«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2012-10-20 | #186, 2012-10-23 | #187, 2012-10-24


ՍԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ...

Ավելի քան երկու տասնամյակ առաջ հեռուստահաղորդում էի վարում Էջմիածնում գտնվող Կոմիտասի թանգարանից: Մեծ երաժշտի դաշնամուրը, անձնական իրեր, գողտրիկ մասունքներ....համեստ մի հավաքածու... եւ մի այլ խորհուրդ, անկրկնելի մի մթնոլորտ, քանզի այստեղ, այս միջավայրում, Սբ Էջմիածնի պատերի ներքո էին անցել Կոմիտասի կյանքի թերեւս ամենապայծառ, ամենալուսավոր տարիները, այստեղ էր նա ձեւավորվել, դարձել վառ անհատականություն, դարձել Կոմիտաս Վարդապետ..

Որոշ ժամանակ անց իմացա, որ թանգարանը փակվել է, փակվել է ժամանակավոր, ինչ-որ վերանորոգման աշխատանքների պատճառով:

Հարց եմ ուղղում ձեզ, այս երկու տասնամյակների ընթացքում իրար հաջորդող մշակույթի նախարարներ, Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիայի ռեկտորներ, երաժշտական ընկերակցությունների ղեկավարներ, մի՞թե ձեզնից որեւէ մեկին չհետաքրքրեց, էլ չեմ ասում չհուզեց, թե որտե՞ղ է գտնվում, կամ գոյություն ունի՞, արդյոք, Մեծն Կոմիտասի թանգարանը... չէր կարող հետաքրքրել, եվ չէր էլ կարող հուզել, քանզի հենց ձեր մեղսակից անտարբերությամբ Կոմիտասը ու նրա անմահ ժառանգությունը, այս ամբողջ ժամանակաշրջանում, դուրս էին մղվել մեր ժողովրդի կյանքից: Եթե այս տասնամյակներին նախորդող տարիներին կոմիտասյան շունչը թեւածում էր Հայաստանում ամենուրՙ պետական հեռուստատեսության երաժշտական ծրագրերում, համերգասրահներում հանդիսավոր որեւէ միջոցառում չէր անցնում առանց Կոմիտասի անվան լարային քառյակի, կամ Ակադեմիական երգչախմբի, իսկ երաժիշտ-մենակատարների, մեր դասական երգիչ-երգչուհիների երկացանկի զարդն էին կազմում կոմիտասյան գոհարները, ապա այսօր Կոմիտասն ասես օտարվել, հեռացվել է իրեն ծնած ու սնած ժողովրդից:

Եթե մի հարցախույզ անցկացնենք Երեւանի փողոցներում, անցորդների որ՞ տոկոսը տեղյակ կլինի հայ հանճարի կյանքից ու գործից... Վստահ եմ, տեղյակները կլինեն միայն միջին եւ ավելի բարձր սերնդի ներկայացուցիչների մեջ, իսկ երիտասարդության զգալի եւ գերակշռող հատվածի համար Կոմիտասն այսօր սոսկ փողոցի անվանում է...

Եվ ահա այս իրավիճակում տեղեկացանք, որ սիրիահայ բարերարի նվիրատվության շնորհիվ պետք է կառուցվի Կոմիտասի թանգարանը եւ դեռ ավելին, ստեղծվի նրա անունը կրող գիտա-մշակութային համալիր: Ավետաբեր մի լուր, որին, սակայն հաջորդեց բնական տարակուսանք...՛ տեղի ընտրությունը: Հայ Մեծերի պանթեոն... սրբավայր, ուր ննջում են Ավետիք Իսահակյանը եւ Վիլյամ Սարոյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը ու էլի ու էլի նվիրական բազում անուններ: Սրբավայր, ուր գալիս ես հարգանքի տուրք մատուցելու հայի անունը աշխարհով մեկ փառաբանած մեր հանճարներին:

Ինչո՞ւ հանկարծ մտադրվեցին հենց այստեղ, կամ ինչպես ասում ենՙ «հարակից տարածքում», կառուցել կոմիտասյան համալիրը, մի՞թե սոսկ այն պատճառով, որ զբոսայգին կրում է նրա անունը, թե՞ այն պատճառով, որ մեծ երաժշտի կերպարը սեւակյան հանճարի ուժով ասես դարձել է մեր եղերական անցյալի խորհրդանիշներից մե՞կը... Այս նույն տրամաբանությամբ, մի գուցե, կոմիտասյան համալիրը կառուցել Ծիծեռակաբերդու՞մ, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի հարեւանությամբ... Եվ, սակայն ինչո՞ւ...

Ժամանակակիցների հուշերում Կոմիտասը հառնում է որպես շատ կենսուրախ, կատակասեր, լուսավոր մի անձնավորություն, լույս է ճառագում նաեւ նրա ողջ արվեստը.. Չմոռանանք նաեւ նրա կյանքի կարեւորագույն առաքելությունը՛ վարդապետությունը...

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ... Մի՞թե կարելի է տարանջատել, իրարից զատել Կոմիտաս վարդապետին Սբ. Էջմիածնից: Եվ չէ՞ որ տարիներ առաջ հենց այստեղ էր գտնվում կոմիտասյան թանգարանը: Պատահական չէ նաեւ, որ հենց այստեղ, Էջմիածնի կենտրոնական հրապարակում, Սբ. Տաճարի հարեւանութամբ է վեր սլանում մեծն Երվանդ Քոչարի կերտած Կոմիտասը: Այո, այստեղ է թեւածում մեր հանճարի ոգին, եվ այստեղՙ Մայր աթոռի հարեւանությամբ, պետք է կառուցվի եւ վերաբացվի թանգարանը ու ստեղծվի կոմիտասագիտության կենտրոն-համալիրը: Իսկ Հայ մեծերի պանթեոնի տարածքում գտնվող շինության տեղում կարող է կառուցվել մի գողտրիկ եկեղեցի, ուր կղողանջեն զանգերը եւ Սբ պատարագներ կմատուցվեն ի փառս այնտեղ ննջող հայոց մեծերի...

ՄԱՐԳԱՐԻՏ ԹԱԽՏԱՋՅԱՆ, երաժշտագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4