հայաստանը նետել, հանել իրենց մտքից եւ հոգուց, դժվար էր ասել:
Պարզորոշ էր, որ աղջիկները պարուհիներ չէին, իրենց ընկեր-հարազատների հետ նստած լինելով տարբեր սեղանների մոտ, ծագմամբ նույնպես տարբեր էին. փոքր հարցախույզը կարող էր նրանց մեջ հայտնաբերել ե՛ւ համշենահայուհիներ, բնականաբարՙ Աբխազիայի ափերում ապրողներ եւս, ե՛ւ Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից բռնագաղթածների սերունդներ... Իր սքանչելիությամբ հատկապես առանձնանում էր սպիտակ շորեր հագած մի օրիորդ, հազիվ 20 տարեկան: Իհարկե, հազիվ թե նա գիտակցեր, որ նրա զգեստը կոմիտասյան զուգերգում տղայի խնդրանքի, այն էՙ «Սեւո՛ւկ աղջիկ, սիպտակ հագիր», արձագանքն էր: Բարձրահասակ, սեւահեր, սեւաչյա այդ գեղեցկուհին շատ էր նման վանեցի հայուհու այն կերպարին, որը ռուսական զորքիՙ 1915 թ. Վան մտնելու օրերին իր հուշերում նկարագրել էր ռուս կազակական սպա Ֆ. Ելիսեեւը:
Կոմիտասյան երգը մի պահ վերջիններիս մեկտեղեցՙ արթնացնելով բոլորի մեջ Հայաստանը: Հոգեբան պետք չէր լինել հասկանալու համար, որ աղջիկների պարը մեխանիկական էր. պարում էինՙ չհասկանալով, թե ինչ են պարում, չհասկանալով, թե ով են իրենք, չըմբռնելով, թե համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող ինչ զարմանահրաշ երգ է իրենց պարեցնում: Բնազդն էր դա, ավելի ճիշտՙ հայոց գենի ուժը, որը մի պահ շողաց, միայն մի պահ պոռթկացՙ լուսավորելով Սոչիի այդ անկյունը, ապշեցնելով, քարացնելով ներկաներին: Այսպես մի պահ երեւաց Հայաստանը, երեւաց հայոց մշակույթի ուժը, երեւացՙ խորացնելու իմ եւ ընկերոջսՙ Իշխանի այն ափսոսանքի չափը, որ մենք զգում էինք այդ քաղաքում ամեն քայլափոխի, ամեն րոպե, երբ ամեն անգամ տեսնում էինք միլիոնավոր դոլարների, շքեղ հյուրանոցների, հանրախանութների, ավտոմեքենաների եւ հայրենիքի հանդեպ «տիտանական» անտարբերության տեր մեր հայրենակիցներին:
Մի քանի րոպե տեւեց այս ամենը. երգն, ինչպես անապատում մի քրտնաչափ ջուր, ինչպես խավարի մեջ ցոլացող ասուպի մի բեկոր, դադարեց: Ապշած եւ հուզված ներկաների առաջ աղջիկներն ուրախ ծափահարեցին եւ ցրվեցին դեպի տարբեր սեղաններ: Սկսվեց հաջորդ երգը. ռուսերեն ձայնարձակումների ներքո աղջիկները նորից հավաքվեցին պարելու, բայց այս անգամ Հայաստանը չկար եւ այդպես էլ չերեւաց... Աղջիկներն, ինչպես Մեծ Հայաստանի մի-մի մասնիկՙ հեռացան իրարից, օտար հնչյունների տակՙ յուրաքանչյուրն իր տարերքի մեջ էր, իր վայելքների եւ հեշտանք հիշեցնող ուրախության մեջ: Երեւի հայրենի հողի բացակայությունից էր, թե այլ պատճառներ կայինՙ չգիտեմ, մի բան փաստ էր, որ մի պահ հաղթանակած հայոց գենը նորից տեղի էր տվել նրանց մեջ, պարտվել, հետ քաշվելՙ ասպարեզը թողնելով ոչ թե ռուսականին, այլՙ դատարկությանն ու ամայությանը, քանզի գենը երբեք չի մեռնում, երբեք չի փոխարինվում, այլՙ խեղվում, հիվանդանում էՙ երկարատեւ, երբեմն հավերժական հիվանդությամբ:
Հայաստանն այլեւս մասնատված էր նաեւ Սոչիի «Էվելինա» ռեստորանում, վերջինիս բզկտված մասնիկներն ընկած էին օտար տիրապետության տակ, իսկ նրանց միավորող կոմիտասյան երգը վաղուց արդեն լսվում էր միայն իմ եւ ընկերոջս ականջներին:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ, Սոչի-Երեւան