«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԻ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ

Ոչ էլ կհաստատվի, քանի դեռ Արեւմուտքը հետամուտ է երկիրը հյուծելու քաղաքականությանը

«Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում, անդրադառնալով Լիբանանի հակահետախուզության պետ Ուիսամ ալ Հասսանի սպանությանը Բեյրութի քրիստոնեական թաղամասում, նշել էինք, որ սպանությունը ձեռնտու է նրանց, ովքեր սպանության համար մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:

Ինչ առումով: Այն, որ շիա-սուննի բեւեռացումը սրելու միջոցով միջդավանանքային պատերազմի մեջ ներքաշվի Լիբանանը, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել «Հզբոլլահը» ու «Ամալ» շարժումը, որոնք ի տարբերություն սպանված գեներալի շիա են, ինչպես նաեւ այդ պատերազմը «հակամարտությունը տվյալ քաղաքականության ներսում» հրահրելու այսպես կոչված տեսության համապատասխան` ծավալվի տարածաշրջանում:

Ի դեպ, հակաիրաքյան երկրորդ պատերազմի ավարտին Վաշինգտոնն ընդդեմ Իրանի, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սուննիական առանցք էր ստեղծում տարածաշրջանումՙ ներառելով դրա մեջ Եգիպտոսին ու Թուրքիային: Շիա-սուննի հակամարտությունն արդեն սկզբնավորված էր Իրաքում ու Բահրեյնում, «Արաբական գարնան» ազդեցությամբ սրվեց նաեւ Սիրիայում: Այս հակամարտությունը Լիբանանում եւս սրելու դեպքում կընդգծվի դրա տարածաշրջանային բնույթը, ինչը Վաշինգտոնի առջեւ կբացի հակամարտության մեջ այլ երկրներին ներքաշելու եւ նրանց Իրանի գլխավորած շիաների առանցքին հակադրելու լայն հեռանկար:

«Հակամարտություն քաղաքակրթության ներսում» տեսության կիրառումը, ինչ խոսք, գեներալ Հասսանի սպանության հեռակա նպատակն էր: Ինչ վերաբերում է անմիջական նպատակին, դա էլ, ըստ ամենայնի, Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի թեկուզ Իդ ալ Ադհայի տոներին հաստատման կանխարգելումն է:

Լիբանանի հակահետախուզության պետն սպանվեց հոկտեմբերի 19-ին: Իսկ Սիրիայում կրակի դադարեցման նախաձեռնությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի ներկայացուցիչ Լախտար Բրահմին: Սպանության պահին վերջինն արդեն զինադադարի հարցը քննարկել էր Դամասկոսում նախագահ Ասադի վարչակարգի ու ընդդիմադիր տարբեր խմբավորումների հետ, ապա եւ Թեհրանում:

Մինչ Դամասկոսը զինադադարի պատրաստակամություն էր հայտնում, իսկ Թեհրանը ողջունում էր այդ նախաձեռնությունը, հանկարծ Լիբանանում սպանվում է Սիրիայում թիվ 1 թշնամու համարում ունեցող հակահետախուզության պետը: Սպանությունից հետո սիրիական ընդդիմությունը սկսում է զինադադարի հարցում հետ մղել, մինչդեռ համակերպվել էր կրակի դադարեցման մտքի հետ:

Ամենայն հավանականությամբ, սիրիական այսպես կոչված ընդդիմությանն ու «Ազատ Սիրիայի բանակի» մարդասպաններին հովանավորող միջազգային ուժերին խիստ մտահոգել էր Իդ ալ Ադհայի չորսօրյա տոներին Սիրիայում հաստատվող զինադադարը տոներից հետո երկարաձգելու հավանականությունը: Մանավանդ, որ Սիրիայում կրակի դադարեցման Բրահմիի նախաձեռնությունը, բացի Թեհրանից, աջակցություն էր գտել նաեւ Մոսկվայում ու Պեկինում: Այսինքնՙ հաստատման դեպքում նախաձեռնությանը Իրանի հետ մասնակից էին դառնում նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Դա ակնհայտ էր դարձնում Սիրիայի հարցում Արեւմուտքին հակադրվող Մոսկվայի, Պեկինի եւ Թեհրանի շահագրգռությունը:

Թերեւս այդ շահագրգռության արտահայտությունը պիտի համարվի սիրիական ընդդիմության հետ իրանական կողմի հոկտեմբերի 21-ի գաղտնի հանդիպումն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հաջորդ օրվա այցը Իրան:

Միջազգային լրատվամիջոցները երեկ միահամուռ հաղորդեցին զինադադարին նախագահ Ասադի վարչակարգի ոչ դրական մոտեցման, իսկ թուրքականըՙ սահմանի սիրիական հատվածում ապստամբների հետ կառավարական զորքերի թեժ բախումների մասին: Սա նշանակում է, որ Արեւմուտքին հարող ուժերը Լիբանանի հակահետախուզության պետի սպանությունից հետո փորձում են հիմա էլ նախագահ Ասադի վրա բարդել կրակի դադարեցման Բրահմիի նախաձեռնության ձախողումը:

Մինչդեռ ե՛ւ սիրիական ընդդիմության, ե՛ւ «Ազատ Սիրիայի բանակի» մասնատվածությունը հայտնի էր, ապարդյուն էին անցնում սրանց միավորելու Արեւմուտքի ջանքերը, ավելինՙ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, ինչպես նշում է «Դունյա բուլթենի» կայքէջը, միանշանակ հայտարարել էր. «Սիրիան զինադադարի հարցում պատրաստակամություն հայտնեց: Սակայն սիրիական ընդդիմադիր խմբավորումների մեծամասնությունը, որը ոչ մի կերպ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, նշեց, որ պատրաստ չի զինադադարին: Առանձին խմբավորումներն էլ դեմ դուրս եկան: Նրանց մոտեցումը ակնհայտ ցույց է տալիս, թե Սիրիայում ովքեր են կացնահարում բռնությունների դադարեցումը»:

Ինչո՞ւ կացնահարել զինադադարը: Պատասխանն ակնհայտ է: Եթե չի հաջողվում տապալել նախագահ Ասադին, ապա գոնե «ընդդիմության» միջոցով կաթվածահար անել նրա վարչակարգին, հյուծել երկիրը: Հավանաբար դա է Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու Արեւմուտքի դեղատոմսը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4