Ազգային ժողովում բավական բարդ անցավ նախորդ քառօրյայից դեռ սկսված ու երեկ շարունակվող Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 2010 թվականի, ինչպես նաեւ ավելի ուշ դրան գումարված 2011 թվականի հաղորդումները Հանրային հեռուստառադիոընկերությունների գործունեության վերաբերյալ, որոնք ի տարբերություն համանման նախորդ քննարկումների, խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի համար բավական ծանր անցան: Գուցե «մեղավոր» էին խորհրդարան անցած մի քանի լրագրողները, որոնք պրոֆեսիոնալիզմից բխող անհրաշեժտություն էին համարում տեղը-տեղին քննադատելով ելույթ ունենալը, կամ ՀԱԿ ներկայությունը, որի ղեկավար Լեւոն Զուրաբյանը Հանրայինի գովազդներն անվանեց «ավազակապետական թալանի նոր սխեմա», իսկ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հարցնում էր, թե որքան գովազդային ժամանակ է հեռարձակվել 2011-ին եւ 2010-ին, ու կոնկրետ պատասխան չէր ստանում: Հարակից զեկուցող Ռուբեն Հակոբյանն էլ ասում էր, թե արջի ծառայություն է մատուցվում իշխանությանը, երբ ընդդիմությունը «ատկատների» մասին խոսում է, այդ մասին եթեր չի հեռարձակվում` կանխելով «ատկատը», երբ նախագահն է խոսում` սկսում են այդ մասին ողջ օրը վերլուծել:
Ու թեեւ Ա. Հարությունյանն ասում էր, որ գովազդը ոչ թե հեռուստաընկերությանն է, այլ մրցույթ է հայտարարվում ու այլ ընկերություն է շահում, ու ինքը չգիտե գովազդի ժամանակը տարվա կտրվածքով, սակայն ՀԱԿ-ականները գտան, որ 636 ժամ 2011 թվին գովազդ է եղել, 17 մլն դոլար շրջանցել է պետական բյուջեն (Լեւոն Զուրաբյան եւ նույն ոգով ելույթ ունեցած Զարուհի Փոստանջյան ), Հանրային հեռուստաընկերությունը դարձել է բյուջեն թալանելու եւ հարստանալու միջոց մի քանի մարդու համար, իսկ Ա. Հարությունյանին էլ երբ հարցնում ես գովազդի ընդհանուր տարեկան եթերաժամանակի մասին` «հեքիաթներ ու լեգենդներ» է պատմում: Ու պետք եղավ մի քանի հանրապետականների միջամտությունը` ԱԺ նախագահինը` նախագահությունից, Արտակ Դավթյանինը ` հարակից զեկուցողին բերելու համար հանձնաժողովի կարծիքը հայտնելու դաշտ, եւ Գալուստ Սահակյանինը , ով իր ոճով զգուշացրեց. «Մարդկանց հասկացրեք` միտինգի տեղն ուրիշ է, ԱԺ-ն ուրիշ է: Պետությունը դա ժողովուրդն է, ավազակապետություն չի կարելի ասել պետությանը»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում էր, որ սերիալներին ուղղված հիմնական սվինները նաեւ պատգամավորներին է ուղղված, նաեւ ՀԱԿ-ին. «Ժողովրդին թունավորեցիք, մի կերպ եկաք-խցկվեցիք Ազգային ժողով, հիմա Հանրապետական եք քննադատում, նախագահ եք քննադատում»: Չնայած Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) հանրապետականներին փորձեց հիշեցնել, որ Հանրային հեռուստատեսությունը ոչ թե ՀՀԿ-ինն է, այլ` բոլորինը:
Մ. Խ.
Հ.Գ.-ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը երեկ կրկին խոսեց նոյեմբերին կազմակերպելիք լսումների մասին, որոն վերաբերելու են եթերը բռնության տեսարաններից, արյունից ու ծեծից ազատելուն: