Կամ ինչպես Սիմոնյանը դարձավ Բաքվի աբսուրդի զոհ
Սիմոնյանին հանդիպեցինք Սեւ ծովի ափին: «Թուրքական ավիաուղիների» ուղեւորական կտրոններով ճապրուկը դիմացին, անձնագիրը մի կողմ նետած, Մոսկվայում ծնված, ապրող ու հայերեն ոչ մի բառ չիմացող երիտասարդը նստած էր Բաթումում օրերս բացված վրացական «ազգային օղու»ՙ չաչայի շատրվանի դիմաց ու սպասում էր հաջորդ օրվա երեկոյան ժամը յոթին, քանի որ հենց այդ ժամից ամեն օր շատրվանն աշխատում է ու դրանից, դատելով շրջակայքում տարածված բույրից, իսկական չաչա է հոսում, իհարկեՙ որոշ ժամանակով: Թե Բաթումի «գլխավոր դիզայներ» Սաակաշվիլու տեղացի «հարբել սիրողներին» սիրաշահող այս որոշումը որքանով առնչություն ունի Իվանաշվիլու հաղթանակի հետ, դժվար է ասել, բայց որ մարդիկ շշերով են գալիս չաչա տանելու, ու հավանաբար վայելելիս չեն մոռանում նաեւ Սաակաշվիլու կենացը խմելը, թերեւս միանշանակ է...
Սիմոնյանը Բաթում էր եկել թուրքական Անթալիայից, նա ծովային հանգստի սիրահար է, սակայն մի ծով նրա համար անհասանելի էՙ Կասպիցը: «Ես չեմ կարող Հայաստան գալ: Չէ, չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չեմ կարող գնալ», ասաց տղան, ամենեւին էլ չզարմանալով մեզՙ հայ, ադրբեջանցի ու վրացի լրագրողներիս միասին տեսնելիս: Ինչո՞ւ, հարցրեցինք նրան. «Որովհետեւ իմ ազգանունը հայկական է. Սիմոնյան, ինձ Ադրբեջան չեն թողնի....»... Փաստորեն հայ Սիմոնյանի, որ ամուսնացել է «խախլուշկայի հետ», թոռը, ում հայրն էլ իր հերթին «երբեք չի ասում, որ ինքը հայ է», ադրբեջանական աբսուրդի հերթական զոհն է: Ծագումով հայերին հայաբնակ «Ղարաբաղ պահանջող» Ադրբեջան չեն թողնում, հետեւաբար անընդունելի են համարում հայի ու ադրբեջանցու թեկուզ ժամանակավոր համագոյակցությունը:
Մոսկվաբնակ Սիմոնյանին հանդիպեցինք հենց այն օրըՙ երեկոյան, երբ Դոչե Վելլեի նախաձեռնությամբ Բաթումում սկսվել էր «Զգայական լրագրությունՙ հակամարտության տարածաշրջաններում» միջազգային սեմինարը, որն այս տարի վերնագրված է «Տարածաշրջանային տուրիզմըՙ որպես տարածաշրջանի հակամարտությունները լուծելու միջոց»: Այդ օրվա ընթացքում, նախքան Սիմոնյանին տեսնելը, ադրբեջանցի մեր գործընկերները միաձայն պնդեցին, թե տուրիզմը կարող է այդ միջոցը դառնալ, սակայն ծովի սիրահար Սիմոնյանը փաստորեն ապացուցեց, որ գոնե մեկ տարածաշրջանային երկրի պարագայում դա անհնարին է, քանի որ տուրիզմ որպես այդպիսին այդ երկիրըՙ ծագումով հայերին չի ընդունում, հակառակ պարագայում չի կազմի ու ժամանակ առ ժամանակ չի ընդլայնի իր «սեւ ցուցակը», որում ընդգրկվածները, ինչպես Սիմոնյանը, երբեք չեն տեսնի Կասպից ծովը Ադրբեջանից...
Ի դեպ, երբ Սիմոնյանին հարցրեցինք, թե չի՞ պատրաստվում արդյոք նաեւ Հայաստան գալ, պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ գամ, ծով կա՞...»: Ծով կա, իհարկե, պարզապես այնտեղ ջուր չկա...
«Ճիշտ չէ միակողմանի սուբյեկտիվ լրագրությունը»
Թողնենք հայազգի ռուսախոս Սիմոնյանին չաչայի շատրվանի տակ, մանավանդ որ նա շիշ էր նախապատրաստել չաչա լցնելու համար, ու խոսենք ադրբեջանցի լրագրողների մի ուշագրավ առանձնահատկության մասին: Պարզվում է, զգալի տարբերություն կա միեւնույն լրագրողի դիրքորոշումների կամ կարծիքի մեջՙ կապված նրա հետ, թե տվյալ լրագրողը Բաքվում է, թեՙ Բաքվում չէ: Եթե նա Բաքվում է, ապա կարող է, օրինակ, գրել հետեւյալը. «Նման գարշելի հանցագործությունը բնորոշ է միայն ագրեսոր հայերին»: Մինչդեռ միջազգային սեմինարի ընթացքում, այն էլ, երբ սեմինարավար օտարերկրացիները չեն խրախուսում նման ձեւակերպումները, նույն ադրբեջանցի լրագրողը կարող է ոչ միայն դատապարտել այս ձեւակերպումներով հոդվածները, այլեւ ընդգծել. «Ճիշտ չէ միակողմանի, սուբյեկտիվ լրագրությունը»: Ու նա այն լրագրողն է, որը պարբերաբար ադրբեջանցի հասարակությանը տեղեկացնում է, թե ինչպես «հերթական անգամ ագրեսոր հայերը ապօրինաբար խախտեցին զինադադարի ռեժիմըՙ ճակատային առաջին գծում», մի նախադասության մեջ որքան ոչ սուբյեկտիվ եւ միակողմանի մոտեցում...
Իհարկե հասկանալ կարելի է. Բաքվում մեր գործընկերնեը մշտապես գտնվում են «ազերիպրոմի» տիրույթումՙ սրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ երկրից դուրս նրանց խոսքերի մասին հայրենիքում չեն իմանա, հետեւաբար, երբ ադրբեջանցի մի լրագրող հայտարարեց, թե «Ղարաբաղի հարցը արդարացի կլուծվի այն ժամանակ, երբ Ադրբեջանում նավթն ավարտվի», պատասխանատվության չի ենթարկվի, որովհետեւ այս մասին կտեղեկացնեն միայն հայերը, որոնց, «սովորական բան է» մեղադրել «հերթական ստի ու կեղծիքի տարածման» մեջ:
Ի դեպ, ադրբեջանցի գործընկերս, որը մինչ Բաթումի սեմինարը, դեռ Բաքվից ամեն կերպ արդարացնում էր բալթաջի Սաֆարովին, Բաթումում արդեն, երբ սեմինարավար գերմանացիներն էլ իրենց տարակուսանքը հայտնեցին հատկապես Սաֆարովին Բաքվում որպես հերոսի ընդունելուց, ոչինչ չունեցավ ասելու, բացի մի բանից. «Ադրբեջանում այսօր ապրում է շուրջ ութ միլիոն մարդ, ու նրանցից յուրաքանչյուրը յուրովի պատկերացումներ ունի հերոսի ու հերոսության մասին: Ադրբեջանում Սաֆարովը հռչակված հերոս չէ...», չմոռացավ ընդգծել գործընկերս, որը ընդամենը մեկ շաբաթ առաջ համեմատում էր մարդասպան Սաֆարովին ազատամարտիկ, իր իսկ խոսքերովՙ «ոճրագործ» Մոնթե Մելքոնյանի հետ, հետեւաբար համեմատում էր «ազգային հերոսին» ազգային հերոսի հետ...
Սեմինարը դեռ շարունակվում է, եւ մենք կտեղեկացնենք դեռ ադրբեջանական, երբ Բաքվում ես եւ երբ Բաքվում չես, տրամաբանությամբ երկդիմության մասին...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Բաթումի