«Ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել մայրաքաղաքում այս տարվա ընթացքում, ըստ ժամանակացույցի եւ պլանի կատարվում են», հավաստիացնում են Երեւանի քաղաքապետարանից: Հերթական աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ ասֆալտապատվել է 1 մլն 800.000 քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Ավարտվել են 7 վերգետնյա անցումների կառուցման եւ շքամուտքերի վերանորոգման աշխատանքները:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետները սպառած ավելի քան 40 կազմակերպությունների մասով պատրաստվել է առաջարկություն: Պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով «Վիզկոն» եւ «Նարեկգրադ» ընկերություններին տրամադրված հողամասերի նկատմամբ դադարեցվել են իրավունքները:
Շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ամենօրյա հսկողությունը: Տրանսպորտի վարչությունից զեկուցել են, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 70 մեքենա: 123 ավտոբուս, մետրոյի 10 կայարան եւ 7 այգի արդեն ապահովված են WiFi համակարգով: Ներկրվել են GPS համակարգեր, առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը:
Հ. Հ.