Առաջին անգամ մրցույթում նշվել է Յուրա Մովսիսյանի անունը
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ-էքսպրես» թերթի «Աստղ» մրցույթի արդյունքներով ճանաչվել է ԱՊՀ-ի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Նախկինում Հենրիխը լավագույնն էր ճանաչվել մայիսին, հուլիսին եւ օգոստոսին: Եվ եթե հունիսին Մխիթարյանը «Շախտյորի» հետ միասին արձակուրդում չլիներ, ապա համոզված ենք, որ այդ ամսին էլ նա լավագույնը կճանաչվեր: Մխիթարյանի այս արդյունքը ռեկորդային է: «Աստղ» մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում դեռ չի եղել մի դեպք, որ միեւնույն ֆուտբոլիստը 5 ամսվա ընթացքում 47 անգամ լավագույնը ճանաչվի:
Հիշեցնենք, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մրցույթին մասնակցում է մեկ լրատվամիջոց, ինչպես նաեւ «Սպորտ-էքսպրեսի» ինտերնետային կայքը: Ինչպես նախորդ ամիսներին, այս անգամ էլ Ադրբեջանը ներկայացնող «Էխոն» իր հնգյակում չի ընդգրկել Մխիթարյանին: Հենրիխին անտեսել են նաեւ Բելառուսը, Ղրղզստանը, Լատվիան ու Լիտվան: Իսկ ահա Հայաստանը ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերությունը 1-ինը նշել է Մխիթարյանին, 2-րդըՙ Յուրա Մովսիսյանին: Վերջինս առաջին անգամ է հայտնվել «Աստղ» մրցույթի մասնակիցների շարքում: Յուրան վաստակել է 33 միավոր: Նրա ազգանունը հարցաթերթիկում 4 անգամ նշվել է առաջինը, նույնքան անգամ էլՙ 5-րդը: Մեկական անգամ Յուրան զբաղեցրել է 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերը: 33 միավորով Մովսիսյանը սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 5-րդն է:
Իսկ Հենրիխ Մխիթարյանը վաստակել է բոլորից շատՙ 41 միավոր: Նրա ազգանունը հարցաթերթիկում 4 անգամ նշվել է 1-ինը, 2 անգամՙ 2-րդը, 3 անգամՙ 3-րդը եւ 2 անգամՙ 4-րդը:
39 միավորով 2-րդ տեղում «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի խաղացող Եվգենի Կոնոպլյանկան է, որին հաջորդում են Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի խաղացողներ Վիտալի Ռոդիոնովը (38 միավոր) եւ Ալեքսանդր Վոլոդկոն (37): 27 միավորով 6-րդ տեղում է Մոսկվայի դինամոյական Ալեքսանդր Կոկորինը, 25 միավոր է վաստակել «Շախտյորի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կուչերը:
Վաստակած 41 միավորի շնորհիվ Հենրիխը մրցույթի ընդհանուր հաշվարկով շրջանցեց «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին (107 միավոր) ու միանձնյա գլխավորեց մրցանակի հավակնորդների ցանկը: Հենրիխի հաշվին այժմ 247 միավոր է գրանցված ու կասկած չկա, որ հենց Մխիթարյանն է դառնալու «Աստղի» դափնեկիրը: 3-րդ տեղում «Զենիթի» մեկ այլ ֆուտբոլիստ էՙ Իգոր Դենիսովը, որն ունի 111 միավոր: Յուրա Մովսիսյանը վաստակած 33 միավորով 19-րդ տեղում է: