«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2012-10-18 | #184, 2012-10-19 | #185, 2012-10-20


ՍԻՐԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵՋ

ԱՄՆ-ը պնդում է, թե ապստամբների Stinger-ները «սեւ շուկայի» հետեւանք են

Սիրիայի իշխանությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով մի շարք երկրների մեղադրում են ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ում արձագանքել են, նշելով, որ դա նշանակում է օգնություն միջազգային ահաբեկիչներին: Խոսքը մասնավորապես ապստամբների ձեռքին հայտնված ամերիկյան զենիթահրթիռային համալիրների մասին է, որոնց մատակարարումների առնչությամբ ամերիկացիները խուսափողական պատասխան են տալիս:

«Ես չեմ կարող դա հաստատել: Ինչպես գիտեք, Սիրիայում մենք դեսպանություն չունենք», հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը , մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե սիրիացի ապստամբներն ինչպես են ձեռք բերել Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ:

ՌԴ արտգործնախարարությունը ԱՄՆ-ին փաստորեն մեղադրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին զինելու մեջ: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի խոսքերով, «լրագրողները վկայակոչում են սիրիական լավատեղյակ աղբյուր, ըստ որի ԱՄՆ-ը որոշել է սիրիացի գրոհայիններին հանձնել շարժական զենիթահրթիռային համալիրներին մի խմբաքանակ»: Դիվանագետը նշել է, որ այդ տեղեկությունը դեռ հաստատված չէ, բայց հիշեցրել է քաղաքացիական օդանավեր խփելու ապստամբների սպառնալիքը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լուկաշեւիչը ընդգծել է, որ սիրիացի գրոհայիններին նման «ահարկու» զենք հանձնելը կամ նման գործողություններ թույլատրելը կլիներ «անչափ վտանգավոր քայլ» եւ «փաստորեն կնշանակի միջազգային ահաբեկիչների սպառազինում»:

Անցյալում «Նյու Յորք թայմսը» գրել է, որ սիրիացի ապստամբները ռազմական եւ ֆինանսական օգնություն են ստանում Քաթարից եւ Սաուդյան Արաբիայից, ինչպես նաեւ Թուրքիայից: Դամասկոսը երեկվա հայտարարության մեջ նշել է նաեւ այդ երկրների անունները: Փաստաթուղթն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին:

Ինչ վերաբերում է ամերիկյան Stinger-ներին, Վաշինգտոնում նախընտրում են խուսափողական պատասխան տալ եւ զանազան զինված կազմավորումներում դրանց առկայությունը համարելով «սեւ շուկայի» գործարքների հետեւանք: «Մենք արդեն ասել ենք, որ շատ մտահոգված ենք ամբողջ աշխարհում նման զինատեսակների շրջանառությունից: Մենք աշխատում ենք տարբեր երկրների կառավարությունների հետՙ փորձելով շրջանառությունից հանել շարժական զենիթահրթիռային համալիրները», հայտարարել է Նուլանդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4