Այն, ինչ օրերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների միջնորդությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էր հայտնել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարների մոտակա հանդիպման մասին, փաստացի հաստատվում է: Ըստ այդմ, հոկտեմբերի 27-ին Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Փարիզում:
Օգոստոսի 31-ին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնված Ռամիլ Սաֆարովի դեպքից ու դրան հաջորդած գնահատականներից հետո այս հանդիպումն առանձնակի ոչ մի հույս ներշնչել չի կարող, ավելին, հայկական կողմի վերջերս հնչեցրած չոր ու խիստ քննադատական խոսքերը Բաքվի ուղղությամբ հանդիպման դրական ելքի որեւէ հիմք չեն տալիս:
Հիշեցնենք, որ կոշտ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին արվել էին ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից` ընդհանրական առումով մնալով այն արձագանքների համատեքստում, որ առաջացավ մարդասպանին Հունգարիայից Ադրբեջանի գնելուց հետո:
Վ. Պ.