Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի 2013-ից ներդրման հետ կապված, կառավարությունը երեկ որոշում ընդունեց հարկ վճարողների համար նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել: Փոխհատուցումն առնչվելու է այն տնտեսվարողներին, որոնք էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար կդիմեն մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը:
Կառավարության նիստի ավարտից հետո այս թեման լրագրողների համար մանրամասնեց պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը : Նա մասնավորապես հայտնեց, որ մինչեւ նոյեմբերի 30-ը դիմողների համար էլեկտրոնային ստորագրությունը կտրամադրվի անվճար եւ դրա համար սահմանված 3000 դրամը կվճարի կառավարությունը: Իսկ այն տնտեսվարողները, որոնք հաշվետվությունները հիմա ուղարկում են էլեկտրոնային եղանակով, անվճար կանցնեն նոր համակարգին:
Մեր հարցին, թե 2012-ի եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները նո՞ւյնպես պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները վերաբերելու են միայն եկամտային հարկին, որի վերաբերյալ պետք է ներկայացվեն ամենամսյա հաշվետվություններ: Մյուս հաշվետվությունները պետք է ներկայացվեն ներկայիս ձեւով:
Ա. Մ.