«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


«ԱԳՆ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԵՐԲ ԼԱՎ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»

Հայտնեց պետգույքի կառավարման վարչության պետը

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ վարչության 9 ամսվա գործունեության արդյունքներին, բայց ասուլիսի քննարկման հիմնական առարկան դարձավ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի կառավարության որոշումը:

Պատասխանելով հարցերինՙ Արման Սահակյանն ասաց, որ արտգործնախարարության շենքը վաճառվել է, երբ լավ առաջարկ է ներկայացվել: Նախկինում նույնպես եղել են առաջարկներ, բայց դրանցում ցածր գին է առաջարկվել: Եթե Երեւանի կենտրոնում, մասնավորապես ԱԳՆ շենքի շրջակայքում անշարժ գույքի շուկայական գները 1500-2000 դոլարի սահմաններում են 1 քմ-ի համար, ապա ԱԳՆ շենքի համար գնորդը վճարելու է 3600 դոլար 1 քմ-ի դիմաց: Արման Սահակյանը հիշեցրեց, որ այդ շենքը մինչ արտգործնախարարություն դառնալն ունեցել է այլ գործառույթներ եւս, եւ այստեղ տարբեր ծառայություններ են մատուցվել: «Այդ շենքն, ի վերջո, ոչ ոք իր հետ չի տանելու ոչ մի տեղ, շարունակելու է մնալ իր տեղում», ասաց պետգույքի կառավարման վարչության պետը, ավելացնելով նաեւ, որ նրա արտաքին տեսքի պահպանման վերաբերյալ կետն ամրագրված է պայմանագրով:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այլ շենքերի նկատմամբ լավ առաջարկ լինելու դեպքում ե՞ւս դրանք կվաճառվեն, Արման Սահակյանն ասաց, որ եթե լինեն լավ առաջարկներ, ապա դրանք քննարկման ենթակա կլինեն: Նա նշեց, որ կան նման խոսակցություններ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի վերաբերյալ, բայց հայտարարեց, որ առաջարկ այս պահին չկա: Նույնը նա ասաց նաեւ պետական կոնսերվատորիայի շենքի մասին:

Սեփականաշնորհման ժամանակ ներդրումային պարտականությունների կատարման պայմանագրերն այսուհետեւ ավելի են խստացվելու եւ դրանք չկատարելու համար նախատեսվելու են լուրջ տուգանքներ: Պետգույքի կառավարման վարչության պետը տեղեկացրեց, որ ներկայումս 4 մասնավորեցված հյուրանոցներ կան, որտեղ հիմնանորոգման եւ գործարկման աշխատանքները չեն կատարվել` «Դվինը», «Սեւանը», «Շիրակը» եւ Սասունցի Դավթի արձանի մոտի կիսակառույցը:

Ըստ Արման Սահակյանիՙ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, թե ինչքան շահութաբաժին պետք է վճարեն պետությանը, իսկ այդ ընկերություններում պետությունը կնշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կդիտարկեն թե ինչպես է կառավարում ընկերությունը, եւ առաջարկներ կներկայացնեն ընկերության առողջացման վերաբերյալ:

Մամուլի շենքում կշարունակեն գործել լրատվամիջոցներըՙ վճարելով միայն սպասարկման վճար, իսկ մյուսների համար կգործեն վարձակալության գներ: Արման Սահակյանը տեղեկացրեց, որ վերանորոգվել է այդ շենքի տանիքը, որոշ դեպքերումՙ միջանցքները, նախատեսվում է վերելակների եւ սանհանգույցների նորոգում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4