Բաց նամակՙ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ պարոն Անատոլի Մաթեւոսյանին
Հանգամանքների բերումով, 1993 թ. բնակություն ենք հաստատել Բեռլին քաղաքում: Երեւան քաղաքում ունեմ սեփական բնակարանՙ Թումանյան 3, բնակարան 11 հասցեում, որտեղ բնակվել է եղբորս տղայիՙ Հմայակ Ղուկասյանի ընտանիքը: Վերջինիս լիազորագիր եմ տվել, որպեսզի նա իմ սեփական բնակարանը վարձակալության հանձնի իր ընտանիքի գոյությունը ապահովելու համար:
Եղբորս տղան 2001 թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագիր է կնքել «Ջիվանյան ընդ)սան» ՍՊ ընկերության հետ եւ բնակարանը 10 տարով վարձակալության է տվել այդ ընկերությանը:
Բանն այն է, որ եղբորս տղան պայմանագրի տեքստը չի կարդացել եւ ստորագրել է այնՙ վստահելով ընկերության տնօրենին, որը պատրաստակամություն է հայտնել լինել իր երեխաների քավորը:
Պայմանագրում նշվել է, որ սույն պայմանագրի դրույթները պատշաճ պահպանելու դեպքում պայմանագրի ավարտման դեպքում պայմանագիրը կերկարացվի նույն ժամկետով եւ նույն պայմաններով:
Նախ նման դրույթը չպետք է տեղ գտներ այդ պայմանագրումՙ առանց իմ համաձայնության: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամանակով եւ այժմ, երբ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ դատարանի մեկ այլ վճռով վաղաժամկետ լուծվել է վերը նշված վարձակալության պայմանագիրը: Բացի այդ ես եմ այդ բնակարանի սեփականատերը եւ չեմ ցանկանում այն վարձակալության հանձնել:
Եվ վերջապես ընկերությունըՙ հանձին տնօրեն Նուբար Ջիվանյանի, այնպիսի խախտումներ է թույլ տվել, որ խոսք չի կարող լինել նոր պայմանագիր կնքելու մասին:
Պայմանագրով իմ բնակարանի նկուղը հանձնվել է «Ջիվանյան ընդ սան» ընկերությանըՙ այն օգտագործելու, բայց ընկերությունը այն սեփականաշնորհել է եւ գրավ է դրել: Դրանից մեծ խախտո՞ւմ: Այդ է պատճառը, երբ իմ բողոքով դեռեւս 2003 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել եւ հաստատել է մեր հաշտության համաձայնությունը, ըստ որիՙ «Ջիվանյան ընդ սան» ընկերության տնօրեն Նուբար Ջիվանյանը պարտավորվել է 05.09.2001 թ. կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կամ նշված պայմանագրի 8-րդ կետի համաձայն վաղաժամկետ լուծելուց հետո հաջորդ օրը հրաժարվել նկուղի սեփականատերը լինելու հավակնությունից եւ այդ նկուղը հանձնել ինձ: Պարտավորվում է նաեւ այդ ընթացքում նկուղը ոչ գրավ դնել, ոչ վարձակալի տալ, ոչ վաճառել եւ ոչ էլ նվիրել: Այդ որոշումը (2003 թ. դեկտեմբերի 12) օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:
Այն, որ նման ապօրինություն է թույլ տվել ընկերությունը, մեզ հայտնի է դարձել 2011 թ., այդ իսկ պատճառով էլ դիմել եմ դատական պաշտպանության: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Ներսիսյան) 2011 թ. հունիսի 28-ի վճռով վաղաժամկետ լուծել է 05.10.2001 թ. կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
Դատարանը գտել է, որ ընկերությունը խախտել է պայմանագրի դրույթները, ինչպես վերը նշվեց, նկուղի վերաբերյալ: Բացի այդ, դատարանը էական խախտում է համարել նաեւ այն հանգամանքը, որ ընկերությունը առանց սեփականատիրոջ համաձայնության փակել եւ հանել է մուտքի դուռը եւ բակի կողմի պատշգամբից նոր մուտք է բացել: Դատարանը գտել է նաեւ, որ իրոք խախտվել է իմ սեփականության իրավունքը եւ զրկվել եմ կնոջս տեղափոխելու Երեւան եւ բուժումը շարունակելու հնարավորությունից, քանի որ բժիշկներն են այդպիսի խորհուրդ տվել եւ որի մասին գործում համապատասխան փաստաթղթեր կան:
Այդ օրինական վճիռը (28.06.2011 թ.) ընկերությունը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, եւ դատարանը 07.12.2011 թ. որոշմամբ մասնակիորեն բեկանել է վերը նշված վճիռը եւ գործն ուղարկել է նույն դատարանին նոր քննության (նախագահող դատավորՙ Լ. Գրիգորյան):
Այս մասնակի բեկանումը վերաբերում է միայն նկուղին: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվել է, որ չի անդրադառնում պայմանագրին, քանի որ այն վաղաժամկետ լուծվել է եւ գործի քննության ժամանակ էլ լրացել է պայմանագրի ժամկետը: Գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն էլ չպետք է բեկաներ, քանի որ նկուղի վերաբերյալ ինչպես նշվեց, կա ՀՀ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում: Թե ինչո՞ւ է դատավոր Լ. Գրիգորյանը այդպես վարվել, թողնում եմ նրա խղճին, սակայն ավելի քան համոզված եմ, որ նա պաշտպանության տակ է վերցրել Նուբար Ջիվանյանին, թե ինչո՞ւ, կասեմ ստորեւ:
Նուբար Ջիվանյանը, օգտվելով այն հանգամանքից, որ պայմանագրի ժամկետը լրացել է, դիմել է դատարան եւ խնդրել է կնքված պայմանագրի համաձայն պարտավորեցնել ինձ իր հետ կնքել նոր պայմանագիրՙ եւս 10 տարի ժամանակով:
Այստեղ խնդրում եմ ուշադիր լինել, քանի որ կատարվել է չտեսնված կողմնապահություն եւ ակնհայտ անարդարադատություն, որի իրավունքը չունի որեւէ դատավոր: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ս. Թադեւոսյան), վարույթ ընդունելով նման հայցադիմում եւ իմանալով, որ իմ փաստաբանի միջնորդությունը պետք է ներկայացվի դատարան մասնակիորեն բեկանված մայր գործը եւ Ա. Թադեւոսյանի վարույթում գտնվող քաղ. գործը միացնելու մասին անում է անսպասելին: Շտապ, առանց կողմերին լսելու, հայտարարում է վճռի հրապարակման օրՙ 21.05.2012 թ. եւ այդ օրը վճռով պարտավորեցնում է ինձ կրկին 10 տարով պայմանագիր կնքել Նուբար Ջիվանյանի հետ նույն պայմաններով, ինչ որ նշված է 05.10.2011 թ. պայմանագրում:
Վճիռը չի հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է հայցը բավարարի, ուշադրություն չի դարձրել կամ ավելի ճիշտՙ չի ցանկացել ուշադրություն դարձնել այն հանգամանքների վրա, որ վճռով վաղաժամկետ լուծել է պայմանագիրը խախտումներ թույլ տալու համար, որի մասին վերը նշվեց: Չէ՞ որ 2001 թ. կնքված պայմանագրում նշված էր, որ վարձակալը պայմանագրի դրույթները պատշաճ պահպանելու դեպքում պետք է նոր պայմանագիր կնքել: Ինչ է, դատավոր Ս. Թադեւոսյանը իր կոլեգայի կայացրած վճռից եւ հիմնավորումներից տեղյակ չէ՞, որ 2001 թ. պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է էական խախտումներ թույլ տալու համար եւ նման պայմաններում ի՞նչ պարտավորեցնելու մասին է խոսքը: Նոր պայմանագիր կնքելը կլինի ստրկացուցիչ պայմանագիր:
Լավ, նման դեպքերում ես մտածում եմ, որ առաջինՙ Ա. Թադեւոսյանի գիտելիքները բավարար չեն եւ չի հասկացել, թե ինչ է անում, եւ երկրորդՙ պաշտպանության տակ է վերցրել Նուբար Ջիվանյանին: Համոզված եմ, որ երկրորդ տարբերակով է շարժվել դատավոր Ս. Թադեւոսյանը. ահա թե ինչու:
Ջիվանյանը իմ բնակարանը արդեն 10 տարուց ավելի դարձրել է այսպես կոչված «Փակ ռեստորան», որի ծառայություններից օգտվում են շատ ու շատ պաշտոնատար անձինք:
Նման պայմաններում, դատարանի օրենքը թողածՙ նյութապես ապահովված անձի է պաշտպանում: Ի՞նչ է, օրենքը նրա՞նց համար է, թե՞ բոլորի: Ի՞նչ անեմ, ես էլ թոշակառու եմ եւ ազգանունս էլ Ջիվանյան չէ: Մի խոսքով, ես խնդրում եմ հետամուտ լինել իմ գործին, որը բացարձակ ճշմարտություն է:
Եթե կատարվի միայն օրենքի պահանջը, ապա ես իրավունք կունենամ բնակվելու իմ սեփական բնակարանում:
ԱԼԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ