«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2012-10-17 | #183, 2012-10-18 | #184, 2012-10-19


ԲԱՑՎԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ

Երեկ արժանի շուքով Մայր աթոռ Սբ Էջմիածնում բացվեց մատենադարանի շենքը, հայկական ավանդական ճարտարապետության ոճերի շռայլՙ բայց յուրովի օգտագործմամբ եւ ժամանակակից շինարարական տարրերի զուսպ համաձուլմամբ մի կառույց, որտեղ արեւն ու լույսն են շատ, հոգեւոր խորհուրդըՙ ներշնչող, իսկ աշխատանքային խորասուզման մղող տրամադրությունըՙմեծ: Ամենեւին չճնշող մի լրջությունՙ արդիական ներքին կահավորմամբ, որտեղ այսուհետեւ Մայր աթոռի ձեռագիր ու տպագիր մատյաններն իրենց կզգան ավելի ապահով, եւ Սբ Էջմիածինը կվերագտնի հայագիտական մեծ կենտրոն լինելու իր երբեմնի փառքը:

Երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը: Արարողությունը բացվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Մայր աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը:

Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը : «...Հիշարժան եւ տոնական է այս օրը Մայր Աթոռի համար: Եկավ բարի պահը, եւ մեր ժողովրդի առջեւ բացում ենք դռները «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի: Նորակառույց մատենադարանը, ինչպես տեսնում եք, գեղեցկակերտ եւ ոգեշեն կառուցված` առանձին շուք է հաղորդում մեր նվիրական հնագույն Մայրավանքին: Հոգու եւ մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր աթոռի մեծաթիվ գրականության պահպանման եւ ուսումնասիրման համար եւ համոզված ենք, նոր լիցք պիտի հաղորդի մեր հոգեւոր ու գիտա-մշակութային կյանքին»:

Վեհափառ հայրապետն անդրադարձավ այս նոր կառույցին վերապահված պատմական դերին, բարերար Վաչե Մանուկյանիՙ Հայ եկեղեցուն եւ հայ ժողովրդին արած մյուս բարերարություններին, Մայր աթոռի վերջին տարիների բարերարների գործունեությանը, որը ոչ միայն բարեզարդում, այլեւ հզորացնում է Հայ եկեղեցինՙ ի գլուխ ունենալով Մայր աթոռ Սբ. Էջմիածինը, իսկ վերջում օրհնության եւ գնահատանքի խոսք ասաց մատենադարանի ճարտարապետ Արտակ Ղուլյանին, «Սպիտակ կամար» շինարարական կազմակերպությանը (տնօրեն` Արագած Ախոյան) եւ մատենադարանի տարածքը բարեկարգողներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար Նորին Սրբությունը պրն Վաչե Մանուկյանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան:

Վերջում Նորին Սրբությունը, ՀՀ նախագահը, բարերար Մանուկյան ամուսինները եւ հյուրերը շրջայց կատարեցին մատենադարանի շենքում:

Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը, 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած ՀԲԸՄ անդամներ եւ հյուրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4