Սերբագետ եւ բանաստեղծ-թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը վերջերս արժանացավ Սերբիայի Սրեմսկի Կարլովցի քաղաքի «Բրանկովո կոլո» մշակութային կազմակերպության մրցանակին: Բաբկեն Սիմոնյանը Հայաստանում եւ Սերբիայում հայտնի սերբագետ է, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոսը: Երկար տարիներ նա նպաստել է հայ-սերբական գրական կապերի զարգացմանը, հայ գրականությունը ներկայացրել սերբերենով, սերբական իրողությունները բերել Հայաստան: Նրա գործունեությանը ծանոթ մարդը ամեն անգամ նրա գործերին առնչվելիս մտածում է, որ եթե ամեն լեզվով այս կարգի մի թարգմանիչ ունենա Հայաստանը, ապա աշխարհում բավական ներկայացված կլինի: Նա 35 տարի զբաղվում է թարգմանությամբ, հայ գրողներին ներկայացնում սերբերենով: Առաջին ներդրումը հայ-սերբական գրական կապերի մեջ արել է 1990-ականների սկզբին, երբ Բելգրադում լույս տեսնող «Գրական խոսքի» 18 էջանոց ամբողջ համարը նվիրվեց հայ գրականությանը, եւ Բ. Սիմոնյանը ներկայացրել էր մի ծաղկաքաղ հայ գրականությունից, սկսած հեթանոս երգերից` «Վահագնի ծնունդից» մինչեւ մեր վերջին շրջանի գրականությունը: Սերբերն այն ժամանակ միատեղ ստացան Խորենացի, Մեսրոպ Մաշտոց, Ղեվոնդ Ալիշան, Հովհաննես Թումանյան, Իսահակյան, Մեծարենց, Վարուժան, Շիրազ, Թումանյան` մեկական գործով: Ավելի ուշ Բ. Սիմոնյանը ամբողջական գրքերով սերբերեն ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուները, Հայոց մեծ եղեռնի վերաբերյալ գիրքը, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (վերջինիս խմբագիրն է եղել Բաբկեն Սիմոնյանը եւ առաջաբանի հեղինակը), եւ արժեքավոր շատ այլ գրքեր: Ընդհանրապես ամեն գործ, որ հայերենից մուտք է անում սերբական գրական միջավայր, անցնում է Բաբկեն Սիմոնյանի ձեռքի տակով. «Շատ կարեւոր հանգամանք եմ համարում, որ Հայաստանի մասին լույս տեսնող գրքերն անցնեն հայ գրողի ձեռքի տակով, ուրիշները կարող են այդքան լավ տեղյակ չլինել մեր իրականությանը», ասում է նա:
Վերադառնալով վերջին պարգեւին, որ ստացել է սերբագետը, նշենք, որ դա «Բրանկո Ռադեւիչ» միջազգային մրցանակն է. Սերբիայի Սրեմսկի Կարլովցի քաղաքի մշակութային «Բրանկովո կոլո» կազմակերպությունն է այն ստեղծել` ի պատիվ տասնիններորդ դարի սերբ անվանի բանաստեղծ Բրանկո Ռադեւիչի, այն շնորհվում է Սերբիայում սիրված ու ճանաչված արտերկրի գրականության մարդկանց, ամեն տարի մեկ հոգու, սովորաբար «Բրանկովո կոլո» ամենամյա փառատոնի ժամանակ: Այս տարի ժյուրին հինգ-վեց հավակնորդների մեջ ընտրել է Բաբկեն Սիմոնյանին` հաշվի առնելով նրա տարիների վաստակը, սերբական գրականությանը, մշակույթի պատմությանը նվիրված նրա գործունեությունը` անգամ մեկնաբանելով, որ մրցանակը դեռ ուշացած է: Մի խոսքով` Բ. Սիմոնյանը սեպտեմբերին մեկնել է Սերբիա, մասնակցել փառատոնին, հանդես եկել հայ-սերբական կապերի մասին խոսքով եւ արտասանել նաեւ կյանքից երիտասարդ հեռացած ու Սերբիայում շատ հայտնի բանաստեղծի` Բրանկո Ռադեւիչի մի բանաստեղծությունը: Ի դեպ` Բրանկոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն տպագրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում, 1847 թվականին: Մրցանակի հանձնման իրադարձությունից երկու օր անց էլ Բելգրադում սերբերը կազմակերպել են Բ. Սիմոնյանի 60-ամյակի հոբելյանական երեկոն, որին շատ նշանավոր մարդիկ են երախտիքի խոսք ասել:
Նշենք, որ առհասարակ Բ. Սիմոնյանը գնահատված բանաստեղծ եւ թարգմանիչ է, նա շատ մրցանակներ է ստացել որպես իր աշխատանքի գնահատական` Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակը, սերբական «Զլատո Կրասնի», ինչպես նաեւ Սերբիայի թարգմանիչների միության մրցանակները, այս տարի բացի «Բարնկո Ռադեւիչ» գրական մրցանակից` ստացել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»:
Ավելացնենք, որ Բ. Սիմոնյանն այժմ պատրաստում է հայերեն-սերբերեն բառարան, որն առաջինը կլինի հայ-սերբական 700-ամյա մշակութային կապերի պատմության ընթացքում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ