«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ԻՐԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸՙ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Այս դեպքում եւս կառուցապատողը չի կատարում իր պարտավորությունները

Երեւանիՙ հանրային գերակա շահ հայտարարված եւս մեկ տարածքի բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին: Խոսքը Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներիի մասին է: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում այն բանից, որ իրենց համար կառուցվող Ամիրյան 4 շենքի շինարարությունը պետք է ավարտվեր երեք ամսվա ընթացքում, բայց անցել է մեկ տարուց ավելի, «իսկ շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի, եւ մենք շարունակում ենք վարձով ապրել»: Նրանք նշում են նաեւ, որ չեն կատարվում իրենց եւ կառուցապատողի միջեւ կնքված հաշտության պայամանագրի կետերը:

«Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը եւ կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, ջրի եւ կոյուղու գծերը, եւ շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար: Այդ որ օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ», ասված է բնակիչների բաց նամակում:

Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22, 4/24 հասցեներում ապրող իրացման գոտու բնակիչները իրենց տարակուսանքն են հայտնում, որ չկա պետական մի մարմին, որ պարտավոր լինի հետեւել քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետի պահպանմանը: «Թե՞ լիակատար անտերություն է եւ պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր օլիգարխի քմահաճույքին», արդարացի հարցադրում են բարձրացնում նրանք:

«Մեծարգո՛ Պարոն Նախագահ, խնդրում ենք միջամտել ու վերականգնել օրինականությունը եւ արդարությունը», այս տողերով է ավարտվում այս տարածքի բնակիչների բաց նամակը:

Մեր կողմից ավելացնենք, որ նման կամ գրեթե նման վիճակում են հայտնվել Երեւանի իրացման գոտի հայտարարված մյուս տարածքների բնակիչները: Նրանք ասես բնակվում են աղետի գոտում, քանի որ նրանց մի մասը զրկվել է բնակարանից, որովհետեւ կառուցապատողները չեն կատարում այդ մարդկանց նոր բնակարան հատկացնելու պայմանագրային պարտավորությունները, իսկ մյուսներն էլ չեն կարողանում ազատորեն տիրապետել իրենց գույքը, քանի որ դարձյալ կառուցապատողները չեն կատարում նրանց բնակարանային կամ գումարային փոխհատուցում տրամադրելու իրենց պարտավորությունը, իսկ պետությունը երկու դեպքերում էլ չի պարտադրում վերջիններիս կատարել իրենց պարտավորությունները կամ հրաժարվել այդ տարածքների ձեռք բերման եւ կառուցապատման իրավունքից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4