«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Ֆրանկֆուրտում բացված գրքի միջազգային ցուցահանդեսը կրկին իր ցուցադրական տարածքում համախմբել էր աշխարհի խոշորագույն հրատարակչական ընկերություններին: Արդեն ավանդաբար եվրոպական խոշորագույն ցուցահանդեսին ներկայանալի տաղավարով մասնակցել է նաեւ Հայաստանը: Հայկական տաղավարը եվրոպացի ընթերցողներին է ներկայացել նոր գրահրատարակչական ծրագրերի ու նորատիպ գրքերի շնորհանդեսների հագեցած ծրագրով:

Հայաստանն այս տարի մասնակցել է երկու` մեր երկիրը ներկայացնող հիմնական եւ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տաղավարներով: ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ ցուցահանդեսի տնօրենությունն անվճար տաղավար է հատկացրել գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կրող բոլոր քաղաքներին, որի պատվին առաջինն արժանացել է Երեւանը:

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը բազմաբնույթ միջոցառումներով ու շնորհանդեսներով նպաստել է հայ գրքի քարոզչությանը: Տոնավաճառի այցելուների գնահատմանն է ներկայացվել վերջին տարիներին Հայաստանում տպված եւ առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Տեղի է ունեցել առանձին միջոցառում «Ժամանակակից գրականությունը Հայաստանում եւ հայերի մասին» խորագրով, որում, ի թիվս այլ գրքերի, ներկայացվել են հայ-գերմանական համագործակցության արդյունքը` «Արդի հայ պոեզիա» գերմաներեն եւ «Վերջապես անցան սառը օրերը» հայերեն-գերմաներեն ժողովածուները, «Արդի հայ պոեզիա» ֆրանսերեն եւ «Արդի հայ արձակ» անգլերեն ժողովածուները, ինչպես նաեւ` Արցախի պատմությունն ու մշակութային համապատկերը ներկայացնող նոր հրատարակությունները, այդ թվում Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն պատկերագիրքը եւ «Արցախ` հայ արվեստի ու ավանդույթների պարտեզ» երկլեզու (ֆրանսերեն,անգլերեն) գիրքը:

«Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. իրականացվող միջոցառումներ եւ հրատարակվող գրքեր» միջոցառման ընթացքում ներկայացվել են «Գրական տապան» հայաստանյան գրական փառատոնն ու «City Books» նախագիծը:

Տաղավարում բացառիկ նորույթ էր «Տես քեզ հայերեն» նախագծի ներկայացումը: Այն ուղղված է հայերեն այբուբենի հանրայնացմանը եւ հայերեն տարբեր տառատեսակների օգտագործմամբ պատկերում է հայ եւ այլազգի հայտնի մարդկանց դեմքերը: Այդ պատկերներով ձեւավորված է նաեւ ամբողջ տաղավարը: Նախագծի հեղինակ Առնո Կուռը հենց հայկական տաղավարում է պատրաստել այցելուների դիմանկարները հայերեն տառերով:

Ցուցահանդեսի մասնակից հայ հրատարակիչները ունեին իրենց առանձին բաժինները հայկական տաղավարում: Հայաստանյան պատվիրակության կազմում բացի հրատարակիչներից, ընդգրկված էին նաեւ գրական գործակալներ, երիտասարդ գրողներ Հասմիկ Սիմոնյանը եւ Հովհաննես Թեքգյոզյանը:

«Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4