«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՔՆԵՐՈՒՄ ԿԵՂԾԻՔ Է ՏԵՍՆՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ...

Վերջին մի քանի ամիսների ամենաշատ քննարկված թեման ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի անցկացրած խորհրդակցություններն ու ելույթներն են: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած սուր քննադատությունից եւ դրան հաջորդած այցելություններից մի շարք գերատեսչություններ: Նախագահը շատ խիստ խոսեց ներկա իրավիճակի մասին եւ մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:

Սակայն, ինչպես պարզվում է, բոլորը չէ, որ հավատում են այս ամենի անկեղծությանը: ԶԼՄ-ները եւ շարքային քաղաքացիները միայն մեկ բան են ասումՙ նախընտրական PR: Փորձենք հասկանալ իրո՞ք այդպես է:

Ժողովրդի հիմնական շեշտադրումն այն է, որ արդյոք Սերժ Սարգսյանը իր ղեկավարման 4 տարիների ընթացքում չէ՞ր մտածել երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների մասին, չէ՞ր տեսնում դրանք կամ տեղյակ չէ՞ր եւ միայն հիմա է այդ մասին բարձրաձայնում: Ինչ-որ առումով սա ճիշտ է: Բայց եկենք հիշենք, թե ինչ էին անում երկրի նախկին նախագահներն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ: Եթե խոր մտածենք` լավ է, որ Սերժ Սարգսյանը բավարարվում է ընդամենը պաշտոնանկություններով եւ խիստ քննադատություններով, այլ ոչ թե մարդկանց սպանելով, բռնի ուժով բերանները փակելով եւ այլ ոչ սահմանադրական գործողություններով: Ըստ իս` նախագահը փորձում է ժողովրդի վստահությունը ձեռք բերել եւ ապացուցել, որ իր խոստումը գործ է: Նա արդեն կորցրել է մի մեծ ուժ` ԲՀԿ-ն: Չնայած ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել կոալիցիայից դուրս գալու մասին եւ դե յուրե մնում է կոալիցիայի անդամ, բայց դե ֆակտո նա այլընտրանքային ընդդիմություն է: Այդ իսկ պատճառով նախագահին պետք է ժողովուրդը: Նա չգնաց երկու նախկին նախագահների ճանապարհներով: Նա նորամուծություն մտցրեց: Նախագահը փորձում է երկիրը մաքրել երկար տարիներ այստեղ բուն դրած կրիմինալ դեմքերից, եւ կարծես դրանք մի թելով կապված են իրար հետ: Նա փորձում է նոր, մաքուր մարդկանց բերել երկրի ղեկավարություն: Օրինակները բազմաթիվ են:

Շատ շատերը չեն հավատում եւ ասում են, որ ընտրություններից հետո ամեն ինչ մոռացվելու է, ինչպես մյուս ընտրությունների դեպքում եղավ: Թույլ տվեք չհամաձայնել: Ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ժողովուրդը ուղղակի չի թողնի, որ խոստումները չկատարվեն, եւ այս իրավիճակը շարունակական է լինելու: Եթե իշխանությունները ընտրություններից հետո փորձեն մոռացության մատնել իրենց խոստումները, ժողովուրդը կընդվզի: Մարդիկ նորից դուրս կգան փողոց: Դուրս կգան փողոց այնպես, ինչպես արեցին Մաշտոցի այգու հետ կապված իրավիճակում, ինչպես արեցին Փակ շուկայի դեպքում, եւ այլն, եւ այլն: Նրանք ուղղակի կստիպեն գործել:

Քանի որ սա նորամուծություն է, այդ իսկ պատճառով շատերը չեն ուզում հավատալ: Այս դեպքից առաջ չի եղել որեւէ նախադեպ, որ երկրի առաջին դեմքը բացեիբաց խոսի երկրի խնդիրների, կաշառակեր ու ստոր պաշտոնյաների եւ արվելիք քայլերի մասին: Չի եղել, որ մարդիկ ինչ-որ խնդրի համար դուրս գան փողոց եւ լուծում գտնեն: Չի եղել, որ ընդդիմությունը կարողանա Ազգային ժողովում մանդատ եւ հանձնաժողովի նախագահի աթոռ ստանալ: Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում էլ կարող են լինել նախորդներից շատ ավելի արդար եւ ժողովրդավարական ընտրություններ: Ճիշտ է, եղան թերություններ, բայց եթե համեմատենք մնացած ընտրությունների հետ, այս մեկը ուղղակի հրաշալի էր: Դա նաեւ արձանագրեցին արտասահմանից եկած դիտորդները:

Այս առումով նախագահի ելույթները վստահություն են ներշնչում: Կարելի է հավատալ, որ նա փորձում է մաքրել երկիրը: Բայց դա հեշտ գործ չէ, քանի որ կան «100 տարվա գելեր», որոնց յուրովի մոտեցում է պետք ցուցաբերել: Համենայն դեպս, վերջին ամիսներին կատարվում են նախագահի հրամանները, թե ինչ կլինի ապագայումՙ կտեսնենք ընտրություններից հետո:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4