«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՈՒԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄՈՅԹԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Գերմանիայի Շտուտգարթ քաղաքում այս օրերին տեղի ունեցող «Հայկական մշակութային օրերի» շրջանակներում, որը կազմակերպուել էր Հայ եկեղեցու Բադեն-Վիւրթեմբերգի հայ համայնքի եւ նրա ժրաջան հոգեւոր հովիւ Տ. Տիրատուր քհնյ. Սարդարեանի նախաձեռնութեամբ, Գերմանիայում էր գտնւում նաեւ «ՆԱՐԵԿԱՑԻ» Ժողովրդական նուագարանների համոյթը: Համոյթը համերգներով հանդէս եկաւ Շտուտգարթ (20 հոկտեմբեր), Քէօլն (21 հոկտեմբեր) եւ Հանաու (22 հոկտեմբեր) քաղաքներում:

Թէեւ համոյթը Եւրոպական Միութիւն մուտքի արտօնագրերի դժուարութիւնների պատճառով ստիպուած էր Գերմանիա ժամանել աւելի փոքր կազմով, այնուհանդերձ նրա անդամները իրենց փայլուն կատարումներով կարողացան գերել ներկայ հայ եւ օտար հանդիսատեսների սիրտը եւ արժանանալ բարձր գնահատանքի:

Շուրջ մէկ եւ կէս ժամանոց համերգային ծրագիրը ներառնում էր հայկական հոգեւոր, դասական, գուսանական, ժողովրդական երգերի ու նուագների մի ընտրանի, որոնք փայլուն կերպով ներկայացրեց համոյթը` գեղարուեստական ղեկավար Յովիկ Սահակեանի ղեկավարութեամբ եւ մեներգչուհի Անուշ Ստեփանեանի մատուցմամբ: Ժողովրդական տարբեր նուագարանների (թառ, ուդ, քամանչա, դուդուկ, քանոն) վրայ հնչեցրած մենանուագները նոյնպէս արժանացան ունկնդիրների գնահատանքին:

Հայ եկեղեցու Հեսընի հայ համայնք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4