Մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որ սովորաբար իր ամպլուաի մեջ է, ու լրագրողները սիրում են նրան հարցեր տալ` երեկ մի քանի օրիգինալ միտք էլի հայտնել է:
Նա աչքալուսանք է տվել լրագրողներին, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու, դրա համար էլ Ավանի թիվ 1 ընտրատարածքում չի առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու, ու համոզված է, որ իր հիմնական ընտրողները կանայք են: Իսկ մյուս հնարավոր նախագահացուներին մի շարք բնորոշիչներ ու խորհուրդներ է նվիրել: Վարդան Օկանյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին անվանել է ամերիկյան քաղաքականությանը սպասարկողներ, ԱՄՆ-ը 10 տարի շարունակ ագենտ 007` Ջեյմս Բոնդ է պատրաստել: Ընդհանրապես` ԱՄՆ-ը հերոսացնում է Վարդան Օսկանյանին` դարձնելով Վարդան Մամիկոնյան: Բայց եւ` նրան վերագրվող մեղադրանքի առումով հանցակազմ չի տեսնում մարքսիստը` գլխավոր հանցագործներին մոռացել, երկրորդականի հետեւից են ընկել: Իսկ, օրինակ, ռուսամետ քաղաքական ուժերին նա էշի ականջում քնած անվանեց` խորհուրդ տալով արթնանալ եւ նախապատրաստել իրենց թեկնածուին, ու եթե անգամ այդ ուժերի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այդ դեպքում նրա համար հարցական է, թե ո՞րն է նրա այլընտրանքը:
Մոդել էլ ուներ Հայաստանի գործող նախագահին առաջարկելիք` թող Տեր-Պետրոսյանին խորհրդարանի նախագահ նշանակի, Ծառուկյանինՙ վարչապետ, ու այդպես ներքին կայունությամբ գնա ընտրությունների:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն վերլուծություններին, թե նախագահական ընտրություններին պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, առաջինը հայտնի է, եւ դա Սերժ Սարգսյանն է, Դավիթ Հակոբյանն արձագանքեց իր ողջ արսենալով. «Արքունի թութակին հիշեցնեմ, որ նախագահական մարաթոնը սպորտային մրցապայքար չէ, որ առաջին, երկրորդ տեղեր բաշխենք, նախագահական մարաթոնը ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները», ասաց` հավելելով, թե «գահին բազմած մարդը պետք է լինի ազգի ուսուցիչ, առաջնորդ, հայր, բարոյահոգեբանական սիմվոլ»: Ռոբերտ Քոչարյանին էլ Ռոբին Հուդ եւ հանցագործ անվանեց` նրան մեղադրելով «վերբովկա» արած ԱԳ նախարար ունենալու մեջ:
Բոլորին տանջող հարցը` Ծառուկյանն ում թեկնածությունն է պաշտպանելու նախագահական ընտրություններին, Հայաստանի գլխավոր մարքսիստն այսպես էր պատկերացնում. «Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ե՛ւ որպես ռուսական օրիենտացիայի, ե՛ւ կապիտալի ներկայացուցիչ, պարտադիր կկանգնի նախագահի ճամբարում: Նրա պրոամերիկյան օրիենտացիան չի ընդունվել ՌԴ-ի կողմից, իսկ ամբողջ բիզնես միջավայրը ռուսական միջավայր է: Եվ այս պարագայում, ինչպես կասեր Էնգելսը, բուրժուական ձեռնարկատիրության համար երկու նախապայման է հարկավոր. ձեռնակատիրոջ սեփականության եւ նրա անձի անձեռնմխելիությունը: Այդ օրենքը անպայման կպարտադրի Ծառուկյանին լինել նախագահի ճամբարում»: Սակայն դա եւս ճիշտ չէր համարում մարքսիստը, նշելով, թե իր պաշտած «պրամիշլեննիկին» ճիշտ կլինի չփչացնել` ում կողքին էլ կանգնի-կհեղինակազրկվի, այնպես որ ճիշտը նրան վարչապետ նշանակելն է, որ այդ դիրքից պաշտպանի Սերժ Սարգսյանին:
Բայց դե այս բոլորն ասում է հումորը տեղը գլխավոր մարքսիսիտը, այնպես որ` թեթեւ տարեք:
Մ. Խ.