«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2012-10-19 | #185, 2012-10-20 | #186, 2012-10-23


Ի՞ՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ 9 ԱՄՍՎԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հերթականՙ 2012-ի սեպտեմբերի եւ 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Նկատի ունենալով, որ 9 ամսվա ցուցանիշներով արդեն ուրվագծվում է տարեկան հավանական ցուցանիշները, կարելի է որոշակի ընդհանրացնող եզրակցություններ անել:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին` նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 4,4 տոկոս, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ` 14 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին` անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, կազմել է 7,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: Ինչպիսի՞ն է պատկերը այս ժամանակահատվածի համար ըստ տնտեսության առանձին ճյուղերի:

Նախ անդրադառնանք իրական հատվածի, այսինքնՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ցուցանիշներին: Արդյունաբերական արտադրանքի ծավալները սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի եւ այս տարվա օգոստոսի համեմատ էապես չեն ավելացել կամ նվազել: Սակայն եթե դիտարկենք 9 ամսվա արձանագրված ցուցանիշները, ապա արդյունաբերությունն ունեցել է ամենաբարձր աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ` 11,6 տոկոս: Սա վկայում է, որ տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին ճիշտ ուղղությամբ է ընթացել տնտեսության դիվերսիֆիկացումը, եւ կառավարության այս քաղաքականությունն իրեն արդարացրել է: Հիշեցնենք, որ մինչ ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շինարարությունն էր, որը, սակայն, կտրուկ անկում ունեցավ ճգնաժամի պատճառով եւ ակնհայտ դարձրեց միայն մեկ ճյուղից կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունը:

Դրական է նաեւ այն հանգամանքը, որ իրական հատվածը ներկայացնող գյուղատնտեսությունում եւս բարձր աճ է գրանցվել: Այստեղ սեպտեմբերինՙ նախորդ սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 9,8 տոկոս աճ, այս տարվա օգոստոսի համեմատ` 26,4 տոկոս աճ, իսկ հունվար-սեպտեմբերին, այսինքնՙ տարվա 9 ամիսներին աճն այստեղ կազմել է 10,5 տոկոս: Խոսելով գյուղատնտեսության թե՛ աճի, թե՛ անկման ցուցանիշների մասին, մշտապես հարկ է նկատի ունենալ այս ոլորտի ռիսկայնությունը եւ կախումը բնակլիմայական պայմաններից: Այս առումով, ընթացիկ տարին իհարկե բարենապաստ էր գյուղատնտեսության համար, ինչն էլ մեծապես նպաստել է ճյուղում արձանագրված բարձր աճին: Սակայն օբյեկտիվ չի լինի գյուղատնտեսության աճը պայմանավորել միայն եղանակային պայմաններով, քանի որ վերջին երկու տարիներին գյուղատնտեսությանն աջակցելու պետական մի քանի խոշոր ծրագրեր են իրագործվում, որոնք չեն կարող ազդեցություն չթողնել այս ճյուղի զարգացման վրա: Նշենք դրանցից առավել կարեւորները` դիզվառելիքի, պարարտանյութերի եւ բանկերից գյուղատնտեսությանը տրվող վարկերի պետության կողմից սուբսիդավորում:

Ինչպես արդեն նշվեց, մինչճգնաժամային տարիներին տնտեսական աճի հիմնական շարժիչ շինարարությունն այս տարի եւս, ցավոք, չի կարողանում վերականգնել իր ծավալները: Թեեւ այս ճյուղում սեպտեմբերին, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, 5 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ այդ աճը կազմել է 43,4 տոկոս, այդուհանդերձ, 9 ամսվա ցուցանիշներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալների անկում է ունեցել` 2 տոկոսով:

Ավելացնենք, որ բարձր աճ արձանագրած մյուս ոլորտը ծառայություններն են` հունվար-սեպտեմբերինՙ 11,2 տոկոս, իսկ մանրածախ առեւտրում աճը կազմել է 2,9 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները սեպտեմբերին նվազել են: Դա վերաբերում է ե՛ւ արտահանմանը, ե՛ւ ներմուծմանը: Սակայն հունվար-սեպտեմբերի ցուցանիշներով այստեղ 2,4 տոկոս աճ է գրանցվել, ընդ որում արտահանումն աճել է 6 տոկոսովՙ կազմելով 1 մլրդ 32 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 1,2 տոկոսովՙ կազմելով 3 մլրդ 9 մլն դոլար: Այստեղ հիշատակման արժանի է այն փաստը, որ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ներմուծումը: Ինչը երեւում է նաեւ արտահանման-ներմուծման հաշվեկշռից: Բացասական հաշվեկշիռն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 1 մլրդ 977 մլն դոլար, մինչդեռ անցյալ տարվա 9 ամիսներին 2 մլրդ 9 մլն դոլար էր:

Ամփոփելով 9 ամսվա արդյունքները եւ նկատի ունենալով, որ տարվա վերջին եռամսյակը սովորաբար ավելի բարձր տնտեսական ակտիվություն է ունենում, կարելի է ենթադրել, որ համախառն ներքին արդյունքի աճը եթե չհասնի էլ երկրի նախագահի առաջադրած 7 տոկոսին, ապա կգտնվի 6-6,5 տոկոսի շրջակայքում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4