«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ԿՐԿԻՆ ՀԵՌԱՎՈՐ, ԲԱՅՑ ՄՏԵՐԻՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս վերլուծականը գրելու առիթը վերջին օրերին Հայաստան-Ղազախստան հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին առնչվող աշխույժ քննարկումներն են տարածաշրջանային եւ միջազգային բարդ, երբեմն մտահոգիչ համապատկերում: Մեր հասկանալի անհանգստություններից մեկը Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ ձեւավորված Թյուրքական խորհուրդն է: Ավելի ճիշտ, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ այն հայերի եւ Հայաստանի դեմ թշնամության գործիք դարձնելու անհանգստությունը: Բայց Ղազախստանը ԱՊՀ եւ ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է եւ մեր ռազմաքաղաքական դաշնակիցը: Ընդ որում իր պարտականությունները եւ վերաբերմունքը մեր պետության նկատմամբ բծախնդրորեն հղկած եւ լավ տրամադրված դաշնակիցը: Փորձենք ստորեւ միասին մտածել մեր փոխհարաբերությունների, իրատեսական սպասելիքների եւ համագործակցության գծագրվող ուղղությունների շուրջը, որոնք հնարավոր են քաղաքական եւ աշխարհայացքային ավելի խոշոր մոտեցումների ծիրում:

Ղազախստանում սիրում եւ հարգում են հայերին

Պաշտոնական տվյալներովՙ այսօրվա Ղազախստանում ապրում է ավելի քան երեսուն հազար հայ: Ոչ պաշտոնական տվյալներովՙ հայերի թիվը շատ ավելի է: Ղազախստանի անկախության քսան տարիների ընթացքում հայերի թիվը ավելացել է առնվազն յոթ անգամ, եւ այսօր հայերն այդ երկրի լիարժեք քաղաքացիներն են, որոնք միանշանակորեն օգտվում են ժամանակակից ղազախական հասարակության մեջ տիրող ազգամիջյան ներդաշնակության բարեբեր պտուղներից: Մենք գիտենք, որ Ղազախստանի տասներկու քաղաքներում գործում են հայկական համայնքային, մշակութային կենտրոններ, իսկ Ալմաթիում օծվել է հայկական եկեղեցի: Աստանայի հայերը մտածում են մայրաքաղաքում նույնպես եկեղեցի կառուցելու մասին: Ղազախստանի հայտնի հայերի անունները տարբեր առիթներով հիշվում են ամեն անգամ, երբ պետք է ցույց տալ մյուս ազգերի ներկայացուցիչների հաջողությունները նորանկախ Ղազախստանում: Ղազախստանի պատմության ամենահայտնի հայը Խորհրդային Ղազախստանի կոմունիստական ղեկավար Լեւոն Միրզոյանն է եղել: Պետական գործիչ, որի անունով փողոցներ են կոչվել ղազախական քաղաքներում ու դպրոցներ անվանակոչվել: Հայ մարդ, որի անգնահատելի ավանդը ղազախական գիտության, մշակույթի եւ արվեստի մեջ երախտագիտությամբ է հիշվում մինչեւ հիմա: Մարդ, որին ստալինյան ռեպրեսիաների տարիներին գնդակահարել են իբրեւ «ղազախ նացիոնալիստի»: Լեւոն Միրզոյանի մասին հիշողությունները մեր իրականության մեջ միանշանակ չեն: Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, մինչեւ հիմա հիշում են, որ նա մեկն էր այն հայ կոմունիստներից, որոնք ավարտին հասցրեցին բոլշեւիկյան Կավբյուրոյի հայտնի որոշումը` Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին` կազմակերպելով խիստ ձեւական «հանրաքվե» արյունաքամ Արցախում: Մենք հիշում ենք, որ դրան հաջորդած ապստամբությունը դաժանորեն ճնշվեց խորհրդային բանակի կողմից: Բայց մեր ժողովուրդը հայազգի գործիչների գնահատականներում միշտ էլ ավելի խոր եւ իմաստուն է եղել: Եթե միանշանակորեն մերժենք այդ մարդկանց պատմական դերը, մանավանդ նրանց հետագա ծառայություններն այլ տեղերում, ապա պիտի մերժենք նաեւ Ալեքսանդր Մյասնիկյանի, Անաստաս Միկոյանի եւ շատ ուրիշների խաղացած դերը մեր պատմության մեջ: Բայց չէ՞ որ մեր ժողովրդի պատմական հիշողությունը կառուցված է ավելի զգայուն եւ խոր մոտեցումների վրա: Չէ՞ որ մեր պատմության անջնջելի կերպարներն են շատ նշանավոր հայեր, որոնք ապրելով աշխարհի տարբեր ծեգերում, զարմանահրաշ հաջողությունների են հասել ու անջնջելի հետք թողել շատ ժողովուրդների պատմական ճակատագրերում: Այդպիսին էր Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշան: Այդպիսին էր կայսերական Ռուսաստանի կառավարության նախագահ կոմս Լոռիս-Մելիքովը: Այդպիսին էր Բուլղարիայի թագավոր Սամուիլ Առյուծասիրտը: Այդպիսին էին Ռումինիայի հոսպոդարները (տիրակալները) հայկական Սերպեգա գերդաստանից: Էլ չենք խոսում Բյուզանդիայի հայազգի կայսրերի մասին, որոնց վերաբերմունքը բուն Հայաստանին եւ մեր եկեղեցուն նույնպես բարդ եւ, մեղմ ասած, ոչ միանշանակ գնահատական ունի: Բայց սա մեր պատմությունն է, եւ նրանք բոլորն այն հզոր հայերն են, որոնցով շատ երկրներում ճանաչել ու գնահատել են հայերին: Հիմա դառնանք Ղազախստանին: Լեւոն Միրզոյանի ծառայությունները Ղազախստանում իր կյանքի վերջին շրջանում այնքան հսկայական են եղել, որ բազմաթիվ ղազախներ մինչեւ այսօր իրենց երեխաներին հենց նրա պատվին Մըրզաջան են անվանակոչում: Հայերին այսօր Ղազախստանում լավ են վերաբերվում նաեւ այն պատճառով, որ նրանք Լեւոն Միրզոյանի ազգակիցներն են:

Հիմա վերադառնանք այսօրվա իրողություններին: Ղազախստանի բնակչության 60 տոկոսը ղազախներ են: Ղազախներն այսօր հաշվվում են ավելի քան տասը միլիոն: Տարբեր առիթներով ղազախական պետական վերնախավի ներկայացուցիչները նշում են, որ իրենց երկիրն աշխատուժի մեծ կարիք ունի, եւ նրանք շարունակելու են խրախուսել ներգաղթը: Հատկապես կա որակյալ աշխատուժի, բարձրորակ մասնագետների կարիք: Այնպես որ, ինչպես եւ Ռուսաստանը, Ղազախստանը եւս իր աճող կենսամակարդակով, տարեցտարի բարելավվող հասարակական ենթակառուցվածքներով, կրթության եւ գիտության որակով, ինչպես նաեւ հասարակական համաձայնությամբ եւ կրոնական հանդուրժողականությամբ շարունակելու է գրավել այնտեղ հաստատվել ցանկացողների հետաքրքրությունը: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ հայերը շարունակելու են հաստատվել Ղազախստանում եւ ղազախահայ համայնքը շարունակելու է մեծանալ: Սա էլ իր հերթին նշանակելու է, որ Ղազախստանը տեսանելի հեռանկարում լինելու է այն երկրների շարքում, որոնց հետ Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը ընդլայնվելու եւ խորանալու միտում է ունենալու:

Ղազախստանի հետ բարեկամության օգուտները

Ժամանակակից միջազգային հարաբերությունները կառուցված են ազգային-պետական շահերի համադրման վրա: Այդ շահերը համընկնելու դեպքում պետությունները համագործակցում են, իսկ գերակա շահերի ընդհանրության դեպքում ձեւավորվում են դաշինքներ եւ միություններ: Ղազախստանն իր տնտեսական զարգացման հեռանկարը եւ անվտանգության երաշխիքները տեսնում է հետխորհրդային եվրասիական տարածքում եւ այդ պատճառով էլ շատ աշխույժ դերակատարություն ունի ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում: Հենց այստեղ էլ մեր գերակա շահերը ամբողջովին համընկնում են: Վերջերս Հայաստանում անցած ՀԱՊԿ զորավարժությունները Հարավային Կովկասի նկատմամբ զանազան մութ ծրագրեր մոգոնողների համար զգաստության եւ լրջության կոչող ամենաազդեցիկ քայլն էին: Սրա մասին շատ է խոսվել, եւ չեմ կարծում, թե էլի մանրամասնելու կարիք կա: Մեր հասարակության մեջ քիչ չեն վերլուծաբանները, որոնց անհանգստացնում է Ղազախստանի ակտիվ մասնակցությունը Թյուրքական խորհրդին եւ Իսլամական համագործակցության կազմակերպությանը եւ սրա մասին անհրաժեշտ է խոսել ավելի մանրամասն: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Թուրքիան փորձեց ստանձնել թյուրքալեզու պետություններին իր շուրջը համախմբելու եւ իր գլխավորությամբ մի նոր բեւեռ ձեւավորելու դերը: Հետաքրքիր է, որ աշխարհում քիչ չէին նրանք, ովքեր խրախուսում էին Թուրքիայի այդ դերակատարությունը եւ միեւնույն ժամանակ հոռետեսորեն էին խոսում սլավոնների համախմբվելու հեռանկարի մասին` անվանելով դա Ռուսաստանի կայսերականությանը վերադառնալու ձգտում: Այնպես, կարծես Թուրքիան երբեւէ կայսրություն չէր եղել: Այս նոր Թյուրքական խորհրդի մեջ Ադրբեջանը անմիջապես ստանձնեց թուրք եղբորը ամեն ինչում աջակցողի դերը եւ անմիջապես էլ սկսեց դա ծառայեցնել Հայաստանը եւ հայերին վարկաբեկելու եւ սեւացնելու իր քաղաքական ծրագրին` նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ոչ թե խաղաղ ճանապարհով, փոխընդունելի համաձայնությամբ, այլ ամեն գնով ԼՂ-ն հետ ստանալ: Անցած քսան տարիների ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել: Աշխարհն այլեւս միաբեւեռ չէ: Աշխարհը բազմաբեւեռ է: Թուրքիայի հնարավորություններն էլՙ կլանել թյուրքական աշխարհը, գերագնահատված էին: Բայց ժամանակակից աշխարհում բոլորը ներդաշնակություն եւ բարեկամներ են փնտրում: Թյուրքական պետություններն էլ ցանկանում են սերտացնել միմյանց միջեւ հարաբերությունները` հիմնվելով լեզվական, կրոնական եւ մշակութային ընդհանրությունների վրա: Սա բնական է եւ սա պետք է հասկանալ: Բայց թյուրքական լեզուների ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին թուրք անվանելը մեծ մոլորություն է: Այս մասին արեւելագետները գիտեն շատ վաղուց: Դեռ 11-րդ դարի հայտնի հեղինակ Մահմուդ Կաշգարիի «Դիվանում» խոսվում էր թյուրքական ժողովուրդների էթնիկական, լեզվական բազմազանության եւ ուրույնության մասին: Վերջին քսան տարիների ընթացքում պետություն ունեցող թյուրքական ժողովուրդները մեծ քայլեր են արել իրենց անկախությունը ամրապնդելու ուղղությամբ: Մասնավորապես, օգտագործելով հսկա բնական հարստությունները, Ղազախստանը զարգացնում է իր ուրույն ազգային մշակույթը, լուրջ քայլեր անում ժամանակակից աշխարհի մասշտաբով կրթված եւ մրցունակ սերունդներ ունենալու ուղղությամբ: Հենց այս ոլորտներում Ղազախստանի ազդեցիկ հաջողություններն են հիմք տալիս եզրակացնելու, որ ղազախական ազգը բուռն ու հետեւողական զարգացման ճանապարհ է բռնել` միաժամանակ փնտրելով իր պատմական ակունքները եւ պատմության մեջ առաջին անգամ ինքը գրելով իր ազգի պատմությունը: Իմիջիայլոց, Ղազախստանում բացառիկ հետաքրքրություն կա մեր Մատենադարանում պահվող հայատառ ղպչաղերեն ձեռագրերի նկատմամբ, որովհետեւ նրանք ղպչաղներին համարում են իրենց նախնիները եւ, ինչպես ասացինք, վերեւում իրենց պատմության ակունքները փնտրում առնվազն 1000-1500 տարիներ առաջվա պատմական անցուդարձում: Եվս մի քանի խոսք համաթյուրքականության մասին: Ագրեսիվ համաթյուրքականությունը սպառնալիք է եղել մարդկությանը եւ դրա ամենավառ ապացույցը այդ գաղափարների հիման վրա Երիտթուրքերի կառավարության կողմից հայերի ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում: Երիտթուրքերն այն ժամանակ իրենց բնազդներով հայերին իբրեւ թշնամի գնահատեցին սեփական ծավալման ճանապարհին, եւ դա ավարտվեց հայ ժողովրդի արեւմտյան հատվածի բնաջնջմամբ: Անընդհատ հիշեցնելով այդ հայտնի ճշմարտությունները մեր օրերում` մենք պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ամենավառ ֆանտազիաներում չի կարող պատվար կամ արգելք լինել թյուրքական աշխարհի համախմբման դեմ: Սա այնքան ակնհայտ է, որ դեռ երեք տարի առաջ թուրքական գլխավոր շտաբը Հայաստանը հանեց արտաքին սպառնալիքների ցանկից: Այսօր Ռուսաստանում էլ սկսել են նորովի վերաիմաստավորել Լեւ Նիկոլայի Գումիլյովի հայտնի տեսությունը եվրասիական տարածքում ռուսականության եւ թյուրքականության մի յուրօրինակ համադրության եւ ներդաշնակության մասին: Ահա թե ինչու Ռուսաստանի միասնականությանն ու հզորացմանը խանգարող ազգամիջյան եւ միջկրոնական հակամարտություն թույլ չտալու մղումով անգամ այնտեղ շատ զգույշ եւ զուսպ են քննարկում այս թեմաները: Ավելացնեմ նաեւ, որ հենց Գումիլյովի վերոհիշյալ գաղափարներն են, որ մերօրյա Ղազախստանը դարձնում են Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների ռազմաքաղաքական դաշնակիցը` միաժամանակ համագործակցելով թյուրքական աշխարհի մյուս երկրների հետ: Այսպիսով, մեր գերխնդիրը այս բարդ խճանկարում ոչ թե եւս մեկ հակառակորդ ձեռք բերելն է, այլ բարեկամին բարձր գնահատելը եւ նրա հետ համագործակցության կապերն ամրապնդելը: Իմիջիայլոց, Ղազախստանի կեցվածքը իսլամական համերաշխության կազմակերպությունում մեզ համար նույնպես հարգանքի եւ ըմբռնման արժանի է: ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղին առնչվող ադրբեջանական բանաձեւի քննարկման եւ ընդունման դեպքում Ղազախստանն իրեն պահել է ոչ թե Ադրբեջանի պես, այլ ՄԱԿ-ում ամենաազդեցիկ ուժային կենտրոն պետությունների: Առանձնակի հարգանքի է արժանի Երեւանում Ղազախստանի դեսպանության դերը, որն անընդհատ նորանոր կամուրջներ է ստեղծում իր երկրի եւ Հայաստանի գիտնականների, վերլուծաբանների, ընդհանրապես մշակութային վերնախավերի ներկայացուցիչների համագործակցության համար:

Ամրապնդել բարեկամությունը, ոչ թե վնասել

Մեր քաղաքական համակարգը, հասարակական ընկալումները, կարծիքների եւ տեսակետների խայտաբղետությունը տարբերվում են ղազախական իրողություններից: Մեր երկրի ներսում մենք մտածում եւ խոսում ենք այնպես, ինչպես որ ենք եւ ինչի իրավունքը ձեռք ենք բերել քսանամյա անկախության ընթացքում: Բայց ուրիշների մասին դատողություններ անելիս հենվել մեր ներքաղաքական իրողությունների վրա եւ, ավելին, ուրիշներին չափել միայն մեր արշինովՙ բավական պարզունակ բան է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը կարգավորման գործընթացում ամենաընդունելի եւ դրական փաստաթղթերից մեկն է եղել: Ղազախստանի եւ Հայաստանի նախագահները միշտ էլ ունեցել են փոխադարձ հարգանքի, վստահության եւ բարյացակամության վրա կառուցված հարաբերություններ: Սրանք արժեքներ են, որոնք ամենուրեք եւ հատկապես Արեւելքում միշտ էլ բարձր են գնահատվում: Մեր հարաբերությունները Ղազախստանի հետ կառուցում ենք բոլորս, ամեն մեկս մեր տեղում: Վատ չէր լինի, որ բարեկամության այս շենքը կառուցելիս ամեն մեկը, անկախ պաշտոնից ու դիրքից, համակված լիներ այս մոտեցմամբ:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4