Ամերիկյան կողմը աջակցություն կտրամադրի կայանի անվտանգ շահագործման համար
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթականՙ 21-րդ հանդիպումը տեղի ունեցավ երեկ: Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էին փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը, կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, իսկ հայկական պատվիրակության ղեկավարն էր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ամերիկյան եւ հայկական պատվիրակությունները համաձայնության եկան համագործակցելու մի շարք նախաձեռնություններում, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրին ու ներդրումներին: Բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորման նպատակով առանձնացվեցին մի քանի ուղղություններ` հարկային եւ մաքսային քաղաքականությունը, արդար եւ հավասար մրցակցությունը, հարգանքը մտավոր սեփականության իրավունքի նկատմամբ:
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրեցին հուշագիր էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ, որն առնչվում էր Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարացմանը:
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է Մեծամորի ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու որոշում: Հաշվի է առնվել, որ նոր ատոմային բլոկի կառուցումը երկար ժամանակ կտեւի:
Այդ կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ եթե ԱԷԿ-ի շահագործման տեւողության երկարաձգման նախագիծը իրականացվի, ապա իրենք կաջակցեն կայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար:
Ա. Մ.