Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շախմատի ամերիկյան մայրցամաքի առաջնությունում 200 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղըՙ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր: Նա արժանացավ 700 դոլար պարգեւի: Մխիթարյանը հավակնում էր հաղթողի կոչմանը, սակայն ավարտական տուրում պարտվեց արգենտինացի Դիեգո Ֆլորեսին: Դա մրցաշարում հայ շախմատիստի 2-րդ պարտությունն էր: Մինչ այդ նա 7-րդ տուրում զիջել էր Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագային:
Մխիթարյանը հիանալի էր մեկնարկելՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Մարկոս Պիրոլայի, Պաբլո Տապիեի եւ Գաստոն Ֆաբիանի նկատմամբ: Այնուհետեւ նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները Ջուլիո Գրամեդայի եւ Ռաֆայել Լեյթաոյի հետ, հաղթեց Էռնեստո Ֆուլգենզիին: Մինչեւ ավարտական տուրում 2-րդ անգամ պարտություն կրելը, հայ շախմատիստը 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Գուստավո Կանեֆշի, Ֆրանկո Մատամորոսի եւ Լազարո Բրուզոնի նկատմամբ:
5 շախմատիստներ վաստակեցին հավասարՙ 8,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 5000 դոլար գլխավոր մրցանակը բաժին հասավ պերուացի Ջուլիո Գրանդային: 2-րդ տեղը գրաված ամերիկացի Ալեքսանդր Շաբալովը պարգեւատրվեց 3400 դոլարով: 2400 դոլար ստացավ 3-րդ մրցանակակիր, արգենտինացի Դիեգո Ֆլորեսը: