«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` 35 ՀԱԶԱՐ, ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԵՏԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխություններով 2013 թվականից նվազագույն աշխատավարձը սահմանվում է 35 հազ դրամ, իսկ անվանական աշխատավարձը` մոտ 46 հազար, տարբերությունը կազմելու են գործատուի վճարած հարկերը: Բյուջեի միջնաժամկետ ծրագրով այս բարձրացումն արդեն նախատեսված է եւ այս տեմպերով նվազագույն աշխատավարձն արդեն 2017 թվականին պետք է կրկնապատկվի: Երեկ Ազգային ժողովում այս հարցը ներկայացրած ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին պատգամավորների տված հարցերի գլխավոր ենթատեքստը, սակայն այն էր, որ դա բարձրացում չէ, երբ նվազագույն զամբյուղը շատ ավելի բարձր գումար է կազմում:

Մտքերի փոխանակության ժամանակ արտահայտվեցին բոլոր մտահոգությունները` միաժամանակ այս տեսակ օրինագծի ներկայացման դեպքում սովորաբար քաղաքական ենթատեքստի մեծ լուֆթն օգտագործելով:

ԲՀԿ-ական, տնտեսագետ Միքայել Մելքումյանը , պայմանավորելով այս սուղ բարձրացումը առաջարկ-պահանջարկային ու գնաճային ճնշումներով` եզրակացրեց, որ 35 հազ. դրամ նվազագույն աշխատավարձով բնակչության վիճակը չի բարելավվում: Ըստ նրա` նվազագույն աշխատավարձի սահմանը 50 հազարի մատույցներում է: ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը ԱՎԾ տվյալը բերեց` 53 հազար դրամ է կազմել նվազագույն զամբյուղը, այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը 35 հազ. դրամ սահմանում, չնայած գիտեր կառավարության պատասխանը` բյուջեի հնարավորությունն այդ է:

Սակայն Լ. Սարգսյանն էլ իր պատասխանն ուներ` օլիգարխիկ համակարգի առկայությամբ, ստվերային տնտեսությամբ իշխանությունը չի կարող նորմալ նվազագույն զամբյուղ ապահովել: Ըստ նրա` եթե միայն ընդերքից ստացված եկամտի արդար վերաբախշում լիներ` նվազագույն զամբյուղի խնդիր չէր առաջանա: «Ինձ համար նվաստացուցիչ է այսպիսի օրինագծի քննարկումը», ասաց նա:

ՀՅԴ-ական տնտեսագետ Արծվիկ Մինասյանը հարցը երեք հարթության մեջ դիտարկեց` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական` պահանջարկը խթանելը կարեւոր համարելով ու համոզված, որ միայն բարձրացված եկամուտի քաղաքականությունը կարող է խթանել պահանջարկը, խրախուսել արտադրությունը եւ ճգմաժամից կարելի է դուրս գալ: Մինչդեռ Հայաստանում խեղդվում է պահանջարկը: Իսկ նվազագույն աշխատավարձի մեջ հարկերն ու տուրքերը հաշվի չառնելը (այն արտացոլված է նոմինալ աշխատավարձի 46 հազար դրամում) կասեցնելու է աշխատավարձի որեւէ բարձրացում, որովհետեւ հարկային լրացուցիչ բեռ է առաջացնելու գործատուի համար: Այդպիսով ստվերն է խթանվելու: Նա նշեց այսօր քննարկվելիք ՀՅԴ օրենսդրական նախաձեռնության առաջարկի գինը` ավելի բարձր նվազագույն աշխատավարձ սահմանելու վերաբերյալ, 17 միլիարդ դրամ` ասելով, որ պետք է «ցտեսություն» ասել այն կառավարությանը, որ այդ 17 միլիարդը չի գտնում:

Զարուհի Փոստանջյանը , նշելով, որ կառավարությունն ասում է գումար չկա ավելի շատ բարձրացնելու, ասաց. «Ստում եք, գումար կա, միլիոնավոր դոլարների հասնող գումարներ կան, որոնք գողացվում են այս կամ այն անձանց կողմից»: Ռուբեն Հակոբյանը համոզված էր` նորմալ հարկային քաղաքականության դեպքում մեր բյուջեն մեկ երրորդով կավելա (նա եւս հանքարդյունաբերության ոլորտը կարգի բերելու կոչ արեց` նշելով, որ իմիտացիան ոչ մի տեղ չի տանի): Ամենահետաքրքրականը ԲՀԿ-ի պահվածքն էր, որի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից խիստ քննադատեց այդքան նվազ բարձացում նախատեսող կառավարությանը` հայտարարելով, որ 7 տոկոս աճը մարդկային զարգացման որեւէ պարամետրով ապահովված չէ, այլապես պետք է ավելի մեծ լիներ նվազագույն աշխատավարձի բարձրացումը: ԲՀԿ դիրքորոշումը բացասական էր` նախաձեռնության փիլիսոփայությունն ու գործիքակազմը ընդունելի չեն ԲՀԿ-ի համար, բայց որ «2,5 հազարով մեկ ընտանիքի մեկ օրվա հարց է լուծվելու, մեզ դնում եք երկընտրանքի առջեւ», այս վերջինն ասվում էր քվեարկության վերաբերյալ մտածելու առումով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատասխանը քննադատողներին չուշացավ. «Մեկն ասաց «ցտեսություն», կարոտ արթնացնող բառ է», նշեց` կատակելով, որ դա նշանակում է մինչեւ նոր տեսություն ու հույս է ներշնչում իրենց: Նա նաեւ ՀՀԿ-ի հիմնական ընդդիմախոսի վիճակը պատկերացրեց` (ԲՀԿ-ի), որ համ քննադատում է, բայց նաեւ մարդկանց բարեկեցությանն ուղղված քվեարկությանը չխոչընդոտելու խնդիր ունի, հիշեցրեց նաեւ նորանկախ Հայաստանի առաջին տարիների համանման ելույթները, որոնց հեղինակները հետո պաշտոնյա դառնալով ցույց տվեցին, որ ցանկությունն ու խոսքը տարբեր են: Նա համաձայն էր, որ հարցը ցավոտ է եւ, իհարկե, 35 հազարով մարդիկ չեն կարող ապրել. «Եթե լիրիկական մասերը հանենք` կարելի է համաձայնել որոշ առաջարկների հետ»: Բայց եւ պատասխանատվությունը ՀՀԿ-ինն է, որ հետեւողականորեն մեթոդիկա է կիրառելու բարձրացման:

Տեսնենք, թե ինչ պատկեր կլինի քվեարկության ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4