«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ՃԿՈՒՅԹ ԿՏՐԵ՞ՆՔ, ՈՐ ԱՇԽԱՏԵՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ի՞նչ պետք է անի ՀՀ սովորական քաղաքացին, անգամ եթե նա դատապարտյալ քաղաքացի է, որ նրա ձայնը տեղ հասնի: Արդյոք եվրոպական պարտավորությունները, որ ստանձնում են մերոնք, եվրոպաշտոնյաների առջեւ ծեքծեքումները, թե ամեն ինչ արվում է դատաիրավական համակարգը բարեփոխելու, միայն ինֆորմացիոն խա՞յծ են` կայքեկայք, եթերից եթեր փոխանցվող, եւ դրանց բովանդակությունը հնարավոր չէ մոտեցնել կյանքին գոնե մի քանի միլիմետրով: Արդյոք մարդն իրեն լսելու համար պե՞տք է ճկույթը կտրի, բերանը կարի կամ ինքնահրկիզվի, կամ էլ նախագահի նստավայրի մոտ օրերով նստի, որ նրան լսեն կամ նրա գործին ընթացք տան:

Համենայն դեպս` երեկվա սահմռկեցուցիչ լուրը խոսում է այն մասին, որ , այո՛, սովորական դիմում-բողոքներով, նամակներով կամ բանավոր խոսքով մարդը չի կարողանում իրեն լսելի դարձնել:

Այլապես ինչպե՞ս լսել կամ ընթերցել այն լուրը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած ու հացադուլի ճանապարհով անգամ իր խոսքը լսելի չդարձրած դատապարտյալ մարդը` Սերոբ Մխիթարյանը, այլ միջոց չունենալով համապատասխան իրավասուների ուշադրությունն իր բողոքի վրա բեւեռելու, կտրել է իր ճկույթը եւ ուղարկել «Հենարան» կայքի խմբագրություն, իսկ նրա երկու բախտակիցներն էլ կարել են բերանները:

Այդ ի՞նչ հիմնարկ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, արդյո՞ք Բաքվի բանտը կամ մի հարյուր տարի առաջվա Շուշիի սարսափելի բերդը, որոնց մասին էին միայն սովորաբար այս կարգի սահմռկեցուցիչ միջադեպեր պատմում: Իսկ ի՞նչ է զգում ընթերցողը, երբ այդպիսի լուր է կարդում, ի՞նչ ցանկություն է առաջանում. ճիշտ եք, նախ` տասնմեկհարկանի մի հայհոյանք է ուղիղ գծով մինչեւ վերեւ բոլոր իրավասուներին ուղարկվում, հետո դառնություն եւ անզորություն է պատում նրան, թե այս ինչ երկրում ենք ապրում, հետո լսողները միմյանց հետ փոխանակում են սովորաբար անզորությունից ծնվող հայտնի խոսքերը, թե այս երկիրը երկիր չէ, այստեղ մարդը մարդ չէ, այստեղ ոչ ոք իր իրավունքը չի կարող պաշտպանել, եւ այսպես շարունակ:

Ու վերջում շրխկում է էլ ավելի հայտնի խոսքը` երթալը կփրկի: Բա ի՞նչ մտածի մարդը, որ իշխանամետ կայքից իմանում է դատապարտյալի հուսահատության ճիչի մասին, թե` 4 հոգով հացադուլի են, բայց ոչ բժիշկ են կանչում, ոչ շան տեղ են դնում, ոչ էլ լսում են դատապարտյալին, որը նույնպես մարդ է, ազատազրկված, բայց` մարդ: Ու էդ ազատազրկված մարդը, որ տեսնում է էլ ոչ մի միջոց չունի խոսքը հասցնելու իրավասուներին` վերցնում ու ճկույթն է կտրում եւ ուղարկում լրատվամիջոցի, որ գոնե լրատվամիջոցներն իր ձայնը տեղ հասցնեն:

Բա երկրի նախագահ, չբռնես ու էդ ողջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն ուղարկես այնտեղ, որտեղ պետք է, քանի որ հենց նախագահին են պատվից գցել, հենց նախագահն է նստում ու խորհրդակցություն անում, թե աշխատանքի ձեւը պետք է փոխվի, իրավապահ համակարգը պետք է վստահություն եւ պատկառանք ներշնչի, մեզ մոտ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, իրավապահն էլ` պրոֆեսիոնալ ու բարեխիղճ: Որտեղից վստահություն ներշնչվի, որ 20 տարեկան դատապարտյալի մայրն ասում է, թե երկուշաբթի օրվանից որդին հացադուլ է հայտարարել, ոչ ոք նրա ձայնը չի լսում: Մարդը դատվել է գողության համար, բայց ասում է` իրեն սխալ են դատել, վերանայեք գործը: Չենք ասում ` դատապարտյալը 100 տոկոսով ճիշտ է, էս գլխից նման բան ասել չենք կարող, բայց բողոքում է, չէ՞, սխալ դատավճռից, ու մեր երկրում վերեւից ներքեւ բոլորը գիտեն, թե, իրոք, որքան կողմնակալ ու սխալ դատավճիռներ են լինում: Ուրեմն ինչո՞ւ պիտի հասարակությունը հավատա, որ տվյալ դեպքում դատավճիռ արձակողներն են ճիշտ, կամ ի՞նչն է խանգարում լսել դատապարտյալի բողոքը: Ճկո՞ւյթը պետք է կտրի, որ ՄԻՊ-ը սուրա քրեակարտարողական հիմնարկ` երեկ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը 4 բողոքող դատապարտյալների գործով մեկնել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, շատ արագ արձագանքման խումբ է, որ հացադուլի չորորրդ օրը, այն էլ ճկույթ կտրելուց ու բերան կարելուց հետո է հայտնվում տեղում: Դե գոնե էդ գնով ՄԻՊ խումբը դիմումները վերցրել է բողոքողներից:

Ընդհանրապես` ե՞րբ պետք է մերոնք մարդուն լսել սովորեն, ժամանակին օգնեն` իրավական համակարգից մինչեւ պետական այլ կառույցներ: Ամիսներ առաջ չէ՞ր, որ նախկին սպան ինքնահրկիզման միջոցով իր հարցերը լուծեց, ու այն էլ ի վերջո դրանք լուծվեցին ոչ թե իրավասուների ինքնակամ բարի կամքով, այլ... Հայաստանի նախագահի անձնական միջամտությունից հետո: Հիմա ոնց անեն բոլորը, որ անձամբ հասնեն Հայաստանի նախագահին ու իրենց հարցերը լուծեն: Թե վերջապես մերոնք կսովորեն աշխատել առանց «կենտրոնից» ցուցումների եւ համակարգ գործի կգցեն: Թե չէ նախագահին կամաց-կամաց դարձնում ենք...ԺԷԿ-ի պետ, ու բոլոր հարցերը անձամբ ուղղում նրան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4