Իսրայելում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որում հաջող հանդես եկավ Երեւանի «Միկան»: Նախավերջին տուրում «Միկան» 3,5-0,5 հաշվով հաղթեց «Աշդոդին»: Այդ մրցախաղում միակ կես միավորը մրցակցին զիջեց Էլինա Դանիելյանըՙ հաշտություն կնքելով Մաշա Կլինովայի հետ: Դրոնավալի Հարիկան հաղթեց Անգելա Բորսուկին, Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Օլգա Վասիլեւին, Լելա Ջավախիշվիլին էլ առավելության հասավ Լյուդմիլա Ցիֆանսկայայի նկատմամբ:
Ավարտական տուրում 3,5-0,5 հաշվով հաղթելով Չիգորինի անվան ակումբի թիմին, «Միկան» վաստակեց 10 միավոր ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Այդ մրցախաղում Դանիելյանը հաղթեց Բոդնարուկին, Դրոնավալին պարտության մատնեց Բրոննիկովային, Ջավախիշվիլին առավելության հասավ Իվանովայի նկատմամբ, իսկ Մկրտչյանը հաշտություն կնքեց Իվկինայի հետ:
6-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց առաջատարներից մեկըՙ «Յուգրան», որը 1-3 հաշվով զիջեց «Նաշե Նասլեդիեին»: Այդ պարտությունը ճակատագրական եղավ «Յուգրայի» համար, որը զրկվեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից: Ժամկետից շուտ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մոնտե Կառլոյի թիմը, որը 4-0 հաշվով ջախջախեց Չիգորինի անվան ակումբի թիմին: Մոնտե Կառլոյի թիմը վաստակեց 12 միավոր ու անհասանելի դարձավ մրցակիցների համար: Վերջինս ավարտական տուրում 3-1 հաշվով հաղթելով 9 միավոր ունեցող «Յուգրային», եւս նպաստեց «Միկայի» հաջողությանը: «Յուգրան» դարձավ 3-րդ մրցանակակիր:
Տղամարդկանց մրցաշարում 6-րդ տուրն անհաջող էր առաջատարիՙ Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի համար, որը 2,5-3,5 հաշվով զիջեց Ադրբեջանի «Սոկարին»ՙ կրելով առաջին պարտությունը: Որքան էլ որ ցավալի է, սակայն թիմի պարտության հիմնական մեղավորը Սերգեյ Մովսիսյանն էր, որը զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին: Մրցախաղի մյուս 5 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Սվիդլերն ու Ռաջաբովը, Դոմինգուեսն ու Մամեդյարովը, Վիտյուգովն ու Թոփալովը, Եֆիմենկոն ու Կամսկին, Զվյագինցեւն ու Սուտովսկին:
Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում արժանացավ արծաթե մեդալի: Ավարտական տուրում նրա թիմը 4-2 հաշվով հաղթեց «Աշդոդին» ու վաստակեց 12 միավոր: Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Իլյա Սմիրինի հետ: «Տոմսկ-400-ին» 5-1 հաշվով հաղթելով, նույնքան միավոր վաստակեց նաեւ ադրբեջանական «Սոկարը», որը լրացուցիչ գործակիցներով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: