Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի իրավական խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու հայերի ինքնորոշման իրավունքը, որոնք իրենց ճնշումներ գործադրող Ադրբեջանից անկախ են հռչակել 20 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:
Փաստաթուղթը նախ ընդգծում է, որ 2012-ը շեշտվում է որպես «ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյա հոբելյանի տարի` ի գիտություն ընդունելով ինքնորոշման իրավունքի ու ազատ եւ ժողովրդավարական հասարակությունում մարդու հիմնարար իրավունքների կարեւորությունը»: Փաստաթղթի համաձայն, վերը նշված ավստրալիական խորհուրդը .ճանաչում է մարդկանց, այդ թվում` ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը»:
Փաստաթուղթն ընդգծում է ԼՂ ջանքերը` ուղղված «ազատ ու ժողովրդավար հասարակություն ստեղծելուն` խորհրդարանական ընտրությունների միջոցով եւ շարունակելով պատասխանատու կառավարություն ձեւավորելու ջանքերը»: Առավել էական է, որ փաստաթուղթն աջակցություն ու նաեւ խրախուսանք է հայտնում ԼՂ ներգրավմանը միջազգային հանրության մեջ` հասնելու խաղաղություն ու կայունություն հաստատելու համար տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
Բանաձեւը սեփական կառավարությանը կոչ է անում «պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂ-ի ու նրա բնակիչների հետ»:
Այս փաստաթուղթը, փաստացի, թեեւ ոչ պետության կամ պետության ամբողջական որեւէ ինստիտուտի ընդունած, սակայն ճանաչում է, որը կարող է նպաստել այդօրինակ բանաձեւերի ընդունմանը այլ երկրներում` ի պաշտպանություն կամ ի ճանաչում Լեռնային Ղարաբաղի:
Վ. Պ.