«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ մեր երկրում առկա աշխատուժի պակասի խնդրին: «Այսինքն, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ: Այս խնդիրը մեր առջեւ սրությամբ դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Երկու օր առաջ անցկացրինք խորհրդի նիստ. ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսներ: Ոլորտը տարեկան աճում է 15-20 տոկոսով, ձեռնարկությունների քանակն արդեն կազմում է 300», ասաց նա, տեղեկացնելով, որ էապես ավելացվելու է համալսարաններում այդ բնագավառի պետական պատվերը: «Քիմիական արդյունաբերությունում, քաղաքապետարանում եւս նմանատիպ խնդիրներ են դրվում մեր առջեւ, որ աշխատուժի պահանջարկ կա եւ մենք չենք կարողանում բավարարել այդ պահանջարկը: Այս խնդիրը բոլորիս պետք է մտահոգի եւ մեզ համար դառնա առաջնային լուծում պահանջող խնդիրներից», ավելացրեց վարչապետը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը տեղակացրեց, որ մոտ 150 տարբեր պրոֆիլի մասնագետների կարիք կա Վանաձորի քիմպրոմի թողարկման հետ կապված: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներումՙ տրանսպորտի, կապի, կանաչապատման, սանմաքրման, մոտ 300 աշխատողի պահանջի մասին` հիմնականում վարորդների, կանաչապատման եւ սանմաքրման աշխատողների: «Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ, եւ այդտեղ մենք խնդիրներ ունենք», ասաց քաղաքապետը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ համարեց, որ այս հարցով էկոնոմիկայի նախարարությունն իրականացնի վերլուծական աշխատանքներ եւ առաջարկություններ ներկայացնի: «Խոսքն այն մասին է, որ մենք պետք է մեր երկրում բարձրացնենք աշխատանքի արտադրողականությունը, որը պետք է զուգակցվի աշխատավարձերի բարձրացումով», ասաց նա:

Նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ աշխատաշուկայի օպտիմալացման խնդիրներ կան, քանի որ վարձատրության մակարդակը հաճախ չի բավարարում մարդկանց: Նրա կարծիքով, այս խնդրի լուծումը որոշակի ժամանակ է պահանջում:

Որտե՞ղ դիմեն, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հարցին պատասխանելով, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այս ոլորտի մասնագետներն աշխատանքի համար կարող են դիմել էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4