«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ` ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ. ՀԻՄԱ ԷԼ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մեքսիկա այցելության շրջանակներում հոկտեմբերի 23-ին հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:

Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Նալբանդյանն ընդգծել է, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատիՙ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը ոչ միայն վնաս է հասցրել երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից:

Նախարարի բնորոշմամբ, նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:

Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն իր հերթին նշել է, թե տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետեւանքների մասին, պարզաբանումներ է տվել այդ կապակցությամբ եւ ընդգծել, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին, եւ խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաեւ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել են, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետեւանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծելՙ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով:

Ավարտելով այցելությունը Մեքսիկաՙ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Գվատեմալա:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4