«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 50 ՏԱՐԻ ԱՆՑ

1962 թ. կուբայական ճգնաժամի ցարդ անծանոթ էջը

Հակառակ մինչ օրս հրապարակված փաստերի եւ լրագրողների իրազեկվածության, 1962 թ. Կուբայում տեղադրված ռուսական հրթիռների առնչությամբ ստեղծված ճգնաժամը չի ավարտվել Մ. Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ այդ տարվա հոկտեմբերին ստորագրված համաձայնագրով, որով ռուսական կողմը պարտավորվում էր դուրս բերել հրթիռները:

Այժմՙ հիսուն տարի անց, BBC News Magazine-ի լրագրող, Wild Iris TV-ի պրոդյուսեր Ջո Մեթյուզը բացահայտել է իր ռուս գործընկերոջ հետ, որ այդ ժամանակ Կուբայի տարածքում դեռ գտնվել են 100 միջուկային այլ զենքեր, որոնց համար պահանջվել է կազմակերպել ռուսական խելամիտ մի առաքելություն, որը ղեկավարել է հայազգի մեծագույն դիվանագետ Անաստաս Միկոյանը: Ստորեւ թարգմանաբարՙ նրա հոդվածը: Բայց մինչ այդ նշենք, որ 1952 թվին հրատարակված Դոնալդ Ռոբինսոնի «Աշխարհի հարյուր ամենակարեւոր մարդիկ» գրքում հեղինակը Միկոյանին բնութագրում է որպես ճարպիկ, խորամանկ, պատրաստված, հումորի զգացում ունեցող «լավ գործարարի, որից պետք է հեռու մնալ»: Այդ ժամանակ Միկոյանը եղել է ԽՍՀՄ արտաքին առեւտրի ժողկոմ (1938-1946 թթ.), Հայրենական պատերազմի ժամանակ նաեւ Կարմիր բանակի մթերա-իրային մատակարարման կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ պաշտպանության պետկոմիտեի անդամ եւ 1946-1955 թվերինՙ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:

«2011 թվի նոյեմբերին իմ ռուս գործընկեր Պաշա Շիլովի համագործակցությամբ հայտնաբերեցի նյութեր, որոնք փոխեցին մեր ունեցած պատկերացումները այդ ժամանակվա ճգնաժամի վերաբերյալ:

Հասակ առնելով Բերքշիրում (Անգլիա) եւ վերապրելով 1980-ական թվականների միջուկային հիստերիայի օրերը, երբ Ռոնալդ Ռեյգանի «Կրուիզ» եւ «Պերշինգ» հրթիռները տեղադրված էին մեր տնից ընդամենը 30 մղոն հեռավորության վրա, իմ մտքում տպավորվել է սառը պատերազմի եզրին գտնվելու սարսափելի զգացումը:

Մոսկվայում ծնված Պաշան, նույնքան սարսափելի ու մտահոգիչ օրեր է ապրել: Բայց այն, ինչ մենք միասին վերջերս բացահայտեցինք 1962 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հավանաբար ավելացրեց մեր գլուխների սպիտակ մազերի թվաքանակը:

Մեր հետազոտությունները Սանկտ Պետերբուրգ տարան մեզ, որտեղ «Սովետական վետերան սուզանավորդների ընկերություն» ռուսական արխիվների տնօրեն Սվետլանա Սավրանսկայան բաց արեց մեր առաջ անհավատալի մի պատմություն: Պարզվեց, որ վերոնշյալ համաձայնությունից հետո մի երկրորդ, ցարդ գաղտնի պահված ճգնաժամ էլ է եղել, որը տեւել է մինչեւ նոյեմբերի վերջը, եւ որը սպառնացել է դառնալ միջուկային պատերազմի սկիզբը Մ. Նահանգների եւ Խ. Միության միջեւ:

Մինչ այդ ենթադրվում էր, որ հոկտեմբերի 27-28-ին ավարտվեց ճգնաժամը եւ վտանգը չեզոքացավ Քենեդու եւ Խրուշչովի միջեւ համաձայնության ստորագրությամբ: Այդ համաձայնագիրը նախատեսում էր Մ. Նահանգներիՙ Կուբա չներխուժելու խոստումի փոխարեն դուրս բերել Կուբայից խորհրդային հրթիռները:

Երկրորդ ճգնաժամը, պարզվում է, արդյունք էր ինչպես Խորհրդային Միության երկդիմության, այնպես էլՙ ամերիկյան հետախուզության անձեռնհասության եւ Ֆիդել Կաստրոյի հախուռն խառնվածքիՙ բոլորն իրար հետ:

Խիստ վիրավորված, որ դուրս էր մնացել գերտերությունների միջեւ ընթացող բանակցություններից, Կուբայի առաջնորդը դադարեցրել է համագործակցությունը Մոսկվայի հետ: Վախենալով, որ այդ խզումը ճակատագրական կարող է լինել, Խորհրդային Միության առաջնորդը մտահղացել է մի նոր ծրագիր, որպեսզի սիրաշահի Կաստրոյին: Այդ ծրագիրը նախատեսում էր որպես «պարգեւ» Կուբային նվիրել 100 տակտիկական նշանակության միջուկային զենքեր, որոնք թեեւ հեռահար մյուս հրթիռների հետ առաքվել էին Կուբա, բայց Մ. Նահանգների հետախուզության ռադիոտեղորոշիչ սարքերի «տեսողությունից» դուրս էին մնացել, եւ քանի որ համաձայնության մեջ դրանք չէին մատնանշված, Խրուշչովն իր քայլը հիմնավորված էր համարելՙ ի շահ Կուբայի եւ Խ. Միության:

Կաստրոյին սիրաշահելու հատուկ առաքելությունը վստահվել էր Կրեմլի N2 անձնավորությանըՙ Անաստաս Միկոյանին, որի կինն այդ ժամանակ ծանր հիվանդ էր: Քաջ գիտակցելով Խ. Միություն-Կուբա հարաբերությունների կարեւորությունը, Միկոյանը համաձայնել է գլուխ հանել առաքելությունից: Հազիվ Կուբա հասածՙ նա լուր է ստացել, որ կինը մահացել է, բայց շարունակել է մնալ Կուբայում եւ ավարտին հասցնել առաքելությունը: Բայց նա անմիջապես չի բացահայտել իր առաքելության նպատակը: Փոխարենը ուսումնասիրել է Կաստրոյի տրամադրությունները:

Հատկապես վրդովված Կուբայի օդային տարածքներում ամերիկյան հետախուզական ինքնաթիռների հաճախակի թռիչքներից, Կաստրոն, ինչպես Միկոյանը սարսափով իրազեկվել էր, հրաման էր տվել կրակել այդ ինքնաթիռների վրա: Դա, անշուշտ, նշանակելու էր անխուսափելի միջուկային պատերազմ երկու գերտերությունների միջեւ: Նման պայմաններում Միկոյանը հանգում է այն եզրակացության, որ ոչ մի դեպքում միջուկային այդ զենքերի վերահսկողությունը չպետք է վստահել Կաստրոյին կամ նրա ռազմական խորհրդի անդամներին:

1962 թ. նոյեմբերի 22-ինՙ Կաստրոյի հետ 4-ժամյա հանդիպման ժամանակ Միկոյանը ստիպված է եղել դիվանագիտական արվեստի ամենամութ ծալքերը ի գործ դնելՙ համոզելու Կաստրոյին, որ հակառակ Մոսկվայի ցանկություններին, խորհրդային չհրապարակված մի օրենքի (այդպիսի օրենք իրականում գոյություն չուներ) լուրջ խախտում կլիներ այդ զենքերը մշտապես հանձնելու Կուբային: Կաստրոն ի վերջո համոզվում է, եւ տակտիկական այդ միջուկային զենքերը նույն տարվա դեկտեմբերին ապահով վերադարձվում են Խորհրդային Միությունՙ փարատելով Խրուշչովի մտատանջությունները եւ փրկելով աշխարհը մի նոր պատերազմից: Մեզ մնում է միայն մեծագույն հարգանքը տածել Միկոյանին եւ իր ճիշտ դատելու կարողությանը, որի շնորհիվ հնարավոր է եղել այդ ժամանակ «զսպել» մի չափազանց վտանգավոր ու պայթյունավտանգ կացություն»:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4