Ինչպես տեղեկացվել է, հոկտեմբերի 15-ին Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին հանձնվեց 38 նորակառույց բազմաբնակարան շենք: Դրանցից հինգը «Անի» թաղամասում են, 33-ը` «Մուշ-2»-ում: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության կայքէջում հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Մուշ-2 թաղամասի մի խումբ բնակիչների անունից» գյումրեցի Գեղեցիկ Հարությունյանի շնորհակալական նամակը: Նրանում ասվում է. «Երեկ մեծ ուրախություն ապրեցինք. գյումրեցի բազմաթիվ ընտանիքներով այսքան տարի հետո վերջապես տան տեր դարձանք: Շատ գեղեցիկ ու բարեկարգ թաղամաս է մեր «Մուշ-2»-ը` հարմարավետ շենքերով, կանաչապատ, բարեկարգ բակերով: Էն «պզդիկներու» համար էլ անգամ կարուսելներ ու խաղահրապարակներ են կառուցված: Ասֆալտապատ փողոցների վրա հետիոտնի գծերն էլ են գծված: Չգիտենք` վերջին անգամ էլ երբ է Հայաստանում այսպիսի թաղամաս հանձնվել: Բնակարաններում տեղադրվել են գազօջախներ, լվացարաններ, սանտեխնիկա ու գազի կաթսա...
Ճիշտ է, երկար սպասեցինք սեփական տանիք ունենալու համար, բայց երբ տեսնում ես, թե ինչպիսի թաղամասում ու բնակարանում պետք է ապրես` հոգիդ լցվում է ուրախությամբ, մեծ ոգեւորություն ես ապրում...
Մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել հանրապետության նախագահին, որ իր խոսքը գործ դարձրեց, որ այսօր 1756 ընտանիք վերջնականապես իր վրայից «գցեց» անօթեւանի կարգավիճակը»:
Գեղեցիկ Հարությունյանը «Մուշ-2»-ի 69-րդ շենքի բնակիչ է: Իսկ ահա ԳԱԼԱ հեռուստատեսությանը, վերջինիս հաջորդ իսկ օրվա վկայությամբ, նորակառույց թաղամասի բնակիչները դժգոհություններ են հայտնել որ, օրինակ, որոշ բնակարաններում խոստացված ջեռուցման կաթսայի փոխարեն «արկղերում դրված են եղել» ջրատաքացուցիչներ: Եվ հիմա բնակիչները կանգնել են խնդրի առաջ` չիմանալով, թե ինչպես պետք է ջեռուցեն բնակարանները: Նրանք կարող են բնակարանում միայն տաք ջուր ունենալ, իսկ ջեռուցման խնդիրը կմնա առկախ, քանի որ «մի շարք բնակարաններ չեն ստացել խոստացված ջեռուցման սարքերը»: Ըստ ԳԱԼԱ-ի, այս խնդրի առաջ են կանգնած «Մուշ-2» թաղամասի այդ նույն... (զարմանալի զուգադիպություն) 69-րդ շենքի բոլոր բնակիչները:
Նորակառույցների դրականն ու թերին, որոնց ծանոթանալու առիթներ դեռ կունենանք, ամբողջովին կերեւան շենքերի բնակեցման ու շահագործման ընթացքում: Անշուշտ, չի կարող այնպես լինել, որ հանձնված միանգամից այդքան թվով նոր բնակարաններում շինարարական թերություններ, պակասություններ ընդհանրապես չլինեն, բայց նայած` ինչպիսի թերություններ: Պատասխանատուները տարբեր առիթներով հավաստիացրել են, որ այս բնակարանների որակի վերահսկողությունն ավելի լավ է եղել, քան երկու տարի առաջ հանձնված 1056 բնակարաններինը: Կառուցող «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպությունն էլ պարտավորվել է առաջիկա մեկ տարվա ընթացքում նկատված թերությունները վերացնել: Մնում է հավատալ, որ ամեն ինչ իսկապես այդպես էլ կլինի:
Այս շենքերի հանձնումով ավարտվեց երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար Գյումրիում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, լրացուցիչ 400-ից ավելի բնակարաններ սկսել են կառուցվել եւ պետք է շահագործման հանձնվեն եկող տարի: Թե դրանով որքան կարելի կլինի լուծված համարել Գյումրիում երկրաշարժի հետեւանքով այսքան տարի անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը, թերեւս հարկ է մեկ անգամ էլ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել: Անօթեւանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի դիտարկումներով, մասնավորապես, գյումրեցի ավելի քան 200 անօթեւան ընտանիքներ թեեւ երկրաշարժի հետեւանքով բնակարան են կորցրել եւ մինչեւ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել, սակայն սահմանված ժամկետում անօթեւանների հերթացուցակում չհաշվառվելու պատճառով դուրս են մնացել աղետի գոտում իրականացվող բնակբաշխման գործընթացից:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ