«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

«Արմենիայով» Հայաստան-Իտալիա խաղի անորակ հեռարձակումից

Ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուների անունից մեր խորին վրդովմունքն ենք արտահայտում «Արմենիա» հեռուստաընկերությամբ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի հեռարձակման կապակցությամբ: Նախ դեռ խորհրդային տարիներից սկսած չենք հիշում, որ նման կարեւորագույն խաղերի ժամանակ այսպիսի անկազմակերպ հեռուստացուցադրում լիներ, առավել եւս, երբ ամիսներ շարունակ գովազդելով այդ կարեւոր խաղի մասին, «Արմենիա» TV-ին, որ հեռարձակելու իրավունք էր կարծես ձեռք բերել, չկարողացավ պատշաճ ձեւով այն մատուցել ֆուտբոլի բազմահազար երկրպագուներին: Մի ամբողջ 35 րոպե խաղը չմեկնաբանվեց, այն հիշեցնում էր համր կինոյի տարիները: Եվ միայն առաջին խաղակեսի վերջին, մի ինչ-որ անձ, միգուցե ոչ այնքան ֆուտբոլի մասնագետ, հայտնվեց մեկնաբանական խցիկում եւ հազիվ լսելի ձայնով փորձում էր մեկնաբանել ողջ խաղակեսի անցուդարձը: Ինչպե՞ս որակել այս անպատասխանատու եւ ծիծաղ առաջացնող, սակայն շատ վրդովեցուցիչ երեւույթը: Խոսում են տեխնիկական պատճառների մասին, որին գուցե հավատայինք, եթե այն ընդամենը մի քանի ժամերի նախապատրաստման փուլ անցած լիներ:

«Արմենիա» TV-ում արդյոք գիտե՞ն, թե ինչ որակով է այն սփռվում մարզերում (անորակ ցուցադրում, կադրերի անվերջանալի դադար, նկարի կորուստ, ձայների աղավաղում), եւ մի՞թե այդպիսի որակի ցուցադրման է արժանի հասարակ հայ երկրպագուն, որը չունի արբանյակային թանկարժեք ալեհավաք: Եթերային անկազմակերպվածությունը անմիջապես փոխանցվեց նաեւ մարզադաշտ եկած ֆուտբոլասերներին, որոնք նույնպես կարծես թե պատշաճ կերպով մինչեւ վերջ չկարողացան ցուցադրել նախապես պատրաստված այն եռագույն ժապավենները, որը խորհրդանշելու էր մերՙ հայկական դրոշը: Խառնիխուռն ինչ-որ գույներ էին նշմարվում ամբողջ մարզադաշտում եւ տրիբունաներում, որը հասարակ աչքից չէր վրիպում:

Ֆուտբոլասեր երկրպագուն այնքան չհիասթափվեց մեր ֆուտբոլիստների կրած հերթական պարտությունից, որքան «Արմենիա» TV-ի նմանօրինակ հեռարձակումից: Ուզում ենք մեկ անգամ եւս ուշադրության արժանացնե՛ք այս հանգամանքը եւ հաշվի առնեք մարզերի բնակչության խնդրանքն ու պահանջը անորակ եթերի վերաբերյալ, եւ հիշեցնե՛լ, այնտեղ, որտեղ կա ազգային հետաքրքրություն, չի կարող տեղ ունենալ որեւէ մեկի անձնական բիզնեսը եթերը գրավելու եւ մոնոպոլիզացնելու համար: Ցուցադրման իրավունքը ձեռք բերած անձինք արդյոք տեղյակ չե՞ն եթերի անորակությունից, թե՞ դա իրենց խնդիրը չէ:

Ինչեւէ, ցավով պետք է նշենք, որ շատ դժգույն տպավորություններ են մնացել այդ խաղից եւ նրա հեռարձակումից:

Ֆուտբոլի մի խումբ երկրպագուներից Շիրակի մարզ, ք. Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4