Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն ազատ էր, իսկ ահա մեր ֆուտբոլիստների մրցակիցները հերթական խաղերն անցկացրին: Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց Դանիայի ընտրանուն, ընդ որում 2-րդ խաղակեսից խաղում էր 10 հոգով: Չեխիա-Բուլղարիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Իտալացիները B խմբի անվիճելի առաջատարներն են, իսկ Հայաստանի հավաքականին մնում է պայքար մղելու խմբում 2-րդ տեղը գրավելու եւ անցումային խաղերին մասնակցելու համար:
4-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Ռուսաստանի եւ Հոլանդիայի հավաքականները: F խմբի առաջատար ռուսները սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ, միայն խաղավերջում իրացրած 11 մ հարվածի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեցին ադրբեջանցիներին: Վերջինիս երկրպագուների պնդմամբ, խաղի ընդմիջմանը հայ ֆուտբոլասերները տրիբունայում այրել են Ադրբեջանի դրոշը:
Հոլանդիայի հավաքականն էլ 12 միավորով վստահորեն գլխավորում է D խմբի աղյուսակը: Հոլանդացիները հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեցին ռումինացիներին: D խմբի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Հունգարիա-Թուրքիաՙ 3-1, Անդորրա-Էստոնիաՙ 0-1:
Ռուսներին լավ նվեր մատուցեց Պորտուգալիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Հյուսիսային Իռլանդիայինՙ խաղն ավարտելով 1-1 հաշվով: Ընդ որում պորտուգալացիները մինչեւ 79-րդ րոպեն պարտվում էին մրցակցին եւ միայն Պոշտիգայի դիպուկ հարվածը նրանց փրկեց պարտությունից: Այդ խաղը Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հոբելյանականՙ 100-րդ հանդիպումն էր ազգային ընտրանու կազմում, որի առթիվ նա ՈւԵՖԱ-ի ներկայացուցչից հատուկ մրցանակի արժանացավ: Ռոնալդուն դարձավ պորտուգալացի 3-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց հատել 100 խաղի սահմանագիծը: Ավելի շատ հանդիպումներ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել են միայն Լուիշ Ֆիգուն (127) եւ Ֆեռնանդո Կոուտուն (110): Ռոնալդուն 100 խաղի ցուցանիշին հասավ 27 տարեկանում: Նախկինում դա հաջողվել էր միայն գերմանացի Լուկաշ Պոդոլսկուն եւ էստոնացի Քրիստեն Վիկմաեին:
Իսրայելի հավաքականը, որ 4 օր առաջ հյուրընկալվելիս 6-0 հաշվով ջախջախել էր Լյուքսեմբուրգին, սեփական հարկի տակ նույն մրցակցի հետ մրցավեճում բավարարվեց 3 անպատասխան գոլով: Գոլերից 2-ն իր օգտին գրանցեց Թոմեր Հեմեդը, որը 5 գնդակով բոսնիացի Էդին Ջեկոյի եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մեսութ Օզիլի հետ գլխավորում է ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը:
Ամենադրամատիկ հանդիպումը կայացավ Բեռլինում, որտեղ Գերմանիայի հավաքականը 56-րդ րոպեին խաղը շահում էր 4-0 հաշվով, սակայն չկարողացավ այն հաղթական ավարտի հասցնել: Շվեդները հրաշքով փրկվեցինՙ 4-րդ գնդակը խփելով ավելացված ժամանակում: Չնայած դրան, գերմանացիները 10 միավորով գլխավորում են C խմբի աղյուսակը: Շվեդները 7 միավորով 2-րդ տեղում են: Այս խմբում Ավստրիայի ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց ղազախների դարպասը, իսկ հոլանդացիները հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության մատնեցին Ֆարերներին:
Ֆրանսիայի հավաքականն էլ Մադրիդում իսպանացիների հետ մրցավեճում պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում: Սերխիո Ռամոսի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Ժիրուի գոլով: I խմբում հանդես եկող այս երկու հավաքականները 7-ական միավորով առաջատարներն են: Առաջին հաղթանակը տոնեց Բելառուսի հավաքականը, որը սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց վրացիներին:
A խմբում 10-ական միավորով առաջատարներն են Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականները: Բելգիացիները 2-0 հաշվով հաղթեցին շոտլանդացիներին, խորվաթներն էլ նույնպիսի արդյունքով պարտության մատնեցին Ուելսի ընտրանուն: Մակեդոնիա-Սերբիա խաղի ելքը վճռեց դաշտի տերերի խփած միակ գոլը:
Օլեգ Բլոխինի բացակայությամբ Ուկրաինայի հավաքականն անհաջողության մատնվեցՙ սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվելով Չեռնոգորիայի ընտրանուն: Ուկրաինացիները կասկածի տակ դրեցին ուղեգիր նվաճելու իրենց հնարավորությունները: H խմբում Ուկրաինայի հավաքականը 3 խաղում վաստակած 2 միավորով 5-րդ տեղում է: 7-ական միավորով առաջատարներն են Անգլիայի եւ Չեռնոգորիայի հավաքականները: Ընդ որում Վարշավայում նշանակված Լեհաստան-Անգլիա հանդիպումը տեղատարափ անձրեւի պատճառով չկայացավ: Մոլդովայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին:
E խմբում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Իսլանդիա-Շվեյցարիաՙ 0-2, Ալբանիա-Սլովենիաՙ 1-0, Կիպրոս-Նորվեգիաՙ 1-3: 10 միավորով առաջատարը Շվեյցարիան է: G խմբում գրանցված արդյունքներն այսպիսին են. Սլովակիա-Հունաստանՙ 0-1, Բոսնիա-Լիտվաՙ 3-0, Լատվիա-Լիխտենշտեյնՙ 2-0: Այստեղ 10-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բոսնիայի եւ Հունաստանի հավաքականները:
Մրցաշարային աղյուսակ
B խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իտալիա | 4 | 3 | 1 | 0 | 10-4 | 10 |
2. Բուլղարիա | 4 | 1 | 3 | 0 | 4-3 | 6 |
3. Չեխիա | 3 | 1 | 2 | 0 | 3-1 | 5 |
4. Հայաստան | 3 | 1 | 0 | 2 | 2-4 | 3 |
5. Դանիա | 3 | 0 | 2 | 1 | 2-4 | 2 |
6. Մալթա | 3 | 0 | 0 | 3 | 1-6 | 0 |