«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ի եւ կառավարության միջեւ փոքրիկ լարվածություն երեւակվեց, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը սկսեց հետաքրքրվել այդ օրը բացակա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցերի աշխարահագրությամբ ու նպատակահարմարությամբ, նշելով, թե որպես հասարակ քաղաքացու իր համար հետաքրքրական է, թե ի՞նչ է անում մեր նախարարը Նոր Զելանդիայի, Կոնգոյի նման երկրներում (հատկապես այս կարգի երկրներ այցերը հասկանալի չէին Է. Վարդանյանին): Նրա կարծիքովՙ մի շարք թանկ եւ աննպատակահարմար այցերի միջոցները կարելի է խնայել եւ ուղղել նվազագույն աշխատավարձի նորմալ բարձրացմանը (երեկ քննարկվում էր նվազագույն աշխատավարձը 2013-ին 2500 դրամով բարձրացնելու օրինագիծը):

Հարցին պատասխանած վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական ենթատեքստ տեսավ հարցում, նշելով, թե Է. Վարդանյանին հազիվ թե բավարարի ըստ էության իր պատասխանը, մանավանդ Վարդանյանը, ըստ վարչապետի, այլ հարցերի հետ համադրելով էլ կարող էր հարց տալ, ասենք` ինչպես կարելի է այցելություններ անել, երբ երկրում 30 տոկոս աղքատություն է եւ այլն: Տ. Սարգսյանը չէր կիսում Վարդանյանի գնահատականները, մանավանդ այս նույն դահլիճում հաճախ է հակառակ քննադատություն արվում, որ միջազգային առումով ակտիվ չէ Հայաստանը: Ասաց, որ ԱԳՆ ղեկավարի այցելության երկրները եւ նպատակները քննարկվում են երկրի ղեկավարության հետ եւ ըստ այդմ այս կամ այն այցի նպատակահարմարության վերաբերյալ որոշում է կայացվում. Հայաստանի տեսակետը այս կամ այն երկրում տեղի ունեցող կարեւոր միջոցառման ժամանակ ներկայացնելը ազգային անվտանգության խնդիր է, ըստ վարչապետի, այդ այցերի համար նախատաեսված ֆինանսավորումն էլ սոցիալական խնդիրներ լուծելուն ուղղելու առաջարկը կոռեկտ չէ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրադարձությունների վրա, երբ երկու կողմերի միջեւ տեղի ունեցող հակամարտություններում հաճախ ներկա է երրորդ կողմ` Թուրքիան, որը փորձում է հեգեմոն դեր ստանձնել տարածաշրջանում` ի վերջո Իրանի դեմ դուրս գալու նպատակով, ու Ղարաբաղի հարցը ավելի ուշ հետագա զարգացումների մեջ դիտարկելու հնարավորությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգստացրեց, թե երկրում կան ինստիտուտներ եւ կենտրոններ, որոնք ուսումնասիրում եւ վերլուծում են զարգացումները եւ տեղյակ պահում Հայաստանի իշխանություններին, դրանց հիման վրա քայլեր են ձեռնարկվում, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Բացի այդ` ստրատեգիական գործընկերների` ԵՄ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ նույնպես զարգացումները եւ մարտահրավերները քննարկվում են, այնպես որ բացթողումները նրանց ներկայացրած տեղեկատվության շնորհիվ է լրացվում, իսկ ընդհանրապես` մեր հիմնական մոտեցումները երկրի ազգային-անվտանգության դոկտրինում արտացոլված են:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4