«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


«ՄԻԿԱՅԻ» ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍՊՈՐՏՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի ֆեդերացիան էլ առայժմ չի մեծարել շախմատիստուհիներին

Իսրայելի Էլյաթ քաղաքում վերջերս անցկացված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում մեծ նվաճման հասավ Երեւանի «Միկա» կանանց թիմըՙ դառնալով արծաթե մրցանակակիր: Անհատական հաշվարկում էլ Էլինա Դանիելյանն 1-ին խաղատախտակի վրա արժանացավ բրոնզե մեդալի, իսկ Լելա Ջավախիշվիլին 4-րդ խաղատախտակի վրա հաջող ելույթի համար պարգեւատրվեց արծաթե մեդալով:

Երեկ շախմատիստի կենտրոնական տանը թիմի հայ անդամներըՙ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը եւ «Միկա» ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը հանդիպեցին լրագրողներին:

Սկզբում մրցաշարի մասին իրենց տպավորությունները հայտնեցին «Միկայի» շախմատիստուհիները:

Էլինա Դանիելյան - Անկեղծ ասած, մենք այդ մրցաշարում արծաթե մեդալների ակնկալիք ունեինք: Նախորդ խաղարկություններում թիմը մեկ անգամ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 3 անգամ էլ արժանացել էր բրոնզե պարգեւների: Այնպես որ այժմ մենք բոլոր գույնի մեդալներն էլ ունենք մեր հավաքածուում: Ինչ խոսք, մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել, Մոնտե Կառլոյի թիմը փաստորեն աշխարհի հավաքականն էր: Մենք լավ չսկսեցինք մրցաշարը, 2 անընդմեջ պարտություն կրեցինքՙ զիջելով «Յուգրային» եւ Մոնտե Կառլոյի թիմին: Հետագայում հավաքվեցինք, շտկեցինք դրությունն ու արժանացանք 2-րդ մրցանակին, որի համար շատ ուրախ եմ:

Լիլիթ Մկրտչյան - Իսկապես, երբ 2 անընդմեջ պարտություն կրեցինք, հայտնվեցինք մի այնպիսի իրավիճակում, որ մրցանակակիր դառնալու համար հարկավոր էր հաղթել մնացած 4 մրցախաղերը: Մենք գիտակցում էինք, որ չպետք է այլեւս «սայթաքենք»: Նաեւ հույս ունեինք, որ «Յուգրան» 2 դժվարին մրցախաղերում կպարտվի: Այդպես էլ եղավ ու մենք արծաթե մեդալ նվաճեցինք: Շատ ուրախ եմ այս հաջողության համար: Իսկապես սա մեծ նվաճում էր մեզ համար:

Աննա Հայրապետյան - Այնպես ստացվեց, որ ինձ բախտ չվիճակվեց գոնե մեկ պարտիա խաղալու Իսրայելում: Աղջիկները բավականին լավ մարզավիճակում էին, բացի այդ էլ վերջնագծում այլեւս միավոր կորցնելու իրավունք չունեին: Ուստի խաղաց թիմի ուժեղագույն կազմը: Իմ ներկայությամբ աշխատում էի հոգեպես նպաստել թիմի հաջող մրցելույթներին: Աղջիկները բավականին լավ հանդես եկան ու արժանի հաղթանակ տոնեցին:

«Միկա» թիմի տնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց, որ մրցաշարը շատ կարճ էր, ընդամենը 7 տուր: Սկզբում մտադրվել էր, որ Աննա Հայրապետյանն էլ խաղա, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված էր մշտապես միեւնույն կազմը մրցասպարեզ դուրս բերել:

Ասուլիսը վարող շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի կարծիքով «Միկան» այս մրցաշարում շատ կայուն ելույթներ ունեցավ: Անհատական ցուցանիշներով էլ մեր շախմատիստուհիները լավագույնների թվում էին: Եվ եթե հաշվարկը կատարվեր վաստակած միավորներից ելնելով, ապա Լելա Ջավախիշվիլին 4-րդ խաղատախտակի վրա արծաթի փոխարեն ոսկե մեդալ կնվաճեր, իսկ Լիլիթ Մկրտչյանը 3-րդ խաղատախտակի վրա կարժանանար բրոնզե մեդալի:

Իսկ ի՞նչ արձագանք է ստացել «Միկայի» հաջողությունը, ինչպիսի՞ պարգեւավճարներ են նախատեսված շախմատիստուհիների համար: «Ազգի» այս հարցին Աշոտ Վարդապետյանը ցավով նշեց, որ շնորհավորանքներ են ստացել միայն շախմատիստներից ու մարզիչներից, իսկ ահա քաղաքի իշխանությունները, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, նույնիսկ շախմատի ֆեդերացիան անտարբեր են «Միկայի» նման նվաճման հանդեպ: Հարցը միայն դրամական խրախուսման մեջ չէ, այլ ընդհանրապես վերաբերմունքի: Ճիշտ է, «Միկա» ակումբը մասնավոր է, որը հովանավորում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովը: Հենց վերջինիս ջանքերի շնորհիվ էլ «Միկայի» կանանց թիմը 2005-ից մասնակցում է Եվրոպայի ակումբային առաջնությանը: Նա մեծ ներդրում ունի ակումբային շախմատի հիմնադրման գործում: Ժամանակին Եվրոպայի ակումբային առաջնություններին մասնակցել է նաեւ տղամարդկանց «Միկա» թիմը: Սակայն այս անգամ ֆինանսական դժվարությունների պատճառով որոշվեց Իսրայել թիմ չուղարկել: Հաշվի էր առնվել նաեւ, որ շախմատի օլիմպիադայից հետո մեր շախմատիստները բավականին հոգնած են, ինչը կարող էր բացասաբար անդրադառնալ նրանց մրցելույթների վրա:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Դանիելյանն ու Մկրտչյանը նշեցին, որ մեկնում են Ծաղկաձոր, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացնելուՙ նախապատրաստվելով Խանտի Մանսիյսկում կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը: Մեր շախմատիստուհիները հույս հայտնեցին, որ հնարավորինս հաջող ելույթներ կունենան: Այնուհետեւ Էլինա Դանիելյանը Լեւոն Արոնյանի հետ մասնակցելու է Չինաստանում կայանալիք ինտելեկտուալ խաղերի փառատոնին:

Դեկտեմբերի վերջին անցկացվելու է քաղաքների աշխարհի թիմային առաջնությունը, որին հրավեր է ստացել նաեւ Հայաստանը: Աշոտ Վարդապետյանը, որը նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, նշեց, որ դեռեւս պարզ չէ մասնակցության հարցը: Այդ մրցաշարին պետք է թիմ ներկայացնի Երեւան քաղաքը: Դեռեւս Երեւանի քաղաքապետի հետ այդ հարցով հանդիպում չի կայացել: Շախմատիստներից շատերն իրենց անձնական ծրագրերն ունեն ու մրցաշարերի են մասնակցում, այնպես որ դժվար կլինի թիմ կազմավորելը: Մինչդեռ հարկավոր է մինչեւ հոկտեմբերի վերջը մրցաշարի կազմակերպիչներին հստակ պատասխան տալ:

Աշոտ Վարդապետյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանը լինելով շախմատային հզոր կենտրոններից մեկը, մինչ օրս չի կազմակերպել բաց մրցաշար աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Նա Երեւանի քաղաքապետարան ծրագիր է ներկայացրել, ըստ որի 2018-ին, երբ կնշվի Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, առաջարկել է շախմատային փառատոն կազմակերպել: Սակայն այդ հարցը դեռեւս չի քննարկվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4