Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15869 գործարք, ինչը 13 տոկոսով ավելի է հուլիսի եւ 1,4 տոկոսով` 2011-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատՙ 6,9 տոկոսով: 4686 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 72,4 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 57,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հուլիսի համեմատ, օգոտոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 15,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել 7,8 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել ենՙ 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել. (տես աղյուսակ I)
Մարզերում, բացառությամբ Երեւանի, 2012-ի օգոստոսին վաճառվել են 406 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 11,2 տոկոսով, իսկ 2011-ի օգոստոսի համեմատ 1,2 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ-ի գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 113 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:
2012-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 397 գործարք, որից 126-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` 8,4 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 25,7 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել. (տես աղյուսակ II)
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ը կազմել է 154 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 134 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 129 հազար դրամ, Գորիսըՙ 127 հազար դրամ, Ջերմուկըՙ 122 հազար դրամ, Իջեւանը` 121 հազար դրամ, Բյուրեղավանըՙ 120 հազար դրամ 1 քմ-ի դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2012-ի օգոստոսին, 2011-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 1,1 տոկոսով:
2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ վարձակալության գործարքները աճել են 11,8 տոկոսով, իսկ 2011-ի օգոստոսի համեմատ` 21,1 տոկոսով:
Օգոստոսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 162 գործարքներ, որից 112-ը` Երեւանում: 2012-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 5,3 տոկոսով, ընդ որում, Երեւանում աճել` 13,1 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 30,6 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 16,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 18,2 տոկոսով, իսկ մարզերում` 12,3 տոկոսով:
Այսպիսով, օգոստոսին եւս Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները էական փոփոխությունների չեն ենթարկվել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) օգոստոս 2011թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2012թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2012թ. |
Կենտրոն | 438200 | 416800 | 415050 |
Արաբկիր | 337800 | 343700 | 342800 |
Քանաքեռ-Զեյթուն | 262900 | 272500 | 270100 |
Նոր Նորք | 226600 | 235000 | 232050 |
Ավան | 247400 | 245050 | 243000 |
Էրեբունի | 234300 | 239600 | 238300 |
Շենգավիթ | 223100 | 240600 | 238500 |
Դավթաշեն | 258100 | 265000 | 263100 |
Աջափնյակ | 221200 | 231400 | 229800 |
Մալաթիա-Սեբաստիա | 227400 | 229800 | 228400 |
Նուբարաշեն | 145400 | 140500 | 140200 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 256600 | 260000 | 258300 |
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) օգոստոս 2011թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2012թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2012թ. |
Կենտրոն | 453400 | 464500 | 463800 |
Արաբկիր | 363300 | 370500 | 369600 |
Քանաքեռ Զեյթուն | 269100 | 282000 | 280500 |
Նորք-Մարաշ | 292100 | 308000 | 307100 |
Ավան | 250800 | 261500 | 260400 |
Էրեբունի | 240800 | 229300 | 228800 |
Շենգավիթ | 235000 | 246200 | 245100 |
Դավթաշեն | 272400 | 264000 | 263800 |
Աջափնյակ | 234000 | 240000 | 239600 |
Մալաթիա-Սեբաստիա | 235600 | 229500 | 228000 |
Նուբարաշեն | 150100 | 144500 | 144500 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 272400 | 276400 | 275600 |