Հնդկաստանի Նագփուր քաղաքում անցկացված շախմատի մրցաշարին Հայաստանից մասնակցեցին գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը: Շվեյցարական մրցակարգով, 11 տուրով անցկացված մրցաշարում մեր շախմատիստները վաստակեցին 7,5 միավոր: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, Հարությունյանը զբաղեցրեց 15-րդ տեղը, Պետրոսյանըՙ 17-րդը:
Մեր շախմատիստները տոնեցին 7-ական հաղթանակ, մեկական պարտիաներ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 3-ական պարտություն: Ընդ որում պարտություններից մեկը նրանց գրանցվել էր 2-րդ տուրումՙ խաղին չներկայանալու համար: Բանն այն է, որ մեկ օրում մրցաշարի մասնակիցները պետք է անցկացնեին 1-ին եւ 2-րդ տուրերի մրցախաղերը: Մեկնարկային տուրում հաղթելուց հետո Գեւորգ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը հյուրանոցի իրենց սենյակում քնած էին մնացել ու չէին ներկայացել մրցախաղին:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Բանգլադեշի ներկայացուցիչ Զիաուր Ռահմանը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովից: 3-րդ տեղը 8,5 միավորով գրավեց ուկրաինացի Մարտին Կրավցիվը: