ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Սիվիլիթասի» շուրջը կրքերը այս ողջ շաբաթ էլ չհանդարտվեցին: Երեկ հիմնադրամի աշխատակիցները երթ էին արել դեպի դատախազություն` դատախազությանը փոխանցելով 13 հազար ստորագրությամբ պահանջագիր-նամակ` Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով: Այսինքն` Օսկանյանի թեման ողջ շաբաթ տաք էր, ու տաք էր պահում հենց ինքը` Օսկանյանը` ժամանակ առ ժամանակ գրառում անելով վիրտուալ տարածքում, ու հետաքրքրական է, որ այդ գրառումները, օբյեկտիվ թե միջնորդավորված պատճառներով, աննկատ չեն մնում ոչ քաղաքական ընդդիմախոսների, ոչ համակիրների աչքից:
Անցած շաբաթ վառ էր նաեւ Քոքոբելյան-Հովհաննիսյան թեման, ու այս երկու գործիչների միջեւ պատը, երկար իջնել-բարձրանալուց հետո, ի վերջո դարձավ անանցանելի ու այնպիսին դարձրեց երկպառակությունը, որ շաբաթա վերջին արդեն լուրեր կային հոկտեմբերի 21-ին տեղի ունենալիք «Ժառանգություն» կուսակցության ընդլայնված նիստին (որը պետք է գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը) կարող է խոսք գնալ ազատդեմոկրատական Խաչատուր Քոքոբելյանին «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին: Եթե այդպիսի բան տեղի ունենա` «Ժառանգություն» խմբակցությունում միայն Ալեքսանդր Արզումանյանը կներկայացնի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ Քոքոբելյանը եթե համառի ու մնա...առանձին պատգամավոր, չգիտեմ, դեռ պետք կլինի նայել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը, հասկանալու համար ո՞ւմ է ներկայացնելու: Անհասկանալի կլինի նաեւ, թե ինչ է անելու այս դեպքում միակ ազատդեմոկրատականը «Ժառանգություն» խմբակցությունում: Եթե, իհարկե, հոկտեմբերի 21-ին այդպիսի բան` Քոքոբելյանի հեռացումը խմբակցությունից, տեղի ունենա:
Բոլոր դեպքերում, քաղաքական դաշտն իմացողներն ամենասկզբից էլ, այն պահին, երբ «Ազատ դեմոկրատներն» ու «ժառանգությունը» նախընտրական դաշինք էին կազմում, մեկին-մեկ կանխագուշակում էին այն, ինչ հիմա է տեղի ունենում:
Ողջ շաբաթ մերձքաղաքական շրջանակները նախապատրաստում-հասունացնում էին մի իրավիճակ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չդիմանա ու խոսի` էլ ինչ ասես գրեցին, թե Ռուսաստանից է պոկվել, ինքն է առաջադրվելու նախագահի թեկնածու, Էս է` նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվելու, Ծառուկյանն այլեւս քաղաքական իրողություններից դուրս է եւ այլն, այսինքն` նույն տեխնոլոգիաներն էին կիրառվում մամուլում, ինչ խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց ԲՀԿ առաջնորդից ինչ-որ որոշակիացում պոկել ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց` Ծառուկյանը հրապարակորեն լռում է, ու հավանաբար դա նրան կհաջողվի եկող շաբաթ` Ազգային ժողովի հերթական նստաշրջանից... բացակայելով: Այնպիսի զգացողություն է` կարծես բոլորը մի շատ կարեւոր բանի են սպասում:
Միգուցե իսկապես եւ տարածաշրջանի, եւ տարածաշրջանում խաղացող պետությունների նախագահական ընտրությունները ինչ-որ տեսանելի եւ անտես անդրադարձներ ունենում են մեր քաղաքականների վրա` գոնե մոդելավորումը հասկանալու իմաստով. Վրաստանի ընտրությունները տեսանք-մարսեցինք, հիմա մերոնք ուզում են տեսնել-զուգահեռել ԱՄՆ-ի` նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ու այնտեղի քաղաքական կուրսը փոխվի-չփոխվի, Օբաման ընտրվի, թե Ռոմնին` տեսնելու ու վերլուծելու բան կլինի: Այնպես որ` որ ասում են, թե հա՜յ, հուշագիր է էսօր-էգուց, հա՜յ, Ծառուկյանն է հայտարարելու, թե սատարում է Սերժ Սարգսյանին, կամ էլ, ընդհակառակը, ինքն է առաջադրվում, առայժմ վերը նշված «միգուցեի» եւ մի շարք այլ «միգուցեների» տրամաբանությամբ կհետաձգվի մինչեւ նոյեմբերի կեսերը, մանավանդ Գալուստ Սահակյանն ասաց` բանակցություն չկա ԲՀԿ-ի հետ, նոր հուշագրի հարց էլ չի քննարկվում, ու էլի մանավանդ` Հանրապետականը դեկտեմբերի 2-ին է համագումար անում եւ նախագահի թեկնածու առաջադրում:
ՀԱԿ-ում նույնպես արշալույսները խաղաղ չեն, խոսք է գնում մի շարք հիմնարար հարցերում նրա հայտնի անդամների կողմնորոշումների տարբերության մասին: Էլ չասած, որ այդ նույն նոյեմբերի կեսերին սպասել ու տեսակետ հայտնել` սեփական թեկնածուո՞վ է ՀԱԿ-ը գնում նախագահական ընտրությունների, թե ԲՀԿ-ի թեկնածուին է սատարում, երբ ԲՀԿ-ում էլ դեռ չգիտեն` ո՞ւմ են սատարում, այսպիսի շռայլություն ՀԱԿ-ն իրեն թույլ տալ չի կարող, մանավանդ` ԲՀԿ-ի թեկնածուին կտրականապես չպաշտպանելու տեսակետ եւս կա նախապես, ու Պետրոս Մակեյանը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը: Ու թեեւ Նիկոլը ժխտել է տարաձայնությունները ՀԱԿ-ում (կոնկրետ Լեւոն Զուրաբյանի հետ) եւ ասել, որ նախագահի թեկնածու լինելու հավակնություն էլ չունի Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ տեսակետներն ավելի հեռանալու, քան մոտենալու միտում ունեն եւ դա տանում է ՀԱԿ-ի վերջնական պառակտման: Իսկ ո՞վ հաստատ կարող է իմանալ, թե Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է: