Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, մեկնարկել է «Կինոաշուն 2012»-ը, որի առթիվ մարզերում, ուսումնական հաստատություններում, զորամասերում ցուցադրվում է հայկական հին ու նոր ֆիլմեր, կազմակերպվում հոբելյանական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ եւ այլն:
Այս անգամ «Կինոաշունը» տոնեց անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանի 90-ամյակը հենց իր ծննդավայրում` Ալավերդիում: Յու. Երզնկյանին նվիրված երեկոյին ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը , ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, Յու. Երզնկյանի դուստրը` Անիտա Երզնկյանը եւ որդին` Ռուբեն Երզնկյանը, ինչպես նաեւ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Յուրի Երզնկյանն իր ռեժիսորական գործունեությունը կինոյում սկսեց նկարահանելով բազմաթիվ կինոժուռնալներ ու վավերագրական կինոնկարներ, որոնք երիտասարդ ռեժիսորին դասեցին հանրապետության ակնառու վավերագրողների շարքին:
Նրա նկարահանած «Առաջին սիրո երգն» իր ամեն մի դրվագով հայկական է, ազգային` բեկնազարյանական կինոյի ակունքներից սերված: Այս ֆիլմը մեր կինոարվեստի այն հազվադեպ գործերի թվին է պատկանում, որի հանդիսականը միլիոնների է հասնում: Խոսքը կինոթատրոնների հանդիսականների մասին է... Ավելին, Խորհրդային Միությունում չկար մի հեղինակավոր բեմահարթակ, մշակութային օջախ, ուր չհնչեր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը:
Յու. Երզնկյանը «Խաթաբալա» ֆիլմի մասին ասել է. «Այս ֆիլմի էկրանավորման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե սերը դեպի այդ գործն ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր «Խաթաբալան» բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում»:
Այսօր, երբ նորովի ես նայում Յու. Երզնկյան ռեժիսորի այն ֆիլմերը, որոնք ժամանակին վերապահումով էին գնահատվում, կարծիքդ փոխվում է, երբ էկրանից հաղորդակցվում ես պրոֆեսիոնալիզմով հագեցած նրա ինքնատիպ գեղարվեստական ֆիլմերի հետ: Զանազանելով նրա նկարահանած ֆիլմերի լավն ու վատը, տեսնում ես, որ Յուրի Երզնկյանի պրոֆեսիոնալիզմը զգացվում է ոչ միայն ռեժիսուրայում, այլեւ դերասաններին, նկարիչներին, կոմպոզիտորներին ընտրելիս: Նա նաեւ կինոյի փայլուն տեսաբան եւ քննադատ էր: Յուրի Երզնկյանի նկարահանած բազմաթիվ ֆիլմեր ճանաչողական ու հրապարակախոսական խոր հնչեղություն ունեն, այդ թվում «Ո՞ւր ես գնում, զինվոր», «Գոտեմարտ», «Հրաժեշտի 5 նամակ» եւ այլ կինոնկարներ: Հայ կինոյին մատուցած ծառայությունների համար նա արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման եւ Հայաստանի պետական մրցանակի:
Զրուցեցինք Յուրի Երզնկյանի դստեր` Անիտա Երզնկայնի հետ. «Յուրի Երզնկյանը մեծացել է արվեստագետների շրջապատում, որն էլ տարավ նրան մշակույթի ուղղությամբ: Յու. Երզնկյանը շատ աշխատասեր էր եւ անընդհատ ստեղծագործում էր: Նույնիսկ ֆիլմարտադրության դադարի պահերին նա գիրք էր գրում, թերթ էր թողարկում: Նա շատ հաճախ անդրադառնում էր գրական ստեղծագործություններին` հասկանալով, որ շատ կարեւոր է գրական հենքը» ասաց նա:
Յու. Երզնկյանի սաներից Հովհաննես Գալստյանն էլ իր հերթին հիշեց, որ 90-ական տարիներին իր վարպետը սաներին ստիպում էր անգործության չմատնվել եւ ժապավենի վրա ֆիլմ նկարահանել:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ