ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարության նիստը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց նախորդ օրը հրապարակված Doing business-ի ցուցանիշներին անդրադառնալով: Նա կարեւոր համարեց, որ 184 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 32-րդ տեղում, դա համարելով բավականին լուրջ առաջընթաց, բայց ընդգծեց, որ դեռեւս շատ անելիքներ ունենք: Առաջինըՙ ծառայությունները փոքր եւ միջին բիզնեսինՙ ջուր, գազամատակարարում, աղբահեռացում, էլեկտրաէներգիա, որտեղ էական փոփոխություններ են կատարվել ծախսատարությունը կրճատելու համար, բայց դեռեւս ցածր տեղերում ենք:
Երկրորդ խնդիրն, ըստ վարչապետի, վերաբերում է մաքսազերծման գործընթացինՙ արտաքին առեւտրին, Հայաստանից ապրանքների արտահանումը մինչեւ առաջին նավահանգիստ բոլոր ծախսերին: Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապրանքներ արտահանելիս պահանջվող տեղեկանքների քանակով դեռեւս զիջում ենք մեր հարեւաններին: «Անհրաժեշտ է վերացնել տարբեր տիպի փաստաթղթերի պահանջը, որ դեռեւս օրենսդրորեն կամ ոչ օրենսդրորեն պահանջում ենք, որովհետեւ նորմատիվային դաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերը չպետք է գերազանցեն հինգը, բայց հաշվետվության մեջ նշված է, որ ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում», նշեց Տիգրան Սարգսյանը:
Հաջորդը ապրանքը մինչեւ Փոթի հասցնելու խնդիրն է, որ շատ թանկ է` պայմանավորված ոչ միայն Հայաստանի ներսում ծախսատարությամբ, այլեւ Վրաստանի տարածքով ապրանքները մինչեւ Փոթի հասցնելով: Մեկ կոնտեյների համար դա կազմում է 1800 դոլարից ավելի, ինչը էապես մեծացնում է բիզնեսով զբաղվելու դժվարությունը: Նշելով, որ հիշատակված 1800 դոլարից 300-350 դոլարը բրոքերների ծառայության գինն է, վարչապետը Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ուսումնասիրել, թե արդյոք միջազգային գների համեմատ այդ գինը խելամի՞տ է եւ կարելի՞ է նվազեցնել:
Հաջորդ խնդիրը վերաբերում է արդարադատության ոլորտին: Բիզնեսի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական վեճերը տեւում են մեկ տարուց ավելի: «Սա շատ ցածր ցուցանիշ է», շեշտեց Տիգրան Սարգսյանը:
«Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի մտնել առաջին քսանյակի, եթե ոչ տասնյակի մեջ: Իսկ դա նշանակում է, որ իմ թվարկած ոլորտներում արմատական փոփոխություններ պետք է իրականացնենք, եւ ցանկալի է հնարավորինս շուտ», ասաց վարչապետըՙ հանձնարարելով Էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, պետական եկամուտների կոմիտեին, արդարադատության նախարարությանը մինչեւ նոյեմբերի 15-ը ներկայացնել Doing business-ի միջոցառումների նոր ծրագիր, որոնք հաշվի կառնեն նրա թվարկած ոլորտներում էական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Doing business 13-ի ցուցանիշների մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ փոխնախարար Կարինե Մինասյանը : Նրանք նշեցին, որ առաջընթացն ավելին էր, քան սպասվում էր, որ այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է Արեւմտյան Եվրոպայի երկրների շարքում` առաջ անցնելով Բելգիայից եւ զիջելով Նիդեռլանդներին: Սակայն էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հետեւողական աշխատանք է անհրաժեշտ գործարար եւ ներդրումային միջավայրի հետագա բարելավման համար: