«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵՑ 250,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Ի ՆՊԱՍՏ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՆ

Հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում գումարված ՀԲԸՄիության 87-րդ ընդհանուր Ժողովի ավարտին տեղի ունեցած հրաժեշտի միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին, ընդառաջելով սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով հանգանակություն կազմակերպելու կոչին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած միության պատվիրակների ու հյուրերի կատարած նվիրատվությունների շնորհիվ հանգանակվեց 250 հազար ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին:

ՀԲԸՄիության կենտրոնական Վարչական ժողովի օգոստոսի 3-ի որոշումով մեկ միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օժանդակության պահեստի գումար էր առանձնացվել սիրիահայության կարիքների համար: Ավելի ուշ, ՀԲԸՄիությունը կոչով դիմել էր սփյուռքահայությանը` զանգվածային ու անհապաղ օգնության ձեռք մեկնելու սիրիահայ մեր հայրենակիցներին: Նվիրատվություններ կատարելու ՀԲԸՄիության կոչին ընդառաջել են բազմաթիվ հայրենակիցներ: Համադրելով իր աշխատանքները Սիրիահայ շտապ օգնության մարմնի հետ, որը համախմբում է համայնքի բոլոր հայկական կազմակերպությունները, Սիրիայի մեր կենտրոններում կազմակերպվում են մարդասիրական օգնության աշխատանքներ: Ի հավելումն սիրիահայությանը տեղում մարդասիրական օգնություն հասցնելու շարունակվող ծրագրին, ՀԲԸՄիությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համադրում է իր աշխատանքները Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպության շրջանակներում: Միության տրամադրած տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հայաստանում ապաստանած սիրիահայերն ամեն օր այցելում են կենտրոն, որտեղ հնարավորություն են ունենում հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու, ինչպես նաեւ իրենց հուզող հարցեր քննարկելու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվում է նաեւ անհրաժեշտ նյութական օգնություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4