Ինչպես տեղեկացրել ենք, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Բախտինի պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը վերջերս սկսել էր բանակցել Վախթանգ Դարչինյանի պրոմոութեր Հենրի Շոուի հետ դեկտեմբերին Բալաշիխայում 2 բռնցքամարտիկների միջեւ մենամարտ կազմակերպելու հարցով: Խրյունովը նշել էր, որ Դարչինյանը բավականին փորձառու եւ վտանգավոր մրցակից է, որի հետ մենամարտը մեծ հետաքրքրություն կառաջացնի բռնցքամարտի սիրահարների շրջանում:
BBoxKO.ru կայքէջի թղթակիցն այս առնչությամբ կարճատեւ հարցազրույց է ունեցել Վախթանգ Դարչինյանի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
- Վախթանգ, վերջերս հայտարարել էիր, որ Ռուսաստանում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ անցկացնելու դեպքում մարզադահլիճում նվազագույնը 10 հազար հանդիսատես կհավաքվի, որոնք կաջակցեն քեզ: Ինչո՞վ է պայմանավորված նման վստահությունը:
- Կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում բացարձակապես ճիշտ եմ: Հայաստանը Ռուսաստանին մոտ է, Մոսկվայում էլ շատ են իմ հայրենակիցները: Երբ Մոսկվայում եմ լինում, հաճախակի երեկույթներ ենք կազմակերպում, որին մոտ 200 մարդ է մասնակցում: Այնպես որ համոզված եմ, որ եթե մարզասրահը 10 հազար հոգու համար է նախատեսված, ապա բոլորն էլ կերկրպագեն ինձ: Հաշվի առնելով Ռուսաստանում հայերը թիվը, դա նվազագույնն է, ինչին կարելի է սպասել:
- Ստացվում է, որ Մոսկվայում անցկացվելիք մենամարտը քեզ համար գործնականում սեփական հարկի տակ անցկացվելիք մրցավեճի կվերածվի:
- Իհարկե: Յուրաքանչյուր մարզասրահում էլ մարզասերների մեծամասնությունն իմ հայրենակիցները կլինեն:
- Իսկ ճի՞շտ է, որ դու մենամարտի համար ավելի շատ պարգեւավճար ես պահանջում, քան Գիլյերմո Ռիգոնդոն:
- Ես պահանջում եմ այնքան, որքան արժեմ: Ժամանակին ինքս եմ իմ անունը հանել քաշային կարգում, այնպես որ ամեն ինչ համարժեք է բռնցքամարտիկի իմիջին: Գիտեմ, որ իմ քաշային կարգում բռնցքամարտիկները լավ պարգեւավճարներ են ստանում: Ուստի ինչո՞ւ պետք է ես որեւէ մեկից պակաս վաստակեմ: