«Քաղաքի օր» ամենամյա տոնակատարությունները մեզանում համեմատաբար նոր մշակույթ են` ծնունդ առած հատկապես մայրաքաղաքի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրինակով: Հանրապետության յուրաքանչյուր քաղաք, ելնելով իր նկարագրից, առանձնահատկություններից ու հնարավորություններից, յուրովի է նշում իր տոնը: «Գյումրու օրը» նշվում է 2003 թվականից, նախ` յուրաքանչյուր սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը, ապա այդ ժամկետը սկսեց տեղափոխվել եւ ամեն տարի որոշվել առանձին:
Երկրաշարժի բազմակողմ ծանր հետեւանքներից դեռ մեջքը չշտկած, գործազրկության ու համատարած կարիքի քաղաք Գյումրին, նաեւ արտագաղթից զգալիորեն նոսրացած բնակչությամբ, կարո՞ղ է այսպիսի տոն ունենալ եւ սրտանց ուրախանալ. այս հարցը երեւի շատերս ենք ամեն անգամ մեր մեջ տալիս ու առնում:
Անշուշտ, այս պայմաններում լիաթոք ուրախության կամ ինչ-որ համաժողովրդական ցնծության մասին խոսք լինել չի կարող, եւ կեղծ ու անհարգալից են հանրապետական որոշ իշխանական լրատվամիջոցների այն շուտասելուկ (իմա` սուտասելուկ) ռեպորտաժները, թե իբր այդ օրը գյումրեցիներն ուրախությունից աշխարհով մեկ էին եղել, աշխարհն իրենց էին տվել եւ նման այլ հերթական ծորուն անհեթեթություններ: Բայց կարծում ենք` ամեն ինչ իր տեղն ունի եւ քաղաքին, այո, ապրելու, առաջ գնալու համար նաեւ տոն է պետք: Միայն թե` նայած ինչպիսի տոն:
Շաբաթներ առաջ արդեն տասներորդ անգամ նշված «Գյումրու օրվա» ձեւավորված կաղապարն ամեն տարի ներառել է քաղաքի ղեկավարության կողմից հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների դիմավորում բնակավայրի մուտքի մոտ (այդպես չեղավ միայն այս տարի` ժամանողներ չլինելու պատճառով...), բնակարանային կամ որեւէ այլ կարեւոր նորակառույցի (եթե կան) հանձնում կամ արձանի բացում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքապետի եւ հիմնականում մայրաքաղաքացի պաշտոնյաների ու մշակույթի գործիչների միջեւ պատվավոր կոչումների, պարգեւների փոխանակում եւ վերջում` կենտրոնական հրապարակում տոնական համերգ, հրավառություն: Այս ամենի արանքում կարող էին լինել եւս մեկ-երկու այլ միջոցառումներ: Նշված բոլորը, այո, հենց միջոցառումներ են, բնակարանների հանձնումը` տոնական իրադարձություն, բայց դրանք տոնակատարություն ու տոնախմբություն չեն, ինչպիսին երեւի պետք է լինի «Քաղաքի օրը»:
Եղած դրականի հետ մեկտեղ, մինչեւ այժմ անցկացված «Գյումրու օր»-երի գլխավոր եւ ամենաէական թերությունը, մեր կարծիքով, այն է եղել, որ քաղաքի բնակչությունը, Գյումրու քաղաքացիները դրանցում ընդամենը դիտող, հանդիսատես են եղել: Դրանք չեն եղել իրոք համաքաղաքային տոնակատարություն ու տոնախմբություն, այլ եղել են ցուցադրանք` երկրի ղեկավար պաշտոնյաների, «թամաշա» եւ համերգ` քաղաքի ժողովրդի համար: Այսպիսի տոնը, թվում է, իրեն սպառել է, ուստի նույն կերպ շարունակելն այլեւս իմաստ չունի:
Փոխվել է քաղաքի ղեկավարությունը, բնականաբար` փոխվելու են նաեւ շատ հարցերի նկատմամբ մոտեցումները: Հաջորդ «Քաղաքի օրվան» պատրաստվելը չէր խանգարի սկսել արդեն այժմվանից, նախ եւ առաջ` դրա հստակ հայեցակարգի մշակումով: Որոշելով տոնի նպատակները, բովանդակային ուղղություններն ու ընդգրկումը, սահմանվող կայուն օրը (սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Գյումրու պայմաններում շատ հարմար է), կազմակերպման սկզբունքները, ֆինանսավորման աղբյուրները, քաղաքի տարածքում տարբեր միջոցառումների բաշխումը, կազմակերպիչների, մասնակիցների ենթադրվող շրջանակը եւ այլն:
Թվում է` «Քաղաքի օրվա» ծրագիրը պետք է լինի կոլեկտիվ ստեղծագործության արդյունք, ձեւավորվելով կազմակերպիչ հատուկ հանձնախմբի եւ քաղաքի տարբեր հաստատությունների, գեղարվեստական, ստեղծագործական, ուսումնական, հասարակական, գործարար եւ այլ կառույցների կոլեկտիվների ու անհատ քաղաքացիների գաղափարների, առաջարկությունների խելամիտ համադրմամբ: Նաեւ խորհրդակցելով մասնագետների` ազգագրագետների եւ այլոց հետ, բացառելով մասնակիցների ներգրավման վարչահրամայական մեթոդները, ուսումնասիրելով ու ստեղծագործաբար յուրացնելով մայրաքաղաք Երեւանի, այլ քաղաքների փորձը:
«Գյումրու օրը» պետք է որ ցույց տա քաղաքի ուրույն դիմագիծը, նրա պատմական հեռու ու մոտիկ անցյալի հիշարժան դրվագները, ավանդույթները, սովորույթները, կենցաղը, արհեստները, արվեստներն ու մշակույթը, նրա կյանքի այսօրվա հեւքը, վերականգնման, զարգացման ընթացքն ու ծրագրերը, գաղափարները... Այդ օրը ինքնաբուխ տոն պիտի լինի քաղաքի տարբեր հատվածներում, երգ ու պար, ցուցահանդես ու տոնավաճառ, տարբեր տեսակ համերգ ու հանդիսանք մեծերի եւ փոքրերի համար: «Էրեբունի-Երեւան» այս տարվա տոնակատարությունից առաջ կամավոր երիտասարդների օգնությամբ մաքրվեցին, լվացվեցին քաղաքի արձաններն ու հուշարձանները, որը, կարծում ենք, շատ կարեւոր գործ էր` ընդօրինակման արժանի: Երեւանում այդ օրվա ընթացքում տոնական հանդիսություններ էին կազմակերպվել քաղաքի տարբեր թաղամասերում պատրաստված 26 հարթակներում, նաեւ ըստ տարբեր նախասիրությունների, թող Գյումրիում էլ դրանք կազմակերպվեն գոնե 5-6 հարթակներում, հրապարակներում ու դահլիճներում: Մի անգամ համացանցից իմ քաղած` Ստեփանակերտ քաղաքի կարծեմ 2007 թվականի տոնի ծրագրում, օրինակ, ներառված էին տարաբնույթ մարզամշակութային, կրթական միջոցառումներ, հարսանյաց հանդեսներ` նվերների հանձնումով, ազգային ավանդական միջոցառումներ` ծիսակատարություններ, ազգային հին խաղերի ցուցադրում, լարախաղացներ, ազգային ճաշատեսակների ցուցահանդես, քաղաքային թեմայով գրական-երաժշտական երեկո եւ այլն, եւ այլն:
Տարբերակները շատ կարող են լինել, տարեցտարի փոփոխվելով ու հարստանալով նոր բովանդակությամբ, պահպանելով նաեւ եղած լավն ու քննություն բռնածը: Գյումրու անցած տոների միջոցառումներից որպես այդպիսիք նշենք բնակավայրի անցյալի հաջող թատերականացված դրվագները, քաղաքի համար կարեւոր նոր կառույցների հանձնումը, Գյումրու ամենամյա պարգեւների հանձնումը, վերջում կենտրոնական հրապարակի եզրափակիչ համերգ-հանդիսությունը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ