Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի մրցաշարի 3-րդ տուրում Դոնեցկում 2-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով «Չելսիի» նկատմամբ, «Շախտյորը» 7 միավորով միանձնյա գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Արդեն 3-րդ րոպեին Տեյշեյրայի խփած արագ գոլի շնորհիվ «Շախտյորի» ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ զգացին ու ողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: Եվ եթե դաշտի տերերն իրացնեին գոլային պահերը, ապա կարող էին խոշոր հաշվով հաղթել: Գոլ խփելու մի քանի լավ առիթ էլ ներկայացավ ակտիվությամբ աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանին, սակայն հաջող խաղաց «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը:
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Լոնդոնի «Չելսին» լավ թիմ է: Արագ գոլի շնորհիվ խաղալը բավականին հեշտացավ: Մրցակցի պաշտպանությունում ազատ գոտիներ առաջացան եւ մենք կարողացանք գոլային պահեր ստեղծել: Միայն ափսոս, որ չհաջողվեց բոլոր պահերն իրացնել: Սակայն գլխավորը հաղթանակն էր: Ներկայումս «Շախտյորը» վերելքի մեջ է եւ պետք է աշխատենք, որ առաջընթացը շարունակվի: Դեռ ոչինչ ավարտված չէ խմբային մրցաշարում: Մեզ հարկ կլինի դեռեւս շատ աշխատել»:
Իսկ ահա թե ինչպիսի կարծիք են հայտնել թիմերի գլխավոր մարզիչները:
Միրչա Լուչեսկու («Շախտյոր») - Խաղն անցավ այնպես, ինչպես մտադրվել էի: «Չելսիի» հետ մրցավեճը վերջին շրջանում «Շախտյորի» անցկացրած հանդիպումներից ամենադիտարժանն էր: Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցին: Կարող եմ հաստատել, որ ներկայիս «Չելսին» ավելի ուժեղ է այն թիմից, որը մայիսին նվաճեց չեմպիոնների գավաթը: Ուստի մեր հաղթանակն ավելի է արժեւորվում: Մենք կարող էինք նույնիսկ խոշոր հաշվով հաղթել, սակայն Չեխը հրաշքներ էր գործում: Սա շատ կարեւոր հաղթանակ էր, սակայն մենք դեռ ոչնչի չենք հասել: Առջեւում դժվարին 3 հանդիպումներ են, որոնց ելքը գուշակելն անհնար է:
Ռոբերտո դի Մատեո («Չելսի») - Հերթական անգամ համոզվեցինք, որ «Շախտյորն» ուժեղ մրցակից է, որը հաջող է խաղում անգլիական ակումբների դեմ: Խփած արագ գոլն էլ լրացուցիչ լիցք հաղորդեց դաշտի տերերին: 2-րդ խաղակեսում մենք ավելի լավ հանդես եկանք, սակայն 2-րդ գոլը բաց թողեցինք: Այսօր «Չելսին» իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Թիմը ֆիզիկապես եւ հոգեբանորեն լավ է պատրաստված, սակայն այսօր ինչ-որ բան չբավականացրեց: Մենք մեր ուժը ցույց կտանք հաջորդ խաղում: Մենք պարտավոր ենք սեփական հարկի տակ կայանալիք 2 խաղերում էլ հաղթել: Համոզված եմ, որ Լոնդոնում «Շախտյորին» լուրջ փորձություն է սպասում: Սեփական հարկի տակ մենք շատ ուժեղ ենք:
E խմբի մյուս խաղում անակնկալ մատուցեց դանիական «Նորդշելանը», որը ոչ-ոքի (1-1) ավարտեց մրցավեճը «Յուվենտուսի» հետ:
Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն, որ նախորդ 2 խաղերում հաղթել էր «Բավարիային» եւ «Լիլին», սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց իսպանական «Վալենսիային»: «Բավարիան» էլ հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնեց «Լիլին»: Վերջինս դեռեւս միավոր չի վաստակել, իսկ խմբի մյուս 3 ակումբներն ունեն 6-ական միավոր:
G խմբում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Բարսելոնը», որը միայն ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»: «Բարսելոնի» կիսապաշտպան Խավին թիմի կազմում միջազգային 150-րդ հանդիպումն անցկացրեց: Դրանցից 129-ը նա անցկացրել է չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով Խավին «Բարսելոնի» ռեկորդակիրն է: Իսկ բացարձակ ռեկորդը պատկանում է «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիին (181 խաղ):
G խմբի մյուս խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբՙ տոնելով 1-ին հաղթանակը: «Սպարտակը» 3 միավորով 3-րդ տեղում է:
Դրամատիկ ելք ունեցավ H խմբի «Բրագա»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը, որում անգլիական ակումբը սկզբում 2 գոլ բաց թողնելով, ի վերջո կամային հաղթանակ տոնեց 3-2 հաշվով: Անգլիական թիմը 9 միավորով առաջատարն է: «Գալաթասարայ»-ՉՖՌ խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 1-1:
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 6-7-ին: Նոյեմբերի 7-ին «Շախտյորը» Լոնդոնում կհյուրընկալվի «Չելսիին»: